955 մեղրեցիներ դիմում են Հայաստանի ղեկավարությանը Մեղրիում աղետը կանխելու խնդրանքով

955 մեղրեցիներ դիմում են Հայաստանի ղեկավարությանը Մեղրիում աղետը կանխելու խնդրանքով

ԷկոԼուր

Հայաստանի հարավային դարպասը` Մեղրի քաղաքը, կանգնած են ջրից զրկվելու վտանգի առաջ:  Պատճառը Մեղրի գետից ոռոգման ջրագիծ կառուցելու ծրագիրն է:  Ջրագիծը պետք է ջրով ապահովի  Ագարակ քաղաքին, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերին:

Ծրագրվում է նաեւ նաեւ Մեղրի գետի վրա 5 հիդրոէլեկտրականների կառուցումը, որը կհանգեցնի ջրի հոսքի փակմանը խողովակաշարի մեջ, արդյունքում  գետը 15 կիլոմետր երմարությամբ տարածքում  փակված կլինի: 955 ստորագրությամբ նամակով մեղրեցիները դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին,Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանին, Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Խեփփիին խնդրանքով` կանխել ՀՀ կառավարության ծրագրի իրագործումը:

Մեղրեցիների նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ պարոնայք 
Մեղրեցիներիս վերջերս հայտնի դարձավ շրջանի Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերի եւ Ագարակ քաղաքի համար Մեղրի գետից ոռոգման ջրագիծ կառուցելու ծրագիրը, որը տարակուսանք եւ զայրույթ է առաջացրել բնակչության շրջանում:

Ինչպես պարզվեց, կառավարության այս մտադրությունը նոր չէ, բայց հասարակությունն այդ մասին տեղյակ չէր: 

Գետից վերոհիշյալ համայնքներին ոռոգման ջրով ապահովելու խնդիրը քննարկվել է դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին, եւ պատկան մարմինները, գիտնականները եկել են մեկ եզրակացության. այդ գաղափարը կարելի է իրականացնել բացառապես Մեղրի գետի վրա ջրամբար կառուցելու միջոցով: 

Դուք գիտեք, որ Մեղրի քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, բնակչության 90%-ի ապրուստի միակ միջոցը` պտղաբուծությունը: Շուրջ 160 հա պտղատու այգիներ Մեղրիում եւ 70 հա Լեհվազ գյուղում, 500 քմ-ից մինչեւ 4000 քմ առանձին հողակտորներ ոռոգվում են Մեղրի գետի ջրով: Այսինքն` շուրջ 1300 հողօգտագործող ոռոգման ջուր է վերցնում Մեղրի գետից: Գետի բնական ելքի, նրա իրական հնարավորությունների մասին տվյալները, որոնք ներկայացվել են ծրագրի հաշվարկները հիմնավորելիս, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Հավանաբար խողովակաշարերի հետ գործ ունեցողների գայթակղությունը նրանց ստիպել է կեղծ (անհիմն) հաշվարկներ ներկայացնել եւ մոլորեցնել ծրագրի հեղինակներին (սկզբում` Հազարամյակների մարտահրավերներ ծրագիր, հետո` Համաշխարհային բանկ):

Մեղրին ունի չոր, մերձարեւադարձային կլիմա, տարեկան մթնոլորտային տեղումները չեն գերազանցում 250 մմ-ը, եւ երկրագնդի գլոբալ տաքացման ընթացքում այն ավելի կնվազի, կփոխվի ջերմային ռեժիմը, անհամեմատ կիջնի օդի հարաբերական խոնավությունը: Այս ամենն արդեն իսկ տեսանելի է: Եվ համարել, որ գարնան ամիսներին (անձրեւների հորդացմամբ պայմանավորված) առկա է ավելցուկային ջուր ու նման ծրագիր մշակել` մերձակա բնակավայրերի սակավաջրության խնդիրը լուծելու նպատակով, ուղղակի անհեթեթություն է: 

Ջրի նույն առատությունն այդ ամիսներին առկա է նշված համայնքների գետակներում եւս, որոնց «ավելցուկ ջուրը» անարգել թափվում է Արաքս գետը, եւ չգիտենք` ինչու, խնդիրը չեք փորձում լուծել այդ ջրերի հաշվին: Մեղրի գետի տարեկան միջին ծախսը կազմում է 3,34 մ/խ վայրկյան (ըստ մեր ունեցած տեղեկությունների): Ունի ձնանձրեւային սնում, վարարում է միայն գարնանը, այն էլ` ոչ միշտ: Կասկածից վեր է, որ գլոբալ տաքացման ընթացքում այս ցուցանիշներն անընդհատ նվազելու են: Հիմա էլ գետի բնական ելքը շատ փոփոխական է` մարտին կազմում է 0,2 խմ/վրկ, փետրվարին` 0,3, մարտին` 1,2, ապրիլին` 2,5, մայիսին` 4,68, հունիսին` 7,88, հուլիսին` 2,0, օգոստոսին` 0,3 եւ այլն:

Վերոհիշյալին գումարվում եւ Մեղրու էկոլոգիական համակարգին խիստ վտանգ են սպառնում նաեւ գետի վրա կառուցվող եւ կառուցվելիք հինգ հիդրոէլեկտրակայանները: Գետի շուրջ 15 կմ-ը (եթե այդ ծրագիրն իրագործվի) անցնելու է խողովակաշարով: Ըստ մասնագետների` ջրի ուղղության վերոհիշյալ փոփոխության հետեւանքով շուրջ յոթ մետրով կիջնի գրունտային ջրերի մակարդակը, եւ կտրուկ կնվազի օդի հարաբերական խոնավությունը, կփոխվի ողջ էկոհամակարգը, որն աղետ կլինի շրջանի բնակչության համար:

Գաղտնիք չէ նաեւ, որ պարբերաբար խափանվում են ջրհան կայանների պոմպերը, եւ դրանց վերանորոգումը տարբեր պատճառներով ձգձգվում է, խախտվում են ջրման գրաֆիկները: Հետեւաբար` տվյալ համայնքները ստիպված են լինելու թեկուզ այլ ճանապարհով օգտվել Մեղրի գետից` խողովակաշարի առկայության դեպքում: Նման կացության ականատես ենք եղել տարիներ շարունակ: Կյանքը ցույց է տվել, որ նման իրավիճակներից դուրս ենք եկել մարդկանց միջեւ ընդհարումներով, նույնիսկ արձանագրվել են ողբերգական դեպքեր: 

Այսպիսով` գետը վարարում է երկու-երեք ամիս, այն էլ` ոչ միշտ, իսկ երաշտ տարիներին ոչ միայն չի վարարում, այլեւ արդեն մայիս ամսին Մեղրի քաղաքի տարածքում ամբողջությամբ ցամաքում է:

Կասկածից վեր է, որ գետի ջրի փոքր քանակն իսկ այլ ուղղությամբ տանելը մեծապես ազդելու է մերձակայքի էկոհամակարգի վրա: Բավական է նշել, որ Մեղրու տարածքում աճող 1468 բուսատեսակից 28-ն էնդեմիկ է եւ հանրապետության այլ վայրերում ու Հարավային Կովկասում չի հանդիպում, 123 անուն դեղաբույս ունի արդյունաբերական նշանակություն եւ այլն:

Վերը նշվածից չի կարելի ենթադրել, որ մեղրեցին անտարբեր է իր հարեւան բնակավայրերի ջրային հոգսերի հանդեպ: Ավելին, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր խնդրի լուծման բազում առաջարկներ են արվել: Մասնավորապես պետք է կատարել ներքին աղբյուրների (քյահրիզների) ոչ ձեւական, այլ իրական մաքրում, գյուղերի վերին հատվածներում (մեր նախնիների օրինակով) պետք է վերականգնել վար ու ցանքը, մաքրել առուները, վերականգնել ջրավազանները, ի վերջո, հարցը հիմնովին լուծելու համար պետք է հետամուտ լինել փոքր ջրամբարների կառուցմանը: Ի դեպ, այսօր Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր համայնքներում օգտագործվում է մշակովի հողերի 50%-ից էլ քիչ:

Անշուշտ, գովելի է նաեւ իշխանությունների` Ագարակ քաղաքի կանաչ զանգվածը մեծացնելու մտադրությունը, որն իրոք շատ կարեւոր է: Բայց այն երբեք չի կարելի իրականացնել Մեղրի գետի ջրերի հաշվին: Ագարակ քաղաքն ընդամենը 60 տարեկան է, այն կառուցվել է կոմբինատի բազայի վրա, որը մշտապես ավերել եւ ավերում է բնությունը, աղտոտում այն: Շուրջ 15 անգամ ավելացել է տարածքի ռադիացիոն ճառագայթման ֆոնը, դրա հետեւանքով է, որ ավելացել է ուռուցքային հիվանդությունների քանակը: Այսպիսի գնով ապահովելով գերշահույթներ` Ագարակի ՊՄ կոմբինատը որեւէ ծանրակշիռ ներդրում չի իրականացրել բնակավայրում: Մենք հասկանում ենք, որ առավելագույնը 30 տարի հետո այս տարածքի հանքահումքային ռեսուրսները կսպառվեն, եւ բնակավայրն իր գոյատեւման համար լուրջ խնդիրներ կունենա: Կոմբինատն ուղղակի պարտավոր է իր տարածքում բնակվող քաղաքացիների դաժան շահագործման դիմաց լրջագույն խնդիրներ լուծել, իսկ որպես առաջնահերթություն` պարտավոր է քաղաքից 1 կմ հեռավորությամբ անցնող Արաքս գետից ինքնահոս եղանակով ջուր հասցնել Ագարակ եւ հիմնավորապես լուծել խնդրո առարկան: 

Հետեւությունը մեկն է` չմտածված, չկշռադատված միջամտությունը Մեղրի գետի ջրօգտագործմանը կխախտի Մեղրու բնության բնական ներդաշնակությունը` դարերով ձեւավորված, մեծ լարվածություն կառաջացնի համայնքների միջեւ, աղետալի հետեւանքներ կունենա բնության եւ բնակչության վրա եւ, անկասկած, մի նոր արտագաղթի խթան կհանդիսանա:

Խնդրի լուծման` մեզ համար ընդունելի ճանապարհը եղել եւ մնում է մեկը` կառուցել ջրամբար կամ փոքր ջրամբարներ: 

Ամբարե՛ք ջուրը, հետո օգտագործե՛ք, տվե՛ք` ում կուզեք, ինչ ճանապարհով կուզեք: Որեւէ այլ լուծում մեղրեցին չի հանդուրժելու: 

Ձեր ուշադրությունը հրավիրելով վերը շարադրվածին` ակնկալում ենք, որ ըմբռնումով կմոտենաք մեր խնդրանքին եւ կկանխեք նման անհիմն ծրագրի իրականացումը: Դրանով կօգնեք Մեղրու բնակիչներին` չհեռանալ իրենց բնօրրանից, ավելի ամուր պահել Հայաստան աշխարհի հարավային դարպասը: 

Սույն գործընթացին հետեւելու համար Մեղրիում ստեղծվել է ինը հոգուց բաղկացած հանրային խորհուրդ: Հեռախոսներ` 099-02-32-54, 098-69-10-49, 094-50-01-94, 077-55-88-98, 093-10-80-85: Կանխավ շնորհակալ ենք: Սույն նամակը ստորագրել է 955 հոգի»:

Լուսանկարը` Սյունաց Երկրի

Սեպտեմբեր 06, 2011 at 11:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր