Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը

Բնապահպանական հանրային դատարանը կքննի «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին»  գործը

ԷկոԼուր

Սույն թվականի մայիսի 8-ին` ժամը 12:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ, «Կարին» սրահ) Բնապահպանական հանրային  դատարանը կքննի «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճին սպառնացող վտանգների մասին» գործը` ըստ «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիանա Ասոյանի դիմումի:

Պատասխանատու պետական մարմինները երկար տարիներ  հետևողականորեն խախտել են «Սևանա լճի մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» և «Շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքների դրույթները, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական և ազգային առաջնահերթություն համարվող Սևանա լիճը ներկայումս կրիտիկական վիճակում է: Հաճախակի են դարձել լճի ծաղկման և ափամերձ տարածքների ճահճացման երևույթները, էնդեմիկ և ներմուծված ձկնապաշարները խիստ նվազել են, վատթարացել են քաղցրահամ ջրի որակական հատկանիշները, Սևանա լճի և նրա ափամերձ տարածքների` որպես հանգստի և տուրիզմի գոտի օգտագործելու համար ստեղծվել է անբարենպաստ իրավիճակ:

Հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ նախկին կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Բնապահպանության տեսչական մարմնի, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

Բնապահպանական հանրային դատարանի դատավորներն են` էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ Սաթիկ Բադեյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

12:24 Մայիս 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news