Նոր ահազանգ Ջերմուկից

Նոր ահազանգ Ջերմուկից

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը նոր ահազանգ ստացավ Ջերմուկից: Տեղի ակտիվիստների դիտարկումների համաձայն` Արփա գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման վայրում արդեն սկսել են փոխել գետի հունը: «5-6 մեքենաներով մարդիկ եկան, փոխեցին գետի լանդշաֆտը, հեռացրեցին քարերը, ափերը նեղացրեցին, ծառեր հատեցին»: «ԷկոԼուր»-ի բլոգում Թեհմինե Ենոքյանը գրում է. «Առավոտյան ահազանգ ստացվեց Ջերմուկից, որ կիրակի օրը  ՀԷԿ կառուցող մարդիկ բերել են ծանր տեխնիկա և արդեն Արփայի հունը փակել են: Երկու շաբաթ առաջ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնապես գրել է Բնապահպանության նախարարությանը, և ոչ մի պատասխան մինչ այս պահը չի ստացվել: Ես` որպես լրագրող, ահազանգեցի Բնապահպանության նախարարության թեժ գծին` պատասխանը հետևյալն էր` դիմեք ջրային ռեսուրսների կադաստր:

Հարցերս հետևյալն էին` ի՞նչ ընկերություն է այդ տարածքում գործունեություն ծավալում, Կեչուտի ջրամբարից վերև գտնվող Արփա գետի տարածքը մտնում է ջրաբանական արգելավայրի տարածքի մեջ, որը կազմում է 17 հազար  հեկտար, որտե՞ղ են իրավական հիմքերը, իրականացվե՞լ են հասարակական լսումներ, ջերմուկցիներն այս մասին ոչինչ չգիտեն:

Ջրային ռեսուրսների կադաստրում ասացին` պաշտոնապես դիմեք, մենք կպատասխանենք, դե երևի ունեն իրավունք ու թույլտվություն, որ նման գործունեություն են ծավալում:

Հարցը մնաց «դե երևի» մակարդակում:

Կրկին զանգահարեցի Բնապահապանության նախարարության  թեժ գիծ ու խնդրեցի ահազանգ գրանցել: Ահազանգն ընդունվեց: «Մենք հիմա կտեղեկացնենք Վայոց Ձորի բնապահապանության տեսչությանը, թող իրենք պարզեն»:

ՀՀ Բնապահպանության  նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի տարածքային բաժնի պետ` Վահիկ Գրիգորյանն ասաց.
«Կազմակերպության անունը չեմ հիշում. այնքան շատ են: Իրենք 5 տարի առաջ են այս ծրագիրն  ունեցել, պարզապես հիմա են իրականացնում, իսկ ջրաբանական արգելոցի տարածքում դա չի գտնվում, ջրաբանական արգելոցի տարածքը դրանից վերև ավարտվում է»:

Նույն հարցերս ուղղեցի նաև իրեն.
Դա ի՞նչ կազմակերպություն է, որտե՞ղ են իրավական հիմքերը, կատարվե՞լ են հասարակական լսումներ և որտե՞ղ է արձանագրությունը, ովքե՞ր են մասնակցել հանրային լսումներին:

 Խոստացավ զանգահարել և այս հարցերին պատասխանել, սպասենք պատասխանների:

 Իսկ մինչ այդ Արփայի հունը փակվում է…»:

«ԷկոԼուր»-ի կողմից ավելացնենք, որ եթե որեւէ գործունեություն, որը ստացել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն, եւ որը չի իրականացվել մեկ տարվա ընթացքում, ապա եզրակացությունը կորցնում է իր ուժը: Հենց սրա վրա պետք է ուշադրություն դարձնեն Բնապահպանության նախարարությունը եւ բնապահպանական տեսչությունը:

Լուսանկարը` Մակեդոն Ալեքսանյանի



Հուլիս 03, 2012 at 14:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր