

ԷկոԼուր
Մարմաշեն վանական համալիրը անտերության է մատնված: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ահազանգեց Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչ, մոմավաճառ Սամվելը:
Համալիրը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին: Այն հայկական ճարտարապետական հուշարձանախմբերից է, որի մեջ է մտնում Կաթողիկե եկեղեցին: Եկեղեցին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մեջ:
«Վանքին ոչ մեկ տիրություն չի անում, ուղղակի մեր առաջնորդը քահանա է նշանակել, պսակադրություն է անում: 2001թ.-ին երկրաշարժից հետո Կաթողիկե եկեղեցին մի իտալացի աղջկա հովանավորությամբ, որի մայրը հայ էր, իսկ հայրը՝ իտալացի, ամրացվել է: Դրանից հետո ոչ ոք ոչինչ չի արել»,- պատմեց Սամվելը՝ նշելով, որ տարեց տարի աճում է նաև եկեղեցում նկատվող խոնավությունը: «Ես տարբեր հեռուստատեսություններով միշտ բողոքել եմ, որ խոնավ է, եկեք մի հատ պեղումներ կատարեք, տեսնենք ջուրը որտեղից է: Խոնավությունը քաշել է մինչև վերև: Խոնավությունը միշտ կար, սակայն այս 3-4 տարին շատացել է: Պատճառը հայտնի չէ»,- ասաց նա: Իսկ ԷկոԼուրի այն հարցին, թե արդյոք այդ խոնավությունը կապված չէ՞ Մարմաշեