ՀՀ քաղհասարակությունը կդիմի Եվրասիական զարգացման բանկին, քաղաքաշինության կոմիտեին ու ներկրող ընկերություններին՝ բացառելու կապարի բարձր պարունակությամբ ներկերի օգտագործումը Հայաստանում

ՀՀ քաղհասարակությունը կդիմի Եվրասիական զարգացման բանկին, քաղաքաշինության կոմիտեին ու ներկրող ընկերություններին՝ բացառելու կապարի բարձր պարունակությամբ ներկերի օգտագործումը Հայաստանում

Հայաստանյան հասարակական կազմակերպությունները պատրաստվում են համատեղ դիմել Եվրասիական զարգացման բանկին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ու ներկրող ընկերություններին՝ առաջարկելով բացառել կապարի բարձր պարունակությամբ ներկերի օգտագործումը Հայաստանում: Այս մասին որոշումն ընդունվեց «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային 10-րդ շաբաթ»-ի շրջանակում հոկտեմբերի 28-ին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ: Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Մարդու առողջության, հատկապես՝ երեխաների վրա կապարի ազդեցության խնդրին հանրության ուշադրությունը հրավիրելու, այդ ազդեցության կանխման ուղղությամբ երկրների ջանքերի կարևորությունն ընդգծելու ու կառավարություններից պահանջելու օրենսդրական ավելի խիստ կարգավորումների միջոցով հասնել կապար պարունակող ներկերից փուլ առ փուլ հրաժարվելու նպատակին ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվում է «Կապարով թունավորումների կանխարգելման գործողությունների միջազգային շաբաթ»: Գործողությունների շաբաթը Կապարային ներկերի վերացման գլոբալ դաշինքի (Lead Paint Alliance) նախաձեռնությունն է, որն անցկացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղ: Այս տարի շաբաթն անցկացվեց հոկտեմբերի 23-29-ը:

«Պատրաստվում ենք դիմել Եվրասիական զարգացման բանկին, որպեսզի դպրոցներում և մանկապարտեզներում, այլ մանկական հաստատություններում վերանորոգում իրականացնելիս բացառվի վտանգավոր ներկերի օգտագործումը: Մեկ այլ նամակ կուղղվի Քաղաքաշինության կոմիտե, որպեսզի վերահսկվի վերանորոգման և վերակառուցման ժամանակ վտանգավոր ներկերի օգտագործումը»,- նշեց ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը: Մեկ այլ առաջարկով էլ որոշվեց բանակցությունների դուրս գալ ներկրող ընկերությունների հետ՝ առաջարկելով ավելի անվտանգ ներկեր ներկրել Եվրամիության անդամ երկրներից: Նա նշեց, որ Եվրամիության անդամ երկրներում ներկերում կապարի պարունակությունն ավելի ցածր է: Մինչդեռ այսօր Հայաստան ներկ են ներկրում այնպիսի երկրներից, որտեղ ներկերում կապարի պարունակությունը շատ բարձր է՝ 5000 ppm:

Ներկերում կապարի պարունակությունն առողջական մի շարք հիվանդությունների պատճառ կարող է դառնալ: Կապարը հզոր թույն է, որն ազդում է օրգանիզմի մի շարք համակարգերի վրա և հատկապես վնասակար է փոքր երեխաների համար: Մասնագետները նշում են, որ նույնիսկ փոքր չափաբաժիններով կապարը կարող է ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա՝ հանգեցնելով մտավոր զարգացման գործակցի (IQ) նվազմանը, վարքային փոփոխությունների, ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման նվազումը և հակասոցիալական վարքագիծը: Կապարի ազդեցությունը կարող է վնասակար լինել նաև երիկամների, վերարտադրողական օրգանների, իմունային համակարգի համար և հանգեցնել սակավարյունության (անեմիա) և հիպերտոնիայի: 

«Եթե ներկերը կապար են պարունակում, տան վերանորոգման ժամանակ կապարը փոշու հետ, շնչառության միջոցով, անցնում է օրգանիզմ: Դպրոցներում, մանկապարտեզներում մի քանի տարի անց, երբ ներկը քայքայվում, թափվում է, երեխաները սիրում են ամեն ինչի ձեռք տալ, տանում են բերանը, և այդպես փոխանցվում է օրգանիզմ: Անգամ նվազագույն քանակն ազդում է երեխաների առողջության վրա, կրում է անդառնալի բնույթ», - ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Քննարկման ժամանակ ներկայացվեցին ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի տասնամյա ջանքերը՝ կապարային ներկերն աստիճանաբար շուկայից հանելու ուղղությամբ։ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նշեց, որ ԱՀԿ-ն այսօր մտավոր հետամնացությունը պաշտոնապես ներառել է հիվանդությունների շարքում՝ որպես կապարի ազդեցության հետևանք: «Ներկերում կապարի պարունակության ստանդարտը 99 ppm է: Իհարկե, կապար առհասարակ չպետք է լինի ներկի մեջ, բայց գոնե պետք է նվազեցնել բացասական ազդեցությունը երեխաների առողջության վրա, քանի որ երեխաներն ու հղիներն առավել խոցելի են կապարի նկատմամբ»,- ասաց նա:

«Հետազոտվել են Հայաստանում 16 առևտրի կետեր, այդ թվում՝ մասնագիտացված խանութներ, ներկերի խանութներ և մասնավոր խանութներ։ Արդյունքում ստեղծվել է 49 ապրանքանիշի չորս գույնի ներկերի ցուցակը (կարմիր, կանաչ, դեղին, և սպիտակ): Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայկական շուկայում կան մեծ քանակությամբ ներկրված կենցաղային ներկեր։ Կենցաղային ներկերի հետազոտված նմուշների 59% -ում՝ հետազոտված 49 նմուշից 29-ում, կապարի պարունակությունը կապարի միջազգային սահմանային թույլատրելի խտության (90 ppm) համեմատ բարձր է եղել»,- նշեց Քնարիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ներկայում ըստ Մաքսային միության 2013թ. «Ներկերի և լաքերի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագծի՝ ներկի բաղադրակազմի մանրամասն նկարագրության ներառումը ներկերի և լաքերի մակնշման մեջ չի պահանջվում։  «Մենք կոչ ենք անում խստացնել դեկորատիվ ներկերում կապարի պարունակության չափորոշիչը, այն հասցնել 90 ppm-ի»,- ընդգծեց նա:

Ներկերում կապարի պարունակության ռիսկերը բարձրաձայնելուց զատ՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն բարձրացնում է նաև կապար պարունակող ներկերին այլընտրանքներ գտնելու խնդրի կարևորությունը:

Նոյեմբեր 02, 2022 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր