Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Մեսրոպ Մաշտոց փողոցի վրա տեղակայված խոզաբուծարանում պետք է փոփոխություններ կատարվեն՝ սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանելու նպատակով: Ապարանի համայնքապետարանի կողմից խոզաբուծարանի տիրոջը գրավոր զգուշացում է տրվել՝ հոտը չեզոքացնելու և գոմաղբը գետ չլցնելու պահանջով: «Գոմաղբը գետը չլցնելու համար հանձնարարվել է սեպտիկ հորեր ունենալ: Իսկ հոտի համար հատուկ բիոնյութեր կարող են օգտագործել»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ապարանի համայնքապետի տեղակալ Արկադի Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նույն փողոցի վրա բնակվող բնակիչները բարձրաձայնել էին բնակելի տներից 10-30 մ հեռավորության վրա գտնվող խոզաբուծարանի առաջացրած գարշահոտության և արտադրական կեղտաջրերը Քասախ գետ թափվելու մասին։ Արկադի Կարապետյանի խոսքով՝ բնակիչների ահազանգի հիման վրա համայնքապետարանի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն այցելել էին խոզաբուծարանի տարածք: «Մոտ օրերս նորից պետք է այցելենք՝ հասկանալու համար, թե ինչ են արել, զգուշացման պահանջները կատարվել են, թե ոչ»,- նշեց նա:
Նշենք, որ դեռևս 2022թ. սեպտեմբերին բնակիչների հերթական ահազանգից հետո Ապարանի համայնքապետարանը բնակիչներին հայտնել էր, որ գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել խոզաբուծարանի տիրոջը։
Հարցին, թե ինչպես է գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումը մեկ տարի անց փոխարինվում զգուշացմամբ՝ Արկադի Կարապետյանն արձագանքեց. «Իրենց փաստաթղթերը ստուգվել են: Տարածքը գյուղատնտեսական արտադրության հողատեսքի նշանակություն ունի, որտեղ թույլատրվում է կառուցել անասնագոմեր: Այդ հողատեսքը նոր չի փոփոխվել: Հողամասը դեռ խորհրդային միության ժամանակներից է փոխված»:
Հունիս 27, 2023 at 17:15