Աստղաձոր համայնքի բնակիչները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու խնդրանքով

Աստղաձոր համայնքի բնակիչները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու խնդրանքով

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները 32 ստորագրությամբ դիմում-նամակ են ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ջրի նկատմամբ իրենց խախտված իրավունքը վերականգնելու խնդրանքով:

Բնակիչների նամակում նշված է.

«Հարգելի դատախազ,

տեղեկացնում ենք, որ դեռևս 1828-30-ական թթ-ից ի վեր հիմնադրվել է ներկայիս ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղը, որի հիմնադրման հիմնական պատճառներից մեկը հանդիսացել է Աստղաձոր գետը, որի ջրերը բնակչության կենսագործունեության համար էական նշանակություն են ունեցել և օգտագործվել են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման համար: Հետագայում Աստղաձոր գետից օգտվել է նաև Զոլաքար համայնքը:

Ժամանակի ընթացքում, կլիմայի փոփոխության հետևանքով, պակասել է գետի ջուրը, որն էլ ամբողջությամբ վերջին տարիներին՝«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ջրարբիացում) և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» («Գռան» և «Մեծձորի թմբան տակ» կոչվող չորս բնական աղբյուրներից՝ 23.1 լ. վրկ. ջրառ իրականացնելու համար ՀՀ բնապահպանության նախարարությունը 15.04.2016 թ-ին տվել է թիվ 000078 թույլտվությունը) ծրագրերի իրականացման արդյունքում տեղափոխվել է Զոլաքար համայնք: Այդ իսկ պատճառով Աստղաձոր համայնքը զրկվել է ջրից, ինչի հետևանքով էլ լուրջ խնդիրներ են ծագել երկուհամայնքների միջև:

Ծրագրերի նախագծման և իրականացման ընթացքում հաշվի չեն առնվել Աստղաձոր համայնքի շահերը և ոտնահարվել է ջրի նկատմամբ ունեցած ազգաբնակչության իրավունքները՝ չեն եղել քննարկումներ և հանրային լսումներ: Աստղաձոր գետից և ակունքներից Զոլաքար համայնքին տրամադրված ջրամատակարարման բոլոր թույլտվությունները կատարվել են օրենքների կոպիտ խախտումներով և Զոլաքար համայնքի կողմից տրամադրված սուտ տեղեկությունների հիման վրա: Չեն համապատասխանում նախնական գրությունները և պահանջը վերջնական արդյունքներիհետ:

Ելնելով հարցի կարևորությունից և հրատապությունից՝ հետագայում անցանկալի ու անկանխատեսելի հետևանքները կանխելու համար, խնդրում ենք Ձեզ քննություն իրականացնել՝ բացահայտելու այն բոլոր անօրինականություններն ու չարաշահումները, որոնք հնարավորություն կտան Աստղաձոր համայնքին վերադարձնելու սեփական ջուր»:

14:41 Նոյեմբեր 13, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news