Քանաքեռ-Զեյթունում խմելու ջրի աղտոտված լինելու պատճառով մանկապարտեզները դադարեցրել են աշխատանքը

Քանաքեռ-Զեյթունում խմելու ջրի աղտոտված լինելու պատճառով մանկապարտեզները դադարեցրել են աշխատանքը

2021թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի մանկապարտեզների աշխատակիցները սաներին տուն են ուղարկել՝ ծնողներին ասելով, թե խմելու ջուրը թունավորված է: Այս մասին «ԷկոԼուրին» ահազանգեցին վարչական շրջանի բնակիչները:

Ջրի հնարավոր թունավորման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԷկոԼուրը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ: Նա հերքեց ջրի թունավոր լինելու հանգամանքը՝ նշելով, որ ջուրը լաբորատոր հետազոտության է ենթարկվել, և այն որակական տեսանկյունից մարդկանց առողջությանը որևէ վտանգ չի ներկայացնում: «Անհանգստանալու կարիք այս պահին չկա: Պարզապես նկատվել են ժանգի մասնիկներ: Դա ինչ-որ տեղ գաղտնի վթարի հետևանք կարող է լինել»,- նշեց նա: Սարգսյանի խոսքով՝ ներկա պահին մասնագետները Քանաքեռ-Զեյթունում ջրատարի (խմբ.՝ Կաթնաղբյուրից եկող) հետագծի վրա ու բաշխիչ ցանցում ստուգումներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ կարող է լինել վթարը: Մուրադ Սարգսյանը հորդորեց հասարակությանը չանհանգստանալ. «Իրավիճակը լիարժեք վերահսկվում է մեր կողմից»,- ասաց նա: 

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն էլ ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ իրենց մասնագետները նույնպես Քանաքեռ-Զեյթունում աշխատում են: «Երբ պարզ լինի՝ ահազանգն իրականությանը համապատասխանում է, թե՝ ոչ, հայտարարություն կտարածենք»,- նշեց նա: 

Իր հերթին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանը հաղորդագրություն է տարածել, որ իրավիճակը նաև իրենց վերահսկողության տակ է: «Քանաքեռ-Զեյթունի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօր առավոտվանից վարչական շրջանի մի քանի բնակիչներից ստացել ենք ահազանգ այն մասին, որ ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցները կապվել են «Վեոլիա ջուր» ընկերության հետ, փոխանցել ահազանգը:

Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները:

Ջրամատակարար օպերատորի հետ տարվում է համապատասխան գործառույթ՝ պարզելու ջրի պղտորվածության պատճառը և վերացնելու հետևանքը»,- նշված է հայտարարության մեջ:

Հուլիս 02, 2021 at 20:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր