Կ.Դանիելյան. Ջրի որակը թույլ չի տալիս, որ ասենք Սևանը մեր տարածաշրջանի խմելու ջրի ապագա կարևորագույն շտեմարանն է

Կ.Դանիելյան. Ջրի որակը թույլ չի տալիս, որ ասենք Սևանը մեր տարածաշրջանի խմելու ջրի ապագա կարևորագույն շտեմարանն է

Վահագն Սարոյան, Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպանության նակին նախարար Կարինե Դանիելյանի հետ:

-Ամառային հանգստի շրջանն արդեն սկսվել է: Սևանա լիճը որպես ռեկրեացիոն ռեսուրս ի՞նչ առնչություն ունի լճի հիմնախնդիրների հետ:

-Ռեկրեացիան պարտադիր երևույթ է, բայց եթե հաշվի առնենք ջրի որակը, լճի էկոլոգիական վիճակը, ռեկրեացիան իր բացասական ազդեցությունը կարող է թողնել լճի վրա, եթե չկան համապատասխան պայմաններ: Այդ պայմանները մեզանում լիարժեք չեն և այդ առումով, իհարկե, ռեկրեացիայի բացասական ազդեցությունը կա: Հաշվի առնելով նաև այն, որ ռեկրեացիայի մշակույթը մեզանում զարգացած չէ. մարդիկ իրենց հետևից չեն հավաքում աղբը, չնայած այնտեղ, որտեղ կազմակերպվում են այդ ռեկրեացիոն գոտիները պետք է, որ այդ բոլոր պայմաններն ապահովված լինեին, բայց շատ հաճախ տեսնում ենք, թե ինչքան է ափը աղտոտված:

-Սևանի հիմնախնդիրները խորացան հատկապես էներգետիկ ճգնաժամի ժամանակ: 1990-ականների կեսերից ի վեր սկսվեցին Սևանի հիմնախնդիրների լուծման ծրագրեր իրականացվել: Եթե մեկնարկի սկիզբ վերցնենք 95-96 թթ., երբ ըստ էության հաղթահարվեց էներգետիկ ճգնաժամը, ի՞նչ է փոխվել մինչ օրս, ինչն է վատը, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել:

-1995 թվականից հետո, երբ ատոմակայանը սկսեց աշխատել, պետք է, որ դադարեցվեր Սևանա լճի մակարդակի անկումը, բայց, ի զարմանս մեզ, Սևանի մակարդակի անկումը շարունակվել է մինչև 2001 թվականը: Թվերը կամ սխալ են, բայց դա քիչ հավանական է, կամ ուղղակի «ձախ էներգիա» է արտադրվել, դուրս է բերվել, որովհետև թվային տվյալները իրար չեն համապատասխանում, բայց Սևանի մակարդակը շարունակել է իջնել, և ամենացածր մակարդակը մենք ունեցել ենք 2001 թվականի վերջին 2002 թվականի սկզբին: Դա, իհարկե, զարմանալի երևույթ է: Իրավիճակը սկսվեց փոխվել «Սևանա լճի մասին» օրենքն ընդունելուց հետո, երբ, փաստորեն, երկրորդ անգամ ծրագիր մշակվեց Սևանա լճի վերաբերյալ: Առաջին ծրագիրը դեռ խորհրդային տարիներին էին մշակվել, որին 40 ինստիտուտ էին մասնակցել, և ապացուցել էին, որ առնվազն 6 մետրով պետք է բարձրացնել, ընդ որում դա մինչև 1904 մետրն էր, հետո ընդունվել է 1903,5: Եվ այժմ կլիմայի փոփոխության պայմաններում մենք պետք է նաև ինչ-որ մի պաշար ունենանք, որովհետև մենք չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում, և ալիքի ազդեցությունը ընդունվել էր մինչ 1908 մետր: Հետո, զարմանալիորեն, միայն նախագահի հրամանագրով, այդ 1908 մետրը իջավ մինչև 1905: Այսինքն Սևանին արգելվեց բարձր ալիք ունենալ: Բայց բոլոր դեպքերում, շատ լավ երևույթ է, որ հիմա կա Սևանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով:

-Լճի մակարդակն ակնհայտորեն բարձրացել է, որն իսկապես ուրախալի փաստ է, այսօր ինչ խնդիրներ են առաջացել դրա հետևանքով:

-Ամենալուրջ խնդիրը այս պահին ափերի ոչ պատշաճ նախապատրաստումն է լճի մակարդակի բարձրացմանը: Նախ, սկզբունքորեն, լիճը անպայման պետք է բարձրացվի, քանի որ այն իջել էր այն մակարդակի, որ լրիվ խախտվել էր նրա էկոլոգիական հավասարակշռությունը: Հատկապես լճի ներքևի` սառը շերտը /հիպոլիմնիոնը/ բարակել էր, որը կարգավորում է կարևոր գործընթացները` մասնավորապես ապահովում է այն նյութերի միներալիզացիան, որոնք մտնում են լիճ: Բացի դրանից, լճի մակարդակի իջեցման պատճառով, արևի ճառագայթները կարողանում էին հասնել մինչև ստորին հատվածները և ջրի ջերմաստիճանն էր բարձրանում, այդ բոլորն իրար հետ բերում էր լճի էֆտրոֆիկացման, այսինքն` ճահճացման:
Կարծում եմ, այսօր հստակ չենք կարող ասել, որ լճին ճահճացում չի սպառնում: Սակայն հունիսին արված ջրասույզ եղած ափերի մաքրման աշխատանքները, ինչպես նաև ջրի տակ հայտնված անտառի մաքրումը հույս ներշնչեցին, որ լճին ճահճացում չի սպառնում:

-1000-ից ավելի հեկտար անտառածածկ տարածքներ մնացին ջրի տակ, որը լճի ճահճացման ռիսկ է պարունակում: Մաքրման աշխատանքները տալի՞ս են արդյոք իրենց դրական արդյունքները:

-Դեռևս խորհրդային տարիներին ծրագիր էր մշակվել, և պարզ էր, որ այն արհեստական անտառը որ ստեղծվել էր պետք է մաքրվեր: Հետո քանի անգամ քննարկվել էր, գումարներ են տրամադրվել դրա համար: Ճիշտ է, օբյեկտիվ պատճառներ եղել են, որ լիճն ավելի արագ է բարձրացել, քան սպասվում էր: Մոտավորապես միջինում պետք է տարեկան բարձրանար 20-25 սմ, բայց եղել են տարիներ, որ լիճը բարձրանում էր 40-50 սմ. և այս առումով դժվար էր հասցնել այդ բարձրացման հետևից, բայց բոլոր դեպքերում ափերը պատշաճ չմաքրվեցին: Հանձնաժողովում մեծ քննարկում եղավ` նախարարությունը գտնում էր, որ կարևոր չէ, թե անտառը կմնա ջրի տակ, դա վնաս չի լճի համար, նաև ակադեմիական ինստիտուտի ներկայացուցիչն էր հայտարարում, որ դա լուրջ խնդիր չի լճի համար` օրգանական նյութը ժամանակի ընթացքում դանդաղ կլուծվի և հետագայում ձկան համար կարող է ծառայել որպես սննդային պաշար: Ես համոզված եմ, որ դա այդպես չի: Հանձնաժողովի նախագահը գտավ, որ անհրաժեշտ է մաքրել: Եվ հիմա այդ մաքրման աշխատանքները իրենց դրական արդյունքները տալիս են: Մենք շրջել ենք ափերով և տեսել ենք, որ զգալի մասը մաքրած է:

-Չե՞ք կարծում, որ ափամերձ տարածքներում կապիտալ շինությունների հարցում կան օրենսդրական թերություններ, մասնավորապես նախատեսված է, որ կապիտալ շինարարություն թույլատրվում է 6մ նիշից բարձր տարածքում, սակայն հստակ չի նշվում, թե այդ 6 մետրը ինչ սկզբնակետից է հաշվվում` լճի մակերեսի որ մակարդակից:

-Օրենքնում էլ նշվում 6 մետր նիշը բայց ավելի ճիշտ էր ֆիքսել 1904 մետրը, որը հետո փոխվեց 1903,5 մ: Եվ 1905-ից բարձր նոր կարելի է կապիտալ շինարարություն իրականացնել: Նախնականը 1908 մետր էր: Եվ այդ իջեցումը 1908-ից 1905 էկոլոգիական տեսանկյունից և անվտանգության տեսանկյունից սխալ էր: Բայց հիմա ուղղելը շատ դժվար է: Այն, որ կապիտալ շինարարությունը արգելված էր, դա դեռևս որոշվել էր 1970-1980 թվականներին, քանի որ այն ժամանակ պարզ էր, որ պետք է լիճը բարձրանա և կապիտալ շինարարություն չպետք է լինի: Այնուհետև արդեն Հայաստանի Հանրապետությունում, այդ որոշումը հաստատվել էր «Սևանա լճի մասին» օրենքով: Այսինքն` բոլոր այն շինությունները որոնք կառուցվել են 1980 թվականից հետո, դրանք անօրեն են: Հիմա դա խնդիր է, և այն քննարկվել է Սևանի հարցերով հանձնաժողովում, որտեղ խոսք եղավ, որ կան շինություններ որոնք օրինական են, քանի որ ունեն փաստաթղթեր: Այդ դեպքում, իմ կարծիքով, այդ փաստաթղթերն են անօրինական: Հիմա ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում, տեղափոխվում են, բավականին մեծ աշխատանք արվել է, բայց կան նաև շինություններ որոնք մնացել են ջրի տակ: Ճիշտն ասած, դա այդքան սարսափելի չեմ համարում, եթե դա անօրգանական նյութ է` քար է, այդպիսի վնաս լճին չպետք է տա, ինչքան որ օրգանական նյութը:

-Լճի հարակից համայնքներում կան պաշտոնպես գրանցված 27 աղբավայրեր, որոնք ըստ քաղաքաշինության նախարարության չեն համապատասխանում բնապահպանական և սանիտարական նորմերին, հանդիսանում են ջրերի, հողի և օդի ախտոտման աղբյուրներ: Ի՞նչ միջոցառումներ են տարվում այս խնդրի լուծման կապակցությամբ:

-Քաղաքաշինության նախարարությունը մանրամասն մշակել է Սևանի ավազանի համայնքների այդ թափոնների պահպանման, վնասազերծման, կարգավորման խնդիրը և նախատեսվել են միջհամայնքային պոլիգոններ հիմնել: Դա լճի պահպանման տեսանկյունից դրական երևույթ է, բայց համայնքները դժգոհում են, որ աղբահավաք մեքենաները պետք է ավելորդ վազք ունենան, որպեսզի այդ աղբը տեղափոխեն, և կասկածում են արդյոք այդ լուծումը շահավետ է, թե ոչ: Բայց քննարկման ընթացքում հարցը դրական է ընկալվել ու հաստատվել է հանձնաժողովի կողմից: Բացի այդ, լիճ են ներթափանցում մեծ ծավալով կույղաջրեր, նաև լիճ թափվող գետերի միջոցով: Ժամանակին պետք է շրջանակային կոլեկտոր կառուցվեր, սակայն հետո չշարունակվեցին այդ աշխատանքները և բացի դա ակադեմիական ինստիտուտը պնդում էր, որ սխալ նախագիծ է, որ Սևանից պետք չի ջուր դուրս բերել, Քաղսիում մաքրել: Ի վերջո այդ նախագիծը չիրականացավ, հիմա նոր կառավարությունը պայմանագիր ունի Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի հետ, որ պետք է նոր մաքրող կայաններ կառուցվեն, քանի որ հին մաքրող կայանները վերականգնել արդեն հնարավոր չէ, բայց ժամանակը իհարկե չի սպասում:

-Ամեն տարի նախատեված է, որ լճից ոռոգման նպատակով պետք է բաց թողնվի որոշակի քանակությամբ ջուր, օրենքով այն կազմում է տարեկան 360 մլն խմ: Որքանո՞վ է այս ծավալը ազդում լճի էկոլոգիական հավասարակշռության պահպանման վրա, և ինչքա՞ն պետք է լինի լճի մակարդակը, որ բնական մակարդակը չկորցնելու համար արհեստական միջամտություն չլինի:

-Կան մասնագետներ, սեյսմոլոգներ, որոնք ասում են, որ պարտավոր ենք վերականգնել լճի նախնական մակարդակը մինչև 1916մ. Ինչը շատ լավ կլիներ, սական դա շատ բարդ խնդիր է: Սակայն, ինչպես արդեն նշել եմ, համալիր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար, պետք է ունենանք առնվազն 1904 մակարդակը: Որովհետև մենք կլիմայական փոփոխության պայմաններում ենք ապրում և նախ մեզ պետք է ռեսուրս, որ երաշտի պայմաններում կարողանանք լճից ջուր բաց թողնել, այսինքն պետք է ավելի բարձր մակարդակ ունենանք, երկրորդ` մենք իրոք չգիտենք, կարող է պատահել մի այնպիսի գարուն կամ աշուն լինի, որ շատ տեղումներ լինեն, և լիճը սկսի բարձրանալ ու մենք ստիպված կլինենք իջեցնել, իսկ ճիշտ կլիներ, որ մենք պահեինք լճի մակարդակը:
Հաշվի առնելով կլիմայի տատանողական հնարավորությունները, ես կարծում եմ, որ մենք պետք է գոնե մեկ մետր էլ ավել ունենաք պաշար, որպեսզի երաշտային պայմաններում շատ ծանր վիճակում չհայտնվենք: Բայց սա սահմանափակում է այն քաղաքաշինական թույլտվությունները որոնք այսօր տրվում են:

-Խոսվում է ձկնապաշարի նվազման, նույնիսկ վերացման մասին, սակայն պետական ծրագրով վերջին մի քանի տարիների ընթացքում լիճ է բաց թողնվել իշխանի հազարավոր մանրաձկներ: Ինչ վիճակում է այսօր ձկնապաշարի ավելացման խնդիրը: Եվ եթե վերջին 2-3 տարիների ընթացքում մանրաձկների բաց թողումը դրական ազդեցություն է ունեցել, ապա քանի տարի է պահանջվում, որ մենք ունենանք իշխան ձկնատեսակը լճում ոչ մանրաձկան տեսքով:

-Բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ են ասել, թե ինչ կա, որ սիգը վերացել է, այն էնդեմիկ տեսակ չէր, բայց դա բոլորովին այդպես չէ. իշխանի, որոշ ենթատեսակների վերանալը շատ ավելի մեծ կորուստ է, բայց այս պահին սիգի վերանալը նաև էկոլոգիական նշանակություն ունի: Խնդիրն այն է, որ կան տրոֆիկ շղթաներ` ներքևը օրգանական նյութն է, հետո հաջորդում են տարբեր շերտեր ու վերևը ձուկն է, եթե ձուկը հանում ես այդ ամեն ինչը մնում է լճի մեջ և ճահճացումն ավելի է ակտիվանում: Փաստորեն մենք հասանք այն վիճակի, որ ձկնապաշարը հիսուն անգամ պակասեց, կարելի է ասել, որ լիճը ուղղակի դատարկվել էր: Եվ այս բոլորը միասին խիստ վտանգ է ներկայացնում լճի համար: Ձկնապաշարը դանդաղ է վերականգնվում: Անանուն զանգ եղավ Սևանից, որ մանրաձկների մեծ քանակություն է բաց թողնվում լիճ, սակայն մյուս օրը, քանի որ մանրաձուկը դեռ չի կարողանում լիճ գնալ, մնում է ափամերձ տարածքում, և քանի որ այդ մանրաձկները սովոր են, որ իրենց կերակրում են, ու այդ բնազդով կերակրելու ժամանակ նրանք հավաքվում են և այդ ընթացքում բոլոր այդ մանրաձկները որսում են ու տանում են լճից: Սա ուղղակի պետք է ճշտել: Բայց նաև չի բացառվում, քանի որ այդքան մանրաձուկ է բաց թողնվում, հիմա պետք է որ արդյունքը ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում է իշխան ձկնատեսակի ոչ մանրաձկան տեսքով ունենալուն, ապա այստեղ կարևոր է այն, որ ձուկը պետք է մեծանա այնքան, որ կարողանա վերարտադրվել ինքնուրույն և կարծում եմ մոտավորապես 5-6 տարի պետք է: Քանի որ ձվադրման ժամանակ իշխանը գետերում է ձվադրում, և շատ կարևոր է որ մարդիկ այդ ժամանակ չորսան: Այստեղ կարևոր է նաև լճի հարակից համայնքներում աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդկանց ապրուստը միայն այդ ձուկը չլինի: Առաջին հերթին չպետք է լինի գերորսը, գետերում ձվադրելը ձկան համար թակարդ չպետք է լինի: Այս պարագայում մենք ձկնապաշարի վերականգնում կունենանք:

