Կառավարությունը ցանկանում է վերափոխել «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքը

Կառավարությունը ցանկանում է վերափոխել «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքը

Էկոլուրը սկսում է հոդվածների շարք՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը և թափանցիկությունը «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի վերբերյալ։

ՀՀ կառավարությունը մտադիր է ապամոնտաժել «Նաիրիտ» գործարանը, մաքրել տարածքը՝ դարձնելով էկոլոգիապես անվտանգ և կառուցապատման համար պիտանի։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի շարք քննարկումներ է ունեցել Համաշխարհային բանկի  հետ, մասնավորապես, գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «Նաիրիտ» քիմիական գործարանը շահագործման է հանձնվել 1936թ.։ Այն արտադրում էր 20 տեսակի պոլիքլորոպրեն (սինթետիկ) կաուչուկ և լատեքս՝ օգտագործելով թե՛ ացետելինը (բնական գազի հիմքով) և որպես հումք ներկրելով բուտադիենը։ 1989թ. գործարանի գործունեությունը դադարեցվեց, ինչը ժամանակի ընթացքում ազդեց գործարանի բիզնես մոդելի կենսունակության վրա: Գործարանը վերսկսեց աշխատանքը 1993թ.՝ հզորության կրճատումով։ Մի քանի փորձեր արվեցին գործարանն ամբողջ հզորությամբ վերականգնելու համար, սակայն դրանք ձախողվեցին՝ հիմնականում տնտեսական գործոնների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից հումքի (բուտադիեն) ներկրման բարձր ծախսերի և ներկրվող բնական գազի բարձր էներգիայի ծախսերի պատճառով։ Գործարանում մի քանի հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել որից հետո ՀՀ կառավարությունը համատեղ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) աջակցությամբ ուսումնասիրություն է նախաձեռնել՝ միջոցներ մշակելու՝ չեզոքացնելու քիմիական նյութերը, որոնք դեռևս մնացել են տեղամասում: Այնուամենայնիվ, չեզոքացման կամ անվտանգ հեռացման վերաբերյալ վերջնական առաջարկություններ չեն արվել, ներառյալ լաք էթինոլի համար, որը գործարանում առկա ամենադյուրավառ և այրվող նյութն է (և ամենամեծն՝ ըստ ծավալի): Բացի լաք էթինոլից, տեղամասում պահվում են ավելի քան 150 այլ քիմիական նյութ, որոնք տեղակայված են տարբեր կայանքներում և հաճախ վատ պայմաններում:

Ըստ Համաշխարհային բանկի՝ ավելի քան 14,000 տոննա վտանգավոր քիմիական նյութ է պահվում «Նաիրիտ»-ում վատթարացող պայմաններում։ Քլոր գազի քայքայվող պահեստային տարաներն արտահոսքի և պայթյունների լրացուցիչ ռիսկեր են ստեղծում։

Համաշխարհային բանկը ՀՀ կառավարություն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի տարածքում բնության վերականգնման և հողերի ռեկուլտիվացիայի վերաբերյալ հուշագրի նախագիծ, որով առաջարկվել է իրականացնել բազմափուլ ծրագրային մոտեցում․

  • Փուլ 1 - նախապատրաստում, տեղամասի որոշում և քիմիական մաքրում և հեռացում
  • Փուլ 2 – իրավական, ֆինանսական և քաղաքային պլանավորում
  • Փուլ 3 – գործարանի ապամոնտաժում և քանդում
  • Փուլ 4 – հողի և/կամ ստորգետնյա ջրերի վերականգնում։

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց հրամանագիր, որով հաստատեց Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագիրը: Այդպիսով Հայաստանը Համաշխարհային բանկից ստանալու է, կամ արդեն իսկ ստացել է 1,5 միլիոն դոլարի դրամաշնորհ, որով նախատեսում է հետևալ աշխատանքները․

Մաս Ա. Նախագծում և տեխնիկական գնահատում (Քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, Հեռացում, չեզոքացում և մշակման տարբերակներ, Կարգավորող և շրջակա միջավայրի համապատասխանություն, Տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, Կիրառման ռազմավարություն և առաջարկություններ, Հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում)

Մաս Բ. Բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում (Ծրագրի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման նախապատրաստում, Ծրագրի վտանգների և շահագործման պլանի նախապատրաստում, Շահագրգիռ կողմերի ներգրավման իրականացում).

Մաս Գ. Կարողությունների զարգացում (Դրամաշնորհ ստացողի, Համապատասխան գործակալությունների և Գործարանի աշխատակազմի համար վերապատրաստման անցկացում)

Մաս Դ. Հատուկ իրականացման խմբի ստեղծում

Մաս Ե. Բնապահպանական և սոցիալական չափորոշիչներ։

«Ի սկզբանե Գործարանը գտնվում էր քաղաքի արտաքին արդյունաբերական գոտում, որը հեռու էր բնակելի տարածքներից, սակայն ժամանակի ընթացքում այն ներառվեց քաղաքային ընդլայնվող սահմաններում։ Հետևաբար, տեղամասի առողջության, անվտանգության և բնապահպանական ցուցանիշերն անմիջական ազդեցություն ունեն Երևանում՝ հարևանությամբ ապրող բնակիչների առողջության և կենսապահովման վրա»,- նշված է ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի 838-Ա որոշման հիմնավորման մեջ։

Սույն թվականի սեպտեմբերին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի հրավերով տեղի ունեցավ հանդիպում Համաշխարհային բանկի փորձագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, որի ընթացքում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ներկայացրին նախատեսվող ծրագիրը, պատասխանեցին քաղհասարակության հարցերին։

Մասնագետները նշեցին, որ նախ պետք է իրականացվեն ուսումնասիրություններ՝ պարզելու տարածքի աղտոտվածության մակարդակը, մշակելու գործողություններ։ Տարբեր սցենարներ են քննարկվում ապամոնտաժված սարքավորումների չեզոքացման ուղղությամբ, այդ թվում երկրից դուրս բերում։ Սակայն դեռ ոչինչ հստակ չէ, քանի դեռ ուսումնասիրությունները չեն ավարտվել։ Խնդիր է նաև գործարանի պատկանելիության հարցը։ Նախատեսվում է իրականացնել նախապատրաստական և ուսումնասիրման աշխատանքներ, այդ թվում՝ կազմել հստակ գործողությունների պլան՝ նախանշել տեխնոլոգիաների և ծառայությունների պոտենցիալ մատակարարներին՝ կապալառուների և գիտահետազոտական կենտրոններին, որոնք կարող են աջակցել նախագծի իրականացմանը, մշակել մոնիթորինգի և գնահատման համակարգ, հողի և ստորգետնյա ջրերի նմուշառման և լաբորատոր հետազոտության արդյունքներով կազմել աղտոտման քարտեզագրման զեկույց, որը ներառի ռիսկերի գնահատում, կառավարման անհրաժեշտ գործողությունների նախնական գնահատական, տարածքի հնարավոր ռեկուլտիվացման տարբերակներ ու հետագա և մաքրման աշխատանքների նախապատրաստման ծրագիր։

Հարկավոր է նաև մշակել առաջարկություններ «Նաիրիտ»-ի տարածքում առաջացած թափոնների և մնացորդների անվտանգ հեռացման կամ պահպանման համար՝ ընտրելով համապատասխան վայր կամ օբյեկտ։ Պետք է մշակել միասնական ռազմավարություն՝ քիմիական նյութերի հեռացման և կայունացման համար, ներառելով տեխնիկական բնութագրերը և կապալառուների որակավորման չափանիշները։

Անհրաժեշտ է ստեղծել արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններ՝ արտահոսքերի կամ չնախատեսված քիմիական ռեակցիաների դեպքում արագ և արդյունավետ գործողությունների համար և այլ գործողություններ։

Աշխատանքները պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը, որի համար ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին կից գրասենյակ է ստեղծվելու, իսկ Համաշխարհային բանկն աջակցելու է աշխատանքների իրականացմանը:

Էկոլուրը խնդրեց ներկայացնել այլ երկրների հաջողված փորձը, որի արդյունքում նմանատիպ գործարանների տարածքում կառուցապատում է իրականացվել և տարածքն անվտանգ է դարձել մարդկանց համար։ Օրինակներից էր Մոսկվայում կառուցված «Садовые кварталы» բնակելի համալիրը։ Այն կառուցվել է «Կաուչուկ» գործարանի տարածքում, որը նախապես մաքրվել է թունավոր նյութերից։

Դրամաշնորհի ավարտման ժամկետը նախատեսված է 2026թ․ դեկտեմբերի 31-ին։

Բուն ծրագիրը, ըստ Համաշխարհային բանկի, կարժենա 60 միլիոն դոլար։

Հոկտեմբեր 24, 2025 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր