ԷկոԼուր
«Վալլեքս» խմբի ընկերությունները միաժամանակ մի քանի հիշարժան օրեր նշեց: Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ հուլիսի 17-ին` քաղաքի օրը օրվա հետ միասին նշվեց Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի 240-ամյակը եւ հանքագործի ու մետալուրգի մասնագիտական տոնը: Այս մասին ասվում է ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամլո հաղորդագրությունում: Տոնի առթիվ Ալավերդու մշակույթի կենտրոնում բացվել է «Ալավերդին և ալավերդցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որն արտացոլում էր պղնձաձուլական գործարանի և քաղաքի պատմության հետաքրքիր դրվագները: Ցուցադրվել է նաև տարածաշրջանում պղնձագործության ձևավորմանն ու պատմական զարգացմանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը ներկաներին հղել է իր օրհնությունը և շնորհավորական խոսքը: Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, ով մասնավորապես նշել է, որ հանքագործի և մետալուրգի օրն ու պղնձաձուլական գործարանի հերթական հոբելյանը Ալավերդու օրվա հետ միասին նշելու հանգամանքը պատահականություն չէ: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նաև հրապարակել է Ալավերդու նոր պատվավոր քաղաքացիների անունները` ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյան, Հուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյան, խորհրդային տարիներին Ալավերդու քաղխորհրդի գործկոմի երկարամյա քարտուղար Ալբերտ Անանյան և աշխատանքի վետերան Սուրեն Վարոսյան:
Շնորհավորական խոսքով ներկաներին դիմելով` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը նշել է, որ անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից, գործել այնպես, որ տնտեսական համակարգը կայուն լինի ճգնաժամային իրադրությունների նկատմամբ, որպեսզի տնտեսական աճը լինի շարունակական: Ելույթ են ունեցել նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, «Վալլեքս» խմբի փոխնախագահներ Գագիկ Արզումանյանը և Արթուր Մկրտումյանը:
Տոնական հանդիսույթը շարունակվել է Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում կազմակերպված շքեղ համերգով` Ինգա և Անուշ Արշակյանների մասնակցությամբ:
Հուլիս 20, 2010
