

Արմենպրես
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնն անցած տարի մարզի տարածքում իրականացրել է խմելու ջրի մանրէաբանական հետազոտություններ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի կողմից սպասարկվող մարզի 5 քաղաքային եւ 11 գյուղական համայնքներում ամենաբարձր շեղումներն արձանագրվել են Մեղրիի տարածաշրջանում` 41 տոկոս, իսկ ամենացածրը` Սիսիանի տարածաշրջանում` 5 տոկոս:
Կապանի եւ Գորիսի տարածաշրջաններում շեղումները եղել են 13-ական տոկոս: Մարզի մյուս 93 համայնքներում, որոնց ջրամատակարարումն իրականացվում է համայնքային ենթակայության ջրմուղների կողմից, մանրէաբանական շեղումների մակարդակը հասնում է 23 տոկոսի: Այս առումով Կապանի տարածաշրջանի գյուղական համայնքներում խմելու ջրի շեղումները հասնում են 93 տոկոսի, երկրորդ տեղում Մեղրին է` 83 տոկոս, 57 տոկոս Գորիսում է, իսկ Սիսիանում այն հասնում է 5 տոկոսի: Ինչպես «Արմենպրես»-ի Կապանի թղթակցին ասաց տեսչության մարզային կենտրոնի պետի տեղակալ Աշոտ Սիմոնյանը, մարզի բոլոր համայնքներին առաջարկություն է ներկայացվել մինչեւ եղանակաների տաքանալը, կազմակերպել իրենց համայնքների ջրառների, կապտաժների, ջրավազանների մաքրման եւ ախտահանման աշխատանքներ:
2010-ին կենտրոնը նաեւ սանիտարական ստուգումներ է իրականացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի ջրառներում եւ հայտնաբերված խախտումների համար տուգանել է 4 աշխատակցի` 238 հազ. դրամ ընդհանուր գումարով: Այս տարի կենտրոնն արդեն սկսել է սանիտարական ստուգումներ իրականացնել նաեւ մարզի մյուս ջրառներում եւ ջրավազաններում:
Մարտ 25, 2011
