Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը․ խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի օրինագիծը․ խորհրդարանական ընդդիմությունը դեմ քվեարկեց

ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 11-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ, 64 կողմ, 20 դեմ ձայներով ընդունվեց Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառի օրինագիծը։ Արդյունքում 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր՝ օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ի փոխարեն։ Օրինագծին դեմ քվեարկեց «Հայաստան» խմբակցությունը։

««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տրամադրել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը․ «Հանձնաժողովը չի համաձայնել մեր փաստարկներին և բացասական եզրակացություն է տվել»։

Վաչե Տերտերյանի խոսքով՝ հավելյալ ջրառը պայմանավորված է տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների և ջրամբարների լցվածությամբ, գետերի ջրատվության ցուցանիշներով: Հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 445,3 միլիոն խմ։ Հաշվարկվել է, որ ջրի դեֆիցիտը կկազմի 121,4 միլիոն խմ։ Նախատեսվում է շուրջ 51,4 միլիոն խմ վերցնել լրացուցիչ մեխանիկական ջրարտադրության արդյունքում, իսկ մինչև 70 միլիոն խմ-ն՝ Սևանա լճից։

«Մայիսին երևում էր, որ մենք խնդիրներ ենք ունենալու։ Ջրառն այս տարի սկսվել է մայիսի 14-ին։ Այսինքն, մեկ ամիս առաջ, քան՝ անցած տարի։ Ներկա պահին լճից վերցվել է 82․3 միլիոն խմ ջուր։ Մոտ 81․3 միլիոն խմ ջուր լիճ է հասցվել Արփա-Սևան թունելով։ Այս ցուցանիշը 2022 թվականին կազմել է 148 միլիոն խմ։ Լճի մակարդակը այսօրվա դրությամբ կազմում է 1900․56 մ է։ Մայիսի 14-ից այն բարձրացել է 13 սանտիմետրով։ Սա այն դեպքում, երբ մեր ոռոգման համար վերցված ջուրը և Արփա-Սևանով տարած ջուրը համարժեք են։ Այնուամենայնիվ, արդեն մայիսին մեզ համար հասկանալի դարձավ, որ ջրամբարների լցվածությունը ցածր է, և որ անհրաժեշտ կլինի լրացուցիչ ջրառ լճից։ Լրացուցիչ ծավալը, առկա պլանի համաձայն, կօգտագործվի օգոստոսին։ Դա թույլ կտա ապահովել ջրի առկայություն ոռոգման սեզոնին»,- ասաց Վաչե Տերտերյանը: Նա նշեց, որ նույնը տեղի է ունեցել 2008, 2012, 2014, 2017, 2018 և 2021 թվականներին, երբ լճից հավելյալ ջրառներ են իրականացվել։

«Մեր երկրի գյուղատնտեսությունը և ոռոգման համակարգը կառուցված են մի տրամաբանության մեջ, որն այսօրվա իրականության հետ թղթակցություն չունի։ Մենք պետք է փոխենք գյուղատնտեսության կառուցվածը, ոռոգման տրամաբանությունը։ Մարտահրավերները քանի գնում, մեծանում են։ Ակնհայտ է, որ կլիմայի փոփոխության պարագայում մենք այս խնդրին լուծում պետք է տանք այլ որակով, մենք չենք կարող անընդհատ ավելացնենք», - նշեց նախարարի տեղակալը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեջբերեց 2019 թվականին ընդունված ««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակ սահմանվեց մինչև 170 միլիոն խմ՝ բացառելով սույն չափաքանակից ավելի ջրառի իրականացումը Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում:

«Այդ օրենքը քաղաքական մեծամասնությունն ընդունեց 2019 թվականին։ Այդ ժամանակ հպարտորեն հայտարարում էիք, որ այսուհետ Սևանում արգելվելու է ջրի հավելյալ բացթողումը, եթե Սևանի հաշվեկշիռը բացասական է։ Սևանի հաշվեկշիռը բացասական է, կազմում է 1900․56 մ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 15 սմ-ով բացասական է։ Օրենքը կտրուկ արգելում է նման նախագիծ բերելը», - ասաց Արծվիկ Մինասյանը։

Վաչե Տերտերյանն արձագանքեց, որ մայիսից հետո Սևանա լճի մակարդակը բարձրացել է 13 սմ-ով։

«Մայիսից հունիսը միջանկյալ տվյալներն են։ Բացասական հաշվեկշիռը հաշվարկվում է, երբ համեմատում են տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ», - պատասխանեց Արծվիկ Մինասյանը։

«Մեր բոլոր իրավաբանական կառույցները նման հակասություն չեն նկատել։ Եվս մեկ անգամ անպայման կնայենք և պարզաբանումները կտանք», - ասաց Վաչե Տերտերյանը։

Արծվիկ Մինասյանը մեջբերեց 2019 թվականին ընդունված օրենքի 2-րդ մասը, ըստ որի՝ կառավարության որոշմամբ ՀՀ ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու դեպքում կառավարությունը կարող է Ազգային ժողով ներկայացնել չափաքանակի փոփոխության մասին ժամանակավոր ծրագիր։ Արծվիկ Մինասյանը հետարքրքվեց՝ կա՞ն նման ծրագրեր, ինչին ի պատասխան նախարարի տեղակալն ասաց, որ տրված են հանձնարարականներ պատրաստել նման ծրագրեր։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ օրինագծում ոչինչ չկա ՀՀ-ում երաշտ կամ սակավաջրություն հայտարարելու մասին։ «Եթե 15 սմ հիմա արդեն պակաս է, նշանակում է՝ մենք արդեն շուրջ 200 միլիոն խմ ավելի պակաս ջուր ունենք Սևանում, քան անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում: Հավելյալ բացթողելու արդյունքում բերելու եք Սևանի էկոհամակարգի փլուզմանը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները կոչ արեցին դեմ քվեարկել օրինագծին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նշեցին, որ պետք է գյուղացիներին ապահովել ոռոգման ջրով։

Հուլիս 11, 2023 at 17:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր