Աստղաձոր գյուղի բողոքը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) ծրագրի դեմ, որը գյուղը թողել է առանց ջուր

Աստղաձոր գյուղի բողոքը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) ծրագրի դեմ, որը գյուղը թողել է առանց ջուր

ԷկոԼուր

ԷկոԼուրը ՀՀ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին (IFAD) և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ուղարկել Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի 40 բնակիչ բողոքը` ուղղված IFAD-ի վարկային միջոցներով իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» դեմ:

Աստղաձորի բնակիչների բողոքում նշված է.

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները պահանջում են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) աջակցությամբ իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային ծրագիրը ճանաչել հիմնադրամի քաղաքականությանն ու նպատակներին`մասնավորապես, հողի ջրի անվտանգ մատչելիության, տնտեսական և սոցիալական պլանում գյուղական համայնքների տրանսֆորմացիայի չհամապատասխանող և գենդերային հավասարությանն ու ընդգրկողականության քաղաքականությանն ու նպատակներին չհամապատասանող և պահանջում են IFAD-ի միջոցներով ջուրը վերադարձնել գյուղ:

Խնդիր: 2016թ-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) աջակցությամբ իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային ծրագրի (Republic of Armenia Infrastructure and Rural Finance Support Programme (IRFSP) Loan No. 2000000779 Grant No. 2000000780) շրջանակներում Աստղաձոր գետի ավազանի ջրերն ուղղվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղ: Արդյունքում Աստղաձոր գյուղի բնակիչները, որոնք նախկինում նույնպես օգտվում էին Աստղաձոր գետի ջրից, մնացին առանց ջուր: Ներկայումս գյուղն օգտագործում է հորերի ջուրը, որոնք հորատվել են խորհրդային տարիներին Հայաստանում ուրանային հումքի երկրաբանական ուսումնասիրությունների ժամանակ: IFAD-ը ծրագիրը գնահատեց որպես գոհացուցիչ (տես վերահսկման զեկույցը): Սակայն Աստղաձոր գյուղի խնդիրը, որն առաջացել է այդ ծրագրի իրականացման արդյունքում, վկայում է, որ ծրագիրը ոչ միայն չի աջակցել գյուղին, այլ հակառակը, խախտում է մարդկանց հիմնարար իրավունքները, կոռուպցիոն ռիսկեր, սոցիալական կոնֆլիտներ է կրում իր մեջ: Առանց ջուր մնացած բնակիչները 2017 թ-ի ամռանը` ոռոգման սեզոնին, բողոքի ակցիա անցկացրեցին` փակելով Երևան-Վարդենիս միջպետական ճանապարհը: Կոնֆլիկտում ներգրավվեց ոստիկանությունը, տեղական իշխանությունները:

Ծրագրի իրականացման գործընթացը: Ջրի վերաբաշխումը կատարվեց առանց Աստղաձոր գյուղի բնակիչների մասնակցության և առանց ծրագրի մասին նրանց կարծիքը հաշվի առնելու: Գյուղում չեն անցկացվել հանրային քննարկումներ, չեն գնահատվել ծրագրի ազդեցության ռիսկերը Աստղաձոր գյուղի բնակիչների սոցիալ-էկոլոգիական վիճակի վրա, և ծրագրի բացասական ազդեցությունն ի հայտ եկավ միայն ծրագրի իրականացումից հետո, երբ ծախսվել էին վարկային գումարները:

Ծրագրի հիմքում ընկած են հետևյալ փաստաթղթերը`ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվություն, ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած Զոլաքար գյուղում ջրի որակի ստուգման արդյունքներ (որտեղ ուղղվել է ջուրը) և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի դիմումը:

Դրա հետ մեկտեղ անտեսվել են փաստեր.

-ջրօգտագործման թույլտվության մեջ չկան տվյալներ ջրառի էական ստատուս քվոյի մասին, որի համաձայն` Աստղաձոր գյուղը նույնպես օգտվում է Աստղաձոր գետի ջրից

- հորերից ջրի սանիտարական ստուգումներն անցվկացվել են միայն Զոլաքար գյուղում, և ջրի վատ որակի մասին եզրակացությունը դարձել է ծրագրի հիմնավորումներից մեկը:

Սակայն ծրագրի իրականացման գրասենյակը ուշադրություն չի դարձրել, որ, Աստղաձոր գյուղից ջուրը տանելով, պետք է ունենար Աստղաձոր գյուղի հորերի ջրի որակի մասին ՀՀ առողջապահության նախարարության եզրակացությունը ևս, այլ ոչ միայն Զոլաքարինը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ երկու գյուղերում հորերը գտնվում են միևնույն երկրաբանական ֆորմացիայում, և գյուղերը տեղակայված են կողք կողքի:

- Ի օգուտ Զոլաքարի ջրի վերաբաշխման մասին Գեղարքունիքի մարզպետարանի դիմումում անտեսվել է այն փաստը, որ Աստղաձոր գյուղն ընդհանրապես մնում է առանց գետի ջրի: Չեն կազմակերպվել հանրային լսումներ, գյուղի բնակիչներն ընդհանրապես չեն տեղեկացվել ծրագրի մասին և իմացել են այդ մասին միայն այն բանից հետո, երբ ծրագիրն իրականացվել էր, և իրենք մնացել էին առանց ջուր:

Սոցիալական և էկոլոգիական իրավունքների խախտում:

Ջրի վերաբաշխման արդյունքում առաջացած ռիսկերն են`

• Աստղաձորցիների կողմից խմելու և ոռոգման համար օգտվող հորատանցքերի ջրերը կարող են վնասակար լինել առողջության համար
•Ոռոգման ջրի սակավություն
•Սոցիալական լարվածություն
•Անապատացման գործընթացների ակտիվացում

Ջրի վերաբաշխման արդյունքում խախտվել են հետևյալ «կանաչ» իրավունքները`

• ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- մարդիկ զրկվել են ջրից
• ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ ՋՐԻ, ՀՈՂԻ, ԸՆԴԵՐՔԻ, ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ-մարդիկ զրկվել են ջրից: ՀՀ Անկախության հռչակագիր, հոդված 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:
• ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- լավ որակի ջուրը փոխարինվել է վատ որակի ջրով:
• ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- մարդկանց ջրից զրկելու արդյունքում պատճառված վնասը չի փոխհատուցվել
• ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ-ջրի բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել
• ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽԱՏՈՒՄ- ջրի վերաբաշխումն իրականացվել է առանց աստղաձորցիների հետ որևէ քննարկում անցկացնելու և կարծիք հարցնելու
• ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- ջրի վերաբաշխումն իրականացվել է առանց աստղաձորցիներին տեղեկացնելու:

Պահանջ

Քանի որ ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձոր գյուղը մնացել է առանց ջուր, խախտվել են մարդկանց իրավունքները, խախտվել են IFAD-ի հիմնական նպատակները և սկզբունքները, պահանջում ենք Աստղաձոր գյուղի մասով ծրագիրը ճանաչել չգոհացնող և ֆինանսավորման հաշվին վերադարձնել ջուրը Աստղաձոր»:

 

19:08 Սեպտեմբեր 03, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news