-Սևանա լճի պահպանման, ինչես նաև այլ հիմնախնդիրներով զբաղվում է անմիջապես «Սևան» Ազգային պարկ ՊՈԱԿ-ը: Ինչ եք կարծում, ինչ խնդիրներ ունի այսօր ազգային պարկը:

-Կարծում եմ Ազգային պարկի լիազորություններն ու մեխանիզմները բավականին սահմանափակ են, որովհետև մենք չենք տեսնում այն մեծ դերակատարությունը, որ պետք է ազգային պարկն ունենար:

-Ափամերձ տարածքներում լողափերի շահագործումն այսօր նաև ունի գեղագիտական խնդիր: քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող տնակների ու կենցաղային պայմաններից շատ անգամ զուրկ կացարանների առկայությունը նաև վանող ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների համար: Արդյոք նախատեսվա՞ծ է, որ այդ տնակների փոխարեն լինեն հյուրանոցներ, իսկ լողափերը կատարեն իրենց ֆունկցիան, այլ ոչ թե օգտագործվեն տնակների տեղադրման համար: Ընդհանրապես համակարգված կառուցապատման խնդիր կա՞, թե ոչ:

-Հյուրանոցը արդեն գումարների հետ է կապված, բայց նույն տնակը կարող է նաև շատ գեղեցիկ լինել, ինչու չէ, նաև հրապուրիչ լինել: Սակայն տեսնելով այսօրվա պատկերը, կարծում եմ, որ այստեղ իշխանությունը անելիք ունի: Եթե մենք հավակնում ենք տուրիզմի երկիր լինել, բավական է ափամերձ ճանապարհով անցնել և այդ տնակները տեսնել ու միանգամից հիասթափվել: Ակնհայտ է, որ դրանք մանրուքներ են, բայց ազդեցությունը մեծ է: Համակարգված կառուցապատման խնդիր կա, սակայն համակարգված կառուցապատում մենք այսօր Երևանում էլ չունենք: Այստեղ փողի ուժն է խոսում, ով փողը տալիս է, նրա ցանկությամբ էլ կառուցում են:

-Սևանը նաև քաղցրահամ խմելու ջրի հսկայական պաշար է: Ջրի բարձրացմանը զուգահեռ առաջացած խնդիրները ինչ ազդեցություն են ունեցել ջրի բաղադրության փոփոխության վրա: Եվ արդյոք ջրի բաղադրության փոփոխությունը նույնպես նպաստել է լճի կենսաբազմազանության բացասական փոփոխության վրա: Ինչպես պետք է այս խնդիրը լուծվի:

Ե´վ ջրի բարձրացումը և´ իջեցումը սթրես է լճի համար: Իհարկե իջեցումը շատ ավելի մեծ սթրես է, քան բարձրացումը և այն փաստը, որ ափերը լավ չմաքրվեցին կանաչ տարածքներից, աղբից և այլն, իհարկե իր բացասական ազդեցությունը ունեցավ, բայց ըստ ստուգումների մեծամասամբ կենտրոնական հատվածներում ջրի որակը չի վատացել և դա հույս է ներշնչում: Սակայն առաջ, խորհրդային տարիներին, ասում էինք, որ Սևանա լիճը մեր տարածաշրջանի խմելու ջրի միակ ապագա շտեմարանն է, ես հիմա դա այլևս չեմ ասում, որովհետև ջրի որակը թույլ չի տալիս որ այդ միտքը արտահայտենք: Բայց եթե մենք իրոք բարձրացնենք մակարդակը գոնե մինչև 1903,5 մետր, չշարունակենք աղտոտել Սևանը և շարունակենք ափերի մաքրումը, ապա Սևանը ինքնամաքրման հզոր ներուժ ունի: Կարծում եմ, կգա այն ժամանակը, որ մենք նորից կասենք, որ լիճը խմելու ջրի շտեմարան է: Կենսաբազմազանության վրա ջրի իջեցումը խիստ բացասական ազդեցություն է ունենում: Բարձրացումը պետք է որ դրական ազդեցություն ունենա, բայց դա կենսաբազմազանության պահպանման բազմաթիվ գործոններից միայն մեկն է:

Հուլիս 26, 2011 at 13:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր