

«Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկվել են սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ վերջին տվյալներով ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։
«Արևիք» ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի 10 աշխատակից։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու կոչով Սյունիքի Շվանիձոր և Ալվանք բնակավայրերի բնակիչներին է դիմել Շվանիձոր և Ալվանք բնակավայրերի վարչական ղեկավար Ա. Թումանյանը։
«Շվանիձոր և Ալվանք գյուղերի հարգելի' բնակիչներ, տղամարդիկ և երիտասարդներ, հավանաբար տեղյակ եք, որ Մեղրի համայնքի տարածքում` նախկին Խճաքարի գործարանի տարածքից սկսած արդեն մի քանի օր է և մոլեգնում է անտառային հրդեհը։ Չնայած անընդմեջ կատարվող հրդեհաշիջման աշխատանքներին, հրդեհը մարել չի հաջողվել. լեռնաանտառային բարդ ռելիեֆի պայմաններում այն շարունակվում է տարածվել դեպի հյուսիս` ահռելի վնաս պատճառելով բուսական և կենդանական աշխարհին։
Հարգելի' բնակիչներ, համայնքի իշխանությունների և «Արևիք» ազգային պարկի տնօրինության անունից խնդրանք կոչով դիմում եմ ձեզ` կամավորական խմբերով մասնակցելու հրդեհի մարման աշխատանքներին։ Կամավորական առաջին խումբը կմեկնի այսօր գիշերը՝ ժամը 03:00-ին։
Կանխավ շնորհակալ եմ։
Հարգանքով` Շվանիձոր և Ալվանք բնակավայրերի վարչական ղեկավար Ա. Թումանյան։
Միասին փրկենք հայրենի բնաշխարհը...»:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15-ին:
Սեպտեմբեր 17, 2021 at 11:01