

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանի (Ֆիզգորոդոկի) տարածքում ծառերը չորացել են, մի մասն էլ վնասված է, կեղևահանված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է Երևանի բնակիչ Վահրամ Ասատրյանը՝ նշելով, որ տարածքն անբարեկարգ է, ծառերը չեն ջրվում:
«Ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի արձանի հարակից պուրակը 2020թ-ին ընդգրկվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձանների ցանկում։ Պետություն ենք կառուցում...»,- մակագրել է նա հրապարակված տեսանյութը:


ԷկոԼուրի հետ զրույցում Վահրամ Ասատրյանը նշեց. «Պատմամշակութային արժեք ունի այս թաղամասը և այսպիսի վիճակ է...Բնակիչներն են ջրում որոշ հատվածներ, մինչդեռ համայնքն է պարտավոր այդ աշխատանքները կատարել»: Ըստ նրա՝ Գիտավանն իր նախաձեռնությամբ է ընդգրկվել հուշարձանների ցանկում՝ տարածքում առկա արագացուցիչի (ցիկլոտրոն) համար:
2023թ. մայիսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Վահրամ Ասատրյանին հասցեագրված նամակում նշված էր, որ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած Գիտավանը պատկանում է համայնքին և «հուշարձանի սեփականատիրոջ պարտականություններն են հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում»:
ԷկոԼուրն ահազանգն ուղղում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ։
Հուլիս 28, 2023 at 18:35
