«Մենք մեկ սանտիմետր հող հենց այնպես չենք տալու». Գեղամասարի փոխհամայնքապետ

«Մենք մեկ սանտիմետր հող հենց այնպես չենք տալու». Գեղամասարի փոխհամայնքապետ

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքը արցախաադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում գտնվել է անօդաչու թռչող սարքերի նշանառության տակ: Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի հայտարարության արդյունքում՝ համայնքի 18 գյուղերից 16-ը դարձել են սահմանամերձ: Գեղամասարի փոխհամայնքապետ Վարդան Մարգարյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց առաջացած նոր մարտահրավերների մասին:

Կորուստ կորստի հետևից

Գեղամասարի բնակիչները տուժել են պատերազմի առաջին օրից: «Մեզ մոտ բերքահավաք էր, բայց չէինք կարողանում բերքը հավաքել ինչպես հարկն է: Բնակելի տները վնասվել են ԱԹՍ-ների հարվածներից: Չէինք կարողանում աշխատուժ գտնել: Մարդիկ վախենում էին դաշտ դուրս գալ»,- ասաց Վարդան Մարգարյանը:

Գեղամասարը սահմանակից է Քարվաճառի շրջանին: 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Քարվաճառի շրջանը:

Հայաստան Քարվաճառի սահմանում բնակիչների ազատ տեղաշարժը կտրուկ սահմանափակվել է, նաև կրճատվել է այն ռեսուրսների և տարածքների օգտագործումը, որոնք հարակից էին Քարվաճառի հետ սահմանին: Առաջացել են բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ արոտավայրերի և մշակովի հողատարածքների, աշխատատեղերի կորուստ և այլն: «Հիմա կարծում եմ, նույնիսկ չեն տանի սահմանից 2 մ հեռավորության վրա անասուն պահելու, որովհետև դա անվտանգ չէ: Նախկինում հովիվն անասունին կարող էր ազատ թողնել, բայց հիմա մեկ րոպե ուշադրությունը թուլացնի, անասունը կանցնի Քարվաճառի տարածք ու կպատկանի հարևան ադրբեջանցիներին»,- նշեց Գեղամասարի համայնքապետի տեղակալ Վարդան Մարգարյանը: 

Սոթք գյուղի բնակիչ Սևակ Խաչատրյանն ԷկոԼուրի հետ զրույցում պատմեց, որ գյուղացին պատկերացում չունի, թե հայկական սահմանը որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում. «Նրա համար անորոշ է, թե անասունին որտեղ պահի: Բայց պետք է ղեկավարության կողմից ինչ-որ մեկը գյուղացու հետ խոսի, ասի՝ քո սահմանը այստեղ է սկսվում, այստեղ՝ վերջանում: Այսուհետ մեզ մոտ գյուղատնտեսությունը պոտենցիալ չունի: Պիտի դրան այլընտրանք ստեղծել»: 

Համայնքապետի տեղակալ Վարդան Մարգարյանի կարծիքով խնդիրը կարելի է կարգավորել հատուկ ցուցանակների տեղադրմամբ: Ըստ նրա՝ սահմանազատման աշխատանքների իրականացման ավարտից հետո բնակչության համար անհրաժեշտ կլինի սահմանից առնվազն 1 կմ հեռավորության վրա զգուշացնող նշաններ տեղադրել:

«Մեր իրական խնդիրները պարզ կդառնան գարնանը, երբ կսկսվեն գարնանացան աշխատանքները: Հիմա ո՞վ մեզ երաշխիք կտա, որ սահմանին, Սոթքի տարածքում կարող ենք մեր անասուններին հանգիստ արածեցնել կամ հող մշակել… Մարդիկ կային, որոնց ապրուստը գոյանում էր Սոթք-Քարվաճառ ճանապարհից՝ սննդի կետերում ու խանութներում, ավտոլվացման կետում ու բենզալցակայանում էին աշխատում: Հիմա այդ մարդկանց եկամուտները կրճատվել են 90%-ով»,- էկոԼուրի հետ զրույցում ասացին Սոթքի բնակիչները:  

Փախստականների խնդիրը Գեղամասարում

Արցախաադրբեջանական պատերազմի ընթացքում Արցախից Գեղամասար ժամանակավորապես բնակության է տեղափոխվել շուրջ 100 հոգի: Նրանց մի մասը պատերազմի ավարտից հետո վերադարձել է Արցախ: «Մարդիկ կային, որ այստեղ տուն են ունեցել, չեն վաճառել, գնացել են Քարվաճառ վերաբնակվել: Այս դեպքերից հետո արդեն այստեղ են մնացել։ Մենք ամեն ինչ գույքագրել ենք՝ ով ինչ խնդիր ունի։ Ընտանիք կա՝ վառելիքի խնդիր ունի, ընտանիք կա՝ տան, ընտանիք կա՝ անասնագոմի։ Փորձում ենք այդ բոլոր հարցերին մեր հնարավորությունների չափով լուծում տալ։ Կան կազմակերպություններ, որոնք սննդով օգնում են, աջակցում են մարդկանց»,- նշեց Վարդան Մարգարյանը։

Պատերազմի ավարտից հետո անասնապահության խնդիրն էլ ավելի սրվեց այն պատճառով, որ քարվաճառցիներն իրենց հետ բերել էին անասուններին, սակայն համայնքում ո՛չ անասնակեր կար, ո՛չ ազատ անասնագոմ: Ըստ նրա, արցախցիները ստիպված կենդանու արժեքի քսան տոկոսով, ի վնաս իրենց վաճառել են անասուններին:

Սոթքի ոսկու հանքավայրի հետագա ճակատագիրն անորոշ է

Ադրբեջանի հետ սահմանակցումը հայաստանյան խոշոր հանքերից մեկի՝ Սոթքի ոսկու հանքավայրի հետագա շահագործման հետ կապված անորոշ վիճակ ստեղծեց: Հանքավայրը տեղակայված է Հայաստանի և Քարվաճառի շրջանի սահմանում: 2020թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական զինվորականները ներխուժել էին հանքի տարածք և պահանջել աշխատակիցներից լքել տարածքը: Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվել են սահմանազատման աշխատանքներ GPS-ի կիրառմամբ։

«Հանքի հստակ տարածքները մեզ ցույց չեն տվել: Սպասողական վիճակում ենք, որ կգան, կասեն՝ այստեղից այնտեղ պատկանում է իրենց, իսկ այսքանն էլ մեզ է պատկանում։ Վերջնական հասկանանք մեր սահմանագիծը որտեղ է, իրենցը՝ որտեղ: 

Հանքավայրը շահագործող ընկերության հետ վարձակալության պայմանագիր ունենք: Բայց դա միայն Սոթք համայնքի վարչական տարածքի մասով է: Չունենք այնպիսի տարածք, որի հետ կապված պայմանագիր կա և այն մեր վարչական տարածքում չէ:

Մենք մեր հողի, մեր պայմանագրի տերն ենք և վստահ ենք, որ պայմանագրում խախտում չի կարող լինել, որովհետև մենք չենք անցել ինչ-որ մեկի հողը: Պայմանագիրը 144 հա-ի մասով է, իսկ դա հայկական հող է և պատկանում է Սոթքին: Մինչ օրս սպասում ենք՝ այս հարցի լուծումն ինչպես կտրվի»,- պարզաբանեց Վարդան Մարգարյանը: 

Ադրբեջանցիների՝ Սոթքի հանք մուտք գործելու օրվանից հանքավայրի աշխատանքները մասամբ դադարեցվել են: «Հանքահորից հումք չեն հանում, բայց հանած ունեցել են, աղացում աղում են, դա տանում են վերամշակման»,- նշեց փոխհամայնքապետը:  

«Մեր և ադրբեջանցիների միջև այս հարցով վեճ չի եղել, բայց եթե սկսի, թեկուզ մեկ սանտիմետր մեր վարչական տարածք մտնեն, վեճ կլինի: Չենք ուզում մտածել, որ ամեն ինչից վեճ կառաջանա: Ամեն ինչ փորձում ենք՝ ճիշտ արվի: Եթե այդ ճիշտնը ընդունելի կլինի հակառակորդի կողմից, փառք Աստծո, եթե ոչ՝ մենք մեկ սմ հող հենց այնպես չենք տալու իրենց ոչ մի պայմանով»,- ասաց Գեղամասարի փոխհամայնքապետը:

Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ մինչ պատերազմի սկսվելը հանդիպել էին հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարության հետ. «Սկսվեց պատերազմը: Չհասցրեցինք այդ գործընթացը մինչև վերջ տանել: Մտադիր էինք մասնագետների հրավիրել, ովքեր կներկայացնեին հանքի աշխատանքի շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու ճանապարհները: Երբ հանքը սկսի աշխատել, կրկին կհանդիպենք և կքննարկենք այդ ամենը»,- նշեց Սևակ Խաչատրյանը: Ըստ նրա՝ իրենց բնակավայրի սահմանամերձ դառնալու դեպքում առաջնահերթ է այնպիսի ծրագրեր իրականացնել, ինչը թույլ չի տա բնակիչներին լքել հայրենի բնակավայրը. «Ընդամենը 4-5 կմ է բաժանում մեզ սահմանից: Կարելի է այնպիսի ծրագրեր իրականացնել, որը գյուղացուն կպահի այստեղ, որովհետև այստեղից հետքայլ անելը նշանակում է թուլացնել զինվորի թիկունքը»,- նշեց նա: 

Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Գեղամասարի փոխհամայնքապետն ընդգծեց, որ զգոնությունն է մեծացել. «Արդեն եկել են, սահմանը դրել մեր դռան առաջ: Եթե այս ամենին ժամանակին ավելի լուրջ վերաբերվեինք, կարծում եմ՝ այս վիճակում չէինք հայտնվի։ Սա բոլորիս համար սթափեցնող է»։

 

Հունվար 15, 2021 at 13:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր