Սևանա լճի ավազանում ջրամբարի կառուցումը բնապահպանական մեծ ռիսկեր է պարունակում

Սևանա լճի ավազանում ջրամբարի կառուցումը բնապահպանական մեծ ռիսկեր է պարունակում

ԷկոԼուր

Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է Սևանա լճի ավազանում կառուցել Արգիճի և Աստղաձոր ջրաբարներ: Նախնական գնահատականների համաձայն` ջրամբարները պետք է ծառայեն 12 բնակավայրերի ոռոգման համար, ինչպես նաև նպաստեն էներգախնայողությանը. Սևանա լճից ոռոգման ջուր մղող 6 պոմպակայանի աշխատանք կդադարեցվի:

Ջրաբարների կյանքի կոչման համար ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Եթե ջրամբարը կապահովի ձկան տեղաշարժի, ձվադրման հետ կապված մինիմում քանակության ջուր, եթե կարողանանք ապահովել ձկնանցարաններ, բնական թողք ներքին հոսանքներում, ապա ես երկու ձեռքով կողմ եմ դրանց կառուցմանը: Ջրամբարների կառուցումը դրական է գյուղատնտեսության զարգացման համար»:

Ջրամբարների կառուցման մեջ բնապահպանական ռիսկեր է տեսնում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կենսաբանության և դրադասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը:

«Ջրամբարների կառուցման արդյունքում ջրի որակի ամբողջական փոփոխություն է լինելու, ջրամբարի ամբողջ ջուրը կգնա ոռոգման, և կկտրվի կապը Սևանա լճի և Արգիճի գետի վերին հոսանքների միջև, ինչը հղի է Սևանի ավազանում ձկնային պաշարների, Կարմիր գրքում գրանցված Սևանի կողակի, Սևանի բեղլուի և իշխանի 2 ենթատեսակների բազմացման հնարավորությունների կտրուկ նվազմամբ, հնարավոր է այդ հատվածում նրանց վերացման ռիսկը: Անողնաշարավորների և ջրային բույսերի ծավալները նույնպես կարող են կրճատվել»,- ասաց Սամվել Պիպոյանը:

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները կասկածում են, որ Աստղաձորում նախատեսվող ջրամբարը ջրով կլցվի: «Աստղաձոր գետը որպես այդպիսին գոյություն չունի: Այդ գետը կարող է լավագույն դեպքում ջուր տալ գարնանը, երբ ձնհալներ են լինում: Սակայն այն տեղում, որտեղ նախատեսվում է կառուցել ջրամբար, գետում այդքան ջուր չկա: Եթե կառուցվի ջրամբար, այն երևի կարող է ծառայել միայն Աստղաձոր և Զոլաքար համայնքներին»,- ասաց Աստղաձորի բնակիչ Վարդան Վարդանյանը:

Սևանի ավազանի գետերի սակավաջրության մասին փաստեց նաև Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ Վարդենիկ, Մարտունի, Աստղաձոր գետերը ընդհանրապես ցամաքում են, իսկ Արգիչի գետի ներքին հոսանքներում Սևանա լիճ են լցվում գրեթե միայն կոյուղաջրերը:

 

16:50 Փետրվար 08, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news