ԷկոԼուր
Պետական ծրագրի իրականացման պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները (մոտ 3700 բնակիչ) արդեն 2 տարի մնացել են առանց ջուր, քանի որ այն վերաբաշխվել է և ուղղվել հարևան Զոլաքար գյուղ:
2016թ-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսավորմամբ իրականացված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» շրջանակներում Աստղաձոր գետավազանի ջրերը հատկացվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղին:
Բնակիչներն ակտիվ երկխոսության մեջ են մտել պատասխանատու նախարարությունների, գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմնի հետ, որոնք եզրակացություն և թույլտվություն են տվել ջրի վերաբաշխման ծրագրի համար, սակայն լուծում չեն ստացել, և գերատեսչությունները պատասխանատվության չեն կանչվել:
Աստղաձորի ակտիվիստ Արամայիս Ասատրյանը ջրի նկատմամբ խախտված իրավունքի հարցը բարձրացրեց «ԷկոԼուր» մամուլի ակումբում կայացած «կանաչ» իրավունքների պաշտպանությանը նվիրված քննարկման ժամանակ:
«2016 թ-ին առանց մեզ հետ խորհրդակցելու և առանց հասարակական լսումներ անցկացնելու, մեր պատգամավորներից մեկի միջամտությամբ որոշել են, որ Աստղաձոր գետի ջուրը տան միայն Զոլաքարին` չնայած որ մինչ այդ Աստղաձոր և Զոլաքար գյուղերը միասին էին օգտագործում այդ ջուրը», - պատմեց Արամայիս Ասատրյանը:
Նա նշեց, որ ջրի հարցով դիմել է տարբեր պաշտոնյաների, բայց խնդրին լուծում չի տրվել: «Ես մարզպետարանի հետ բանավեճ եմ ունեցել, ինձ ասացին` մենք չգիտեինք, որ այդպես է, ինչի ժամանակին չեն կասեցրել: Ասացին` ձեր գյուղից էլ է եղել թույլտվություն:
Ես նաև եղել եմ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականի մոտ, ով իմ ներկայությամբ զանգեց բնապահպանության նախարարություն, ասաց, եթե Աստղաձորն օգտվել է այդ ջրից, հիմա որ բնակիչները գան, մեզանից ջուր պահանջեն, ի՞նչ պատասխան ենք տալու», - ասաց Աստղաձորի բնակիչը:
Որպես լուծում ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկել է, որպեսզի Աստղաձորը հայտով դիմի նախարարություն «Գռան» և «Մեծ ձորի թմբան տակի» կոչվող չորս աղբյուրների ազատ հոսքից ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: Սակայն այդ աղբյուրներից նախարարության կողմից Զոլաքարին վարկյանում 23.1 լիտր ջրառի թույլտվություն տալուց հետո է առաջացել ջրի դեֆիցիտ: Եվ Աստղաձոր գյուղը չի կարող ստանալ պահանջած ջուրը:
Ջրի վերաբաշխման համար հիմք են հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության ուսումնասիրությունների արդյունքները` խմելու ջրի որակի մասին: «Ասում են, որ Զոլաքարի ջրի մեջ մանրէներ են եղել, դրա համար են ջուրն իրենց տվել, իսկ հիմա մեր ջրի մեջ որդեր կան», - ասաց Արամայիս Ասատրյանը: Նա ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության իրեն ուղղված պատասխանը, որում արդեն նշվում է, որ Զոլաքար և Աստղաձոր համայնքներում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել:
Խնդրի կարգավորման համար աստղաձորցիները պատրաստվում են դիմել ՀՀ նոր կառավարությանը:
Մայիս 21, 2018 at 18:37