

ԷկոԼուր
Քիչ առաջ ԷկոԼուրը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Չորրորդ սովխոզ (Նաիրի) և Մյասնիկյան գյուղերի բնակիչները փակել են իրենց գյուղեր տանող գլխավոր մայրուղին` արգելելով տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը: «Այսօրվա դրությամբ մեր ծիրանը հասել է, թույլ չեն տալիս, որ մեր հետ գործ անող անհատ ձեռներեցները գան, և մենք ծիրանը հանձնենք իրենց,- ասաց Մյասնիկյան գյուղի բնակիչ Հովիկ Հմայակյանը,- Ճանապարհը փակելով` մենք պահանջում ենք, որ թույլ տան մեր ապրանքը հանձնենք»: Բնակչի խոսքով` հունիսի 24-ին, համաձայն պայմանավորվածության, ծիրանը պետք է հանձնեին անհատ ձեռներեցներին, սակայն, հունիսի 23-ի երեկոյան նրանք զանգահարել և առանց որևէ պատճառաբանության գյուղացիներին ասել են, որ չեն գալու: Բնակիչների պահանջն ուղղված է իշխանություններին, որպեսզի վերջիններս միջամտեն և հարցին լուծում տան: Իսկ ԷկոԼուրի այն հարցին, թե ովքեր են խոչընդոտում անհատ ձեռներեցների և գյուղացիների համագործակցությանը, Հովիկ Հմայակյանը պատասխանեց, որ ճնշումները ակնհայտ են, բայց թե ում կողմից, միանշանակ ասել հնարավոր չէ:
Վերջին տվյալներով դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Հունիս 24, 2013 at 15:23
