Սևանա լիճն անկայուն էկոլոգիական վիճակում է. փաստում են գիտական ուսումնասիրությունները

Սևանա լիճն անկայուն էկոլոգիական վիճակում է. փաստում են գիտական ուսումնասիրությունները

Սևանա լիճը գտնվում է անկայուն էկոլոգիական վիճակում: Լճում 2021թ. արձանագրվել է 110 աղտոտված և ճահճացող ջրամբարներին բնորոշ էվգլենային ջրիմուռների (Euglenophyta) տեսակային բազմազանության աճ: Այս ջրիմուռների մասնաբաժնի մեծացումը և դոմինանտ կոմպլեքսում դրանց ի հայտ գալը կարող է վկայել էվտրոֆացման գործընթացների մասին: Այս մասին նշված է «ՀՀ ԳԱԱ 2021թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ» հաշվետվության մեջ:

Հաշվետվության մեջ ներկայացված ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի՝ «Թեմատիկ ֆինանսավորմամբ կատարված հետազոտություններ և ստացված արդյունքներ» բաժնում այս կապակցությամբ նշված է. «Սևանա լճում ծաղկող ցիանոբակտերիաների աճող խնդիրը. մեխանիզմների, շարժիչ ուժերի և նոր գործիքների հայտնաբերում լճի մոնիթորինգի և կառավարման համար» թեմայի շրջանակում (ղեկ.՝ կ.գ.թ. Գ.Գևորգյան) հետազոտություններ են իրականացվել Փոքր և Մեծ Սևանների 80 մ, 43 մ և 30 մ խորջրյա հատվածներում: Ֆիտոպլանկտոնի որակական անալիզը ցույց է տվել, որ լճի ուսումնասիրված հատվածներում ֆիտոպլանկտոնային համակեցությունն օժտված է տեսակային մեծ բազմազանությամբ: Այդ ցուցանիշով առավել աչքի են ընկել դիատոմային (Bacillariophyta) և կանաչ (Chlorophyta) ջրիմուռները, որոնց հաջորդել են կապտականաչները կամ ցիանոբակտերիաները (Cyanophyta): Դիտվել է 110 աղտոտված և ճահճացող ջրամբարներին բնորոշ էվգլենային ջրիմուռների (Euglenophyta) տեսակային բազմազանության աճ: Ընդհանուր գծերով լճի երկու հատվածներում էլ ֆիտոպլանկտոնի որակական կառուցվածքը եղել է նույնը: Հետազոտված ժամանակահատվածում ֆիտոպլանկտոնային համակեցության քանակական դոմինանտ կոմպլեքսի ձևավորումն ընթացել է ապրիլին դիատոմային-կանաչ-էվգլենային, մայիսին և հունիսին կանաչ-էվգլենային, իսկ հուլիսին կապտա-կանաչ ջրիմուռների խմբային զուգակցման մեխանիզմներով: Դոմինանտ կոմպլեքսում դիտվող փոփոխությունները վկայում են լճի անկայուն էկոլոգիական վիճակի մասին: Էվգլենայինների մասնաբաժնի մեծացումը և դոմինանտ կոմպլեքսում դրանց ի հայտ գալը կարող է վկայել էվտրոֆացման գործընթացների մասին: Հարկ է նշել, որ ամռանը, ամենայն հավանականությամբ ջերմաստիճանային և եղանակային գործոններով, հիդրոդինամիկ գործընթացներով պայմանավորված, լճում ցիանոբակտերիաներով ջրի զանգվածային ծաղկում չի արձանագրվել, այն կրել է տեղային բնույթ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ջրի ամառային առավելագույն ջերմաստիճանը, նախորդ 3 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ, ցածր է եղել: Վիզուալ դիտարկումները թույլ են տալիս ենթադրել ցիանոբակտերիալ զարգացման վրա լճում ալիքային գործընթացների անբարենպաստ ազդեցության մասին: Այնուամենայնիվ, ցիանոբակտերիաների պոտենցիալ տոքսիկ ներկայացուցիչներից Aphanizomenon flosaquae-ն եղել է հաճախ հանդիպող տեսակներից՝ արձանագրվելով դիտակետերի բոլոր խորություններում։ Միաժամանակ մեծացել է Dolichospermum ցեղի քանակությունը, որը, ի տարբերություն Աֆանիզոմենոնի, եղել է քանակապես թույլ զարգացած և հստակ բաշխվածություն, ըստ խորությունների, չի դրսևորել։ Ինչպես վերը նշվեց, ակինետային զարգացման փորձարկումների արդյունքների հիման վրա, Aphanizomenon-ը ցուցաբերել է տոլերանտություն լույսի պակասի նկատմամբ, իսկ ֆիտոպլանկտոնային հետազոտությունները ցույց են տվել լճում Aphanizomenon-ի գերակայություն Dolichospermum-ի նկատմամբ (նախորդ 3 տարիներին՝ հակառակը), ինչը թույլ է տալիս ենթադրել ցիանոբակտերիալ զարգացման համար արևային ճառագայթման ոչ նպաստավոր պայմանների մասին»:

Գիտական կենտրոնը «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» պետական նպատակային ծրագրի շրջանակներում կենտրոնի տնօրեն  կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանի համակարգմամբ Սևանա լճի ջրի «ծաղկման» գործընթացին հետևելու և նշված երևույթների դեմ պայքարի մեթոդներ մշակելու նպատակով շարունակել է  Սևանա լճում իրականացվող ուսումնասիրությունները: Մշակվել է ջրի մաքրման մոդելային սարքի նախագիծ և ստեղծվել համապատասխան մոդել։ 

Մայիս 25, 2022 at 16:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր