

ԷկոԼուր
Հասարակայնությունն ու Բնապահպանության նախարարությունը Թռչկանի ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման հարցում փոխմըբռնման չհասան: Հոկտեմբերի 27-ին հասարակայնությունը հերթական բողոքի ակցիան անցկացրեց կառավարության շենքի մոտ` պահանջելով դադարեցնել շինարարական աշխատանքները: Նախօրեին` հոկտեմբերի 26-ին, ՀՀ բնապահպանության նախարարի մոտ, նրա հրավերով, տեղի ունեցավ խնդրի քննարկում, որը ձեռք բերեց ծայրաստիճան սուր բնույթ: Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է` որ Թռչկանի ջրվեժի պաշտպանները ակցիա են անցկացնում հենց ջրվեժի մոտ` փորձելով խանգարել շինարարներին` «Ռոբշին» ընկերությանը:
Ջրվեժը հատուկ պահպանվող տարածք է, բնության հուշարձան, որը պաշտոնապես ընդգրկված է Կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցուցակում: Սակայն, ընկերությանը թույլատրող փաստաթղթեր` բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն եւ ջրօգտագործման թույլտվություն տրամադրելիս, Բնապահպանության նախարարությունը անտեսել է այդ փաստը: Հասարակայնությունը կարծում է, որ շինարարությունն անուղղելի վնաս կհասցնի ջրվեժին: Արդեն իսկ շինարարական աշխատանքները սկսել են փոխել շրջակա լանդշաֆտը:
Հանդիպման ժամանակ նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց քննարկման նպատակը` ջրվեժի շուրջ ստեղծված իրավիճակին տալ օբյեկտիվ գնահատական: Հայտարարեց, թե կարելի ասել, որ հանդիպումը փոքր ՀԷԿ-ի կառուցման նոր հասարակական լսումներ են, բայց հրաժարվեց բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը եւ ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած փաստաթղթեր համարել: Հրաժարվեց արգելել ջրվեժի մոտ շինարարական աշխատանքները: Այսինքն, փաստացի, հրաժարվեց այդ քննարկումներին իրավաբանական ձեւակերպում տալ:
Իր կողմից հասարակայնությունը ներկայացրեց իրավաբանական փաստարկներ, որոնք ապացուցում են, որ Բնապահպանության նախարարությունն է օրենսդրությունը խախտել: Հանդիպման մասնակցող փոքր ՀԷԿ-ը նախագծող «Հայէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչները չէին էլ պատկերացնում, որ նախագծում պետք է լինի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական` ՇՄԱԳ: Այսինքն, փաստաթղթի այն հիմնական մասը, որի հիման վրա կայացվում է բնապահպանական փորձաքննության եզրակացությունը: Բայց ամենից զարմանալին այն է, որ բնապահպանական փորձաքննությունը, փաստաթղթերն ուսումնասիրելիս, ՇՄԱԳ չի էլ պահանջել: Նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը նույնիսկ հրաժարվեց Թռչկանի ջրվեժն ընդունել որպես հատուկ պահպանվող տարածք` հայտարարելով, որ ջրվեժը ռեժիմ չունի: Հասարակության ներկայացուցիչները հայտարարեցին, որ որեւէ կետի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել եւ Թռչկան ջրվեժի համար պայքարը շարունակվելու է:
Հոկտեմբեր 27, 2011 at 12:32
