Կառավարությունն անընդունելի է համարում Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի լիցենզիաները չերկարաձգելը

Կառավարությունն անընդունելի է համարում Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի լիցենզիաները չերկարաձգելը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունն անընդունելի է համարում Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված եւ շահագործվող փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների գործողության ժամկետները չերկարաձգելը: Հակառակ դեպքում կառաջանան կատարված ներդրումների փոխհատուցման խնդիրներ: Այս մասին նշված է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջ­յա­նի ներկայացրած «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մա­սին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ:

Նշենք, որ պատգամավորը նոր օրինագծով առաջարկել է.

  • ձկների ձվադրման ընթացքում, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման ու զարգացման փուլում կասեցնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը՝ չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքին եւ ձկների ու ջրային այլ կենդանիների տեղաշարժին
  • արգելել անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումը, շահագործվող հիդրոէլեկտրակայաններին նոր լիցենզիաներ տալը
  • հանձնաժողովի կողմից ներկայացնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին ձկների ձվադրման ընթացքում հիդրոէլեկտրակայանների աշխատանքի կասեցման հաստատված ժամանակացույցը:

ՀՀ կառավարությունն այդ օրենքի նախագիծը ներկայացված տեսքով համարել է անընդունելի` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղղված կառավարության եզրակացության մեջ մասնավորապես գրելով. «...Հաշվի առնե­լով այն հանգամանքը, որ մանրաձկան ձևավորման և զարգացման փուլը կրկնվող, շարունակական պրոցես է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը փաստացի ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի:

Միաժամանակ ընդունելի է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սևանա լիճ թափ­վող գետերի վրա կառուցված այն հիդրոէլեկտրակայանների աշխատանքը, որոնք չեն իրակա­նաց­րել համապատասխան բնապահպանական միջոցառումներ` ձկնապաշտպան կառույցներ, ձկնուղիներ և այլն:

... Սևանա լճի ավազանում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումն ընդհանուր առմամբ ընդունելի է: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ազգային Ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-010-21.06.2012-ԳԲ-010/0), որով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել համանման լրացում:

…«է» կետի համաձայն՝ արգելվում է Սևանա լճի անմիջական ազդեցության գոտում շա­հա­գործվող ՀԷԿ-երին նոր լիցենզիաներ տալը: առաջարկության վերաբերյալ հայտնում ենք, որ «նոր լիցենզիաներ» արտահայտությունը հստակեցման կարիք ունի, քանի որ այն կարող է վե­րա­բերվել ոչ միայն լիցենզիայում ամրագրվող էլեկտրական էներգիայի արտադրության գոր­ծա­ռույ­թին, այլ նաև կայանների վերականգնման, վերազինման և այլ գործառույթներին:: Եթե այն վե­րաբերում է լիցենզիա ունեցող անձանց ՀԷԿ-երի կառուցման նոր լիցենզիաներ տրամա­դրե­լուն, ապա այդ սահմանափակումը նախորդ կետով կիրառելի է, իսկ եթե վերաբերում է տրա­մա­դրված լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգմանը, ապա այն ընդունելի չէ, քա­նի որ կհանգեցնի կատարված ներդրումների փոխհատուցման խնդիրների:

...օրենքով ամրագրված Սևա­նա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն ընդամենը փորձաքննություն իրականացնող, եզրակացություն կամ առաջարկություն ներկայացնող մարմին է և որևէ ժամա­նա­կացույց հաստատելու իրավասությամբ օժտվել չի կարող: Բացի դրանից, անտեսված է, որ.

1) համաձայն  «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Էներ­գե­­տիկայի բնագավառում գոր­ծու­նեության լիցենզիաների կասեցումը Հայաստանի Հանրա­պե­տության հանրային ծառայությունները կարգավորող հանձ­նա­ժո­ղովի լիազորությունն է,

2) շահագործվող ՀԷԿ-երի ձկնուղիների և ձկնապաշտպան այլ կառույցների աշխա­տան­քի ու ջրառի ռեժիմների նկատմամբ հսկողություն իրականացնելուն ուղղված համապատաս­խան գործառույթները վերապահված են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նա­խարարությանը՝ ինչպես ՓՀԷԿ-երի նախագծերի բնապահպանական փորձաքննության իրա­կանացման փուլում, այնպես էլ ջրօգտագործման թույլտվությունների ռեժիմների հսկո­ղության առումով»:

Նշենք, որ 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիա է տրվել Գեղարքունիքի մարզում կառուցված եւ էլեկտրաէներգիա արտադրող 11 ՓՀԷԿ-երի, որոնցից 6-ը կառուցված են գետերի վրա, 5-ը` ոռոգման համակարգերի: Տրված է նաեւ 6 լիցենզիա Սեւանա լիճ թափվող գետերի վրա  ՓՀԷԿ-եր կառուցելու համար:  Կարճաղբյուր գետի վրա «Գրիգոր Թադեւոսյան կվարց» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Անի» ՓՀԷԿ-ը, լիցենզիա է տրվել «Ռեյգալ»  ՍՊԸ-ին «Կարճաղբյուր» ՓՀԷԿ-1-ի, «Կարճաղբյուր» ՓՀԷԿ-2-ի կառուցման համար: Գետիկ գետի վրա «ԱՐԻՅՈ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Գետիկ-1» ՓՀԷԿ-ը, «ԷՐԻԿ» ՓՀԷԿ» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Էրիկ» ՓՀԷԿ-ը, եւ «ԷՐԻԿ» ՓՀԷԿ» ՍՊԸ-ի «ՎԱՀԱՆ» ՓՀԷԿ-ը կառուցված է Գետիկ գետի Կարատոպրակ վտակի վրա: Ավազան գետի վրա «Լուսակունք» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Ավազան» ՓՀԷԿ-ը: Մարտունի գետի վրա «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Մարտունի» ՓՀԷԿ-ը: Կառուցման լիցենզիա է տրված «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին Արգիճի գետի վրա «Արգիճի» ՓՀԷԿ-ի կառուցման համար, «Ջրասահք» ՍՊԸ-ին` Վարդենիս գետի վրա «Վարդենիկ» ՓՀԷԿ-ի կառուցման համար, «Լուսակունք» ՍՊԸ-ին` Այրք գետի վրա «Այրք ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար:

Ձորագյուղի ոռոգման ջրատարի վրա «ՍԵԿՏՈՐ ՔՎԱՆՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցված են «Ձորագյուղ-1», «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-երը:  Այրք գետից սնվող ոռոգման համակարգի վրա «Լուսակունք» ՍՊԸ-ի կողմից կառուցված են «Այրք ՀԷԿ-1», «Այրք ՀԷԿ-2» ՓՀԷԿ-երը, Լճավանի աղբյուրներից սնվող ոռոգման ջրագծի վրա «ԱՐՄԱՐՍՈՆ-ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցված է «Ծովակ»  ՓՀԷԿ-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի ընդունմանը ներկայացված է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կարգելվի Սեւանա լիճ թափվող գետերի վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցում, որպեսզի ձկները կարողանան գետերով բարձրանալ ձվադրավայրերձվադրելու: Սակայն այս օրենքը չի տարածվի արդեն իսկ գործող ՓՀԷԿ-երի համար եւ արդեն իսկ կառուցման լիցենզիա ստացած  ՓՀԷԿ-երի վրա:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Դեկտեմբեր 25, 2013 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր