Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի

Երևանում 40 կմ ոռոգման համակարգ կանցկացվի

Երևանում այս տարի ավելի քան 40 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Շուրջ 24 կմ-ն արդեն պատրաստ է։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

«25 կմ-ն անցկացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, 16.3 կմ-ն՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ուժերով: Նախատեսված է նաև նոր ջրագծերի անցկացում դեպի Աջափնյակ և Դավթաշեն»,- նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Գործող ջրագծերի մեծ մասը վթարված է, ջուրը հասցեներ չի հասնում: Ոռոգման նոր համակարգեր են անցկացվում զբոսայգիներում, փողոցների ու ճանապարհների հարակից հատվածներում: Բակերի բարեկարգմանը զուգահեռ՝ ոռոգման ջուրը դրանց կհասնի խողովակներով: 

«Բակային տարածքների մոտ 90 տոկոսում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չունի»,- ասում է Ա. Բեգոյանը:

Մետաղական հնամաշ ու վթարված խողովակները փոխարինվում են, տեղադրվում է նոր՝ անձրևացնող համակարգ: Սա խոտածածկ ստեղծելու լավագույն տարբերակն է: Որոշ հատվածներում կլինի նաև կաթիլային ոռոգում: 

«70 տարվա խողովակներ էին, մշտապես վթարվում էին»,- նշում են ՀՈԱԿ-ի աշխատակիցները:

Տեղադրվում են նոր պոլիէթիլենային խողովակներ, իսկ այն հատվածներում, որտեղ հատում են փողոցները, դրանք երկաթյա խողովակների միջով ենք անցկացնում, որը երկարեցնում է պոլիէթիլենայինների շահագործման ժամկետը: Միաժամանակ վերանորոգվում ու կառուցվում են պոմպակայաններ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով: 

Քաղաքի կանաչ զանգվածն այս տարի կավելանա շուրջ 20 հա-ով, ինչը կարևոր է նաև քաղաքի բնապահպանական խնդիրները լուծելու տեսակետից: «Ոռոգման համակարգը կանաչապատման առաջնային պայմանն է: Մենք հենց հիմա էլ կարող ենք հազարավոր ծառեր տնկել Երևանում, բայց մեզ մոտ այլևս ոչ մի թուփ չի տնկվում, քանի դեռ լուծված չէ ոռոգման խնդիրը»,- շեշտում է Արմեն Բեգոյանը:

Հուլիս 17, 2023 at 11:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր