Քարվաճառի տարածքում Արփա և Որոտան գետերը սնող ջրաղբյուրների ջրհավաք ավազանի վերին հոսանքներում Հայաստանը մշտադիտարկում կիրականացնի

Քարվաճառի տարածքում Արփա և Որոտան գետերը սնող ջրաղբյուրների ջրհավաք ավազանի վերին հոսանքներում Հայաստանը մշտադիտարկում կիրականացնի

«Ռազմական» դրությամբ պայմանավորված՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Քարվաճառի տարածքում Արփա և Որոտան գետերը սնող ջրաղբյուրների ջրհավաք ավազանի վերին հոսանքների ջրային անվտանգության մասնագիտական ուսումնասիրություններ և դիտարկումներ կիրականացնի: Այս նպատակով հուլիսի 1-ի որոշմամբ գործադիրը 38,360.0 հազար դրամի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության այս ՊՈԱԿ-ին:

«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ անհրաժեշտ է վերոնշյալ գետերի վերին հոսանքներում ավելացնել նմուշառումների հաճախականությունը՝ կիրառելով ջրի որակի ուսումնական թեստեր, որոնք թույլ կտան հաշված րոպեների ընթացքում պարզել ջրի որակի փոփոխությունները և արագ արձագանքել։

Ջրի որակի լիարժեք գնահատման համար անհրաժեշտ է նաև վերոնշյալ գետերի վերին հոսանքներում իրականացնել ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ, ինչի համար պետք է այդ տեղամասերից իրականացնել ջրի նմուշառում և նմուշներն ուսումնասիրել դոզաչափով: Այն նախատեսվում է տեղադրել Ջերմուկի օդերևութաբանական կայանում և օրական հաճախականությամբ հնարավոր կլինի իրականացնել ջրերի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ:

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել մթնոլորտային օդի կամ հողային ծածկույթի ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգ, որն իր հերթին ենթադրում է համապատասխան դոզաչափերի ձեռքբերում»,- մասնավորապես նշված է որոշման հիմնավորման մեջ։

Նշված մոնիթորինգային աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումները ձեռք կբերվեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված շրջակա միջավայրի նախարարության հատկացումների շրջանակներում։ Գումարը կհատկացվի պետական բյուջեի «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման գծով հաստատված 413781,5 հազար դրամից: Այս վերաբաշխման արդյունքում՝ «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար նախատեսված 150 հեկտարի փոխարեն հնարավոր կլինի հիմնադրել 70 հա անտառմշակույթներ:

Նշենք, որ ներկայումս «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը մակերևութային ջրի որակի մոնիթորինգը գետերի ստորին հոսանքներում իրականացնում է տարեկան 9-10 անգամ, իսկ վերին հոսանքներում՝ տարեկան 7-8 անգամ (ձմռան ամիսներին գետերի վերին հոսանքներում ճանապարհների անանցանելիության պատճառով հնարավոր չի լինում նմուշառումներ իրականացնել) հաճախականությամբ: Ջրի որակի գնահատման համար յուրաքանչյուր նմուշում իրականացվում է ծանր մետաղների և ընդհանուր հանքային կազմի (ջրի որակը բնութագրող շուրջ 40 ֆիզիկաքիմիական ցուցանիշ) լաբորատոր հետազոտություններ: 

Հուլիս 01, 2021 at 14:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր