

ԷկոԼուր
Հուլիսի 18-ին Ագարակ քաղաքում եւ Շվանիձոր համայնքում պետք է տեղի ունենային Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի հասարակական լսումները: Սակայն հուլիսի 16-ի երեկոյան «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը ԷկոԼուրին հայտնեց, որ լսումները հետաձգվել են: Եւ դեռ տեղեկատվություն չկա, թե երբ լսումները կանցկացվեն:
Իսկ Մեղրի քաղաքի բնակիչները մտահոգված եւ զարմացած են, որ լսումները շրջանցել են իրենց քաղաքը, թեպետ Մեղրի գետը իրենց գյուղատնտեսական հողերի ոռոգման եւ Մեղրիի շրջանի էկոհամակարգի պահպանման միակ աղբյուրն է:
Մեղրի քաղաքի ավագանին որոշեց ստուգել Ագարակ քաղաքի եւ Շվանիձոր համայնքի ջրային ռեսուրսները, որոնք ներառված են նախագծի ազդեցության գոտում: «Այս նկարահանումն իրականացվել է հունիսի 4-ին` Շվանիձոր համայնքի մոտ: Նախագծով Շվանիձորին պետք է ջուր մատակարարվի սակավաջուր սեզոնին, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ հուլիսի սկզբին համայնքում ջուր կա լեռնային աղբյուրներից: Ջրի պահանջը լինում է չորային շրջանում` հուլիսից սեպտեմբերին: Բայց հենց այդ ժամանակահատվածում մեղրեցիներն էլ ջրի կարիք ունեն, երբ Մեղրի գետի ջուրը չի հերիքում: Ապա ինչի՞ համար է այդ նախագիծը, որպեսզի շինարարության կամ մի ուրիշ բանի մեջ գումա՞ր աշխատեն: Իսկ արդյունքում մենք կմնանք առանց ջուր»:
Հիշեցնենք, որ տվյալ նախագծին աջակցում է Համաշխարհային բանկը, որը 8 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել «Ոռոգման համակարգերի վերականգնման շտապ ծրագրերի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրին: Մեղրիի բնակիչները 2011թ. հանդես եկան նախագծի դեմ եւ իրենց բողոքի տակ հավաքեցին ավելի քան 900 ստորագրություն:
Հուլիս 17, 2013 at 18:40
