

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխում է իր առաքելությունը եւ զբաղվում է բիզնեսի շահերի պաշտպանությամբ, այլ ոչ շրջակա միջավայրի: Այլ կերպ ինչպե՞ս կարելի է բացատրել մամուլում հայտնված Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մեկնաբանությունը ՀՀ Ազգային Ժողով ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ: Օրինագծի համաձայն` երեք անգամ կրճատվում է հայտի դիտարկման ժամկետը` 120 օրից մինչեւ 40 օր: Նախագծերը, որոնք այդ ժամկետում բնապահպանական փորձաքննության եզրակացություն չեն ստանա, կարող են համարվել հավանության արժանացած, իսկ մինչեւ 1500 քմ տարածում օբյեկտների շինարարության նախագծերն ընդհանրապես չպետք է բնապահպանական փորձաքննության գործընթաց անցնեն: Մամուլում հայտնված հրապարակումների համաձայն` Արամ Հարությունյանն օրինագծի վերաբերյալ իր մեկնաբանություններում նշել է, որ տվյալ օրինագիծն ուղղված է բիզնես միջավայրի բարելավմանը:
Փոփոխությունների դեմ արդեն հանդես են եկել հասարակական տարբեր շարժումների ակտիվիստներ: Բոլորին պարզ է, որ եթե օրինագիծն այդ տեսքով ընդունվի, ապա առանց թույլտվության կկառուցվեն ոչ միայն բնակելի շենքեր, ռեստորաններ, կամ գրասենյակներ: Առանց փորձաքննության գնահատականի իրենց գործունեությունը կծավալեն կաշվի ձեռնարկությունները, մասնավոր ատամնաբուժարանները, ներկարանները, բենզալցակայանները եւ այլ փոքր ձեռնարկություններ, որոնք քիմիայի մի ամբողջ փունջ են արտանետում մթնոլորտ եւ ջրի մեջ: Նմանատիպ ձեռնարկությունների գործունեությունից շրջակա միջավայրի աղտոտման գումարային էֆեկտը կարող է գերազանցել «Նաիրիտ»-ի նման խոշոր գործարանի կողմից աղտոտման մասշաբները:
ՀՀ բնապահպանության նախարարությանը կոչ ենք անում վերանայել իր դիրքորոշումը եւ վերադառնալ նախարարության կանոնադրությամբ ամրագրված առաքելությանը` պաշտպանել շրջակա միջավայրը եւ հրապարակայնորեն հանդես գալ այդ օրինագծի դեմ:
Դեկտեմբեր 15, 2010
