

ԷկոԼուր
Մատենադարանի մոտ ծառեր են հատվում: Ահազանգը հնչեցնում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: Ինչպես նշված է Facebook սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ, նոյեմբերի 16-ին Ռուզան Ղազարյանը տեսել է շինարարների կողմից հատված երկու ծառ: Նրա խնդրանքով Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյանը պարզել է, որ շինարարները 5 ծառի հատման համար քաղաքապետարանից թույլտվություն ունեն: Իրավաբան Ռ. Ղազարյանը հարց է տալիս՝ ո՞վ, ու՞մ եւ որքա՞ն է վճարել հատված ծառերի համար, քանի որ այս գործողությունը ենթակա է բնօգտագործման համար վճարման: Հաջորդ հարցն էլ այն է, թե որն է շահագրգիռ համայնքը, որը պետք է տա իր համաձայնությունը նման գործողության համար: Եւ վերջապես, որտե՞ղ է պահեստավորվում հողի հանված շերտը, որը բնապահպանական օրենսդրության համաձայն, պետք է հավաքվի եւ օգտագործվի այլ հողերի ռեկուտիվացիայի համար: «Այդ հողը ոսկու գին ունի հատկապես մեր պայմաններում, երբ ամենուր ժայռ է, երբ սեւահող չունենք»,- ընդգծեց Ռ. Ղազարյանը: Իր հարցերը Ռուզան Ղազարյանը բաց նամակի տեսքով «ԷկոԼուր»-ի միջոցով ուղղում է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին:
Նոյեմբեր 17, 2011 at 14:36
