

ԷկոԼուր
Ինչպես գրում է www.shamshyan.com կայքը, Գեղարքունիքի մարզից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ «Կամազ» մակնիշի 50-ից ավելի բեռնատարներ Վարդենիս-Սոտք ավտոճանապարհը փակելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել իրենց խնդիրը: Մեքենաները ոսկու հանքաքար են տեղափոխում Սոտքի հանքավայրից: Ինչպես պնդում են վարորդները, բեռնափոխադրման համար պատասխանատու Միշա Գրիգորյանը չի պահպանում աշխատանքային պայմանագրի կանոնները, մեքենաները բարձել է տալիս թույլատրելի քաշից ավելի բեռով, պայմանագրով նախատեսված դիզվառելիքը հատկացնում է պակաս, ինչը վարորդների համար լուրջ վտանգ է առաջացնում։ Եղել են նաև դեպքեր, որ բեռնատարները շրջվել են:
Աշխատակիցների խոսքերով` երկրի ղեկավարությունը միշտ հայտարարում է, թե պետք է ավելանան աշխատատեղերը, ինչը հնարավորություն կտա կանխելու արտագաղթը, սակայն այս պարագայում այլ բան է նշանակում այդ ամենը, քանի որ երբ աշխատակիցները շահագործողներին հայտնել են իրենց խնդիրները, նրանք պատասխանել են, թե «Դուք չլինեք, վրացիները կան ու կան»։
ԷկոԼուր. մեր կարծիքով` հղումն այն բանին, որ ծայրահեղ դեպքում կարելի է ներգրավվել վրացիների, անհիմն է, քանի որ վրացական «Մադնեուլի» ընկերությունը, որը մտնում է «GeoProMining Gold» ընկերության խմբի մեջ, 2012թ. վաճառվել է մեկ այլ ռուսական ընկերության` «Կապիտալ Գրուպ»-ին, որն իր հերթին «Նեւա-Ռուս» ընկերության սեփականատերն է: «Նեւա-Ռուս»-ը Հայաստանի Լոռու մարզի Արմանիսի ոսկու հանքավայրի եւ Սագամարի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատերն է, այլ ոչ Սոտքի հանքավայրի: Այնպես որ դեռ հարց է մնում, թե որ մարզում եւ ստույգ ում կարող են փոխարինել «Մադնեուլի»-ի աշխատողները: Ավելին, «Մադնեուլի» ընկերությունում ներկայումս Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ստուգումներ է իրականացնում (http://www.apsny.ge/2012/other/1356653419.php):
Մարտ 18, 2013 at 13:54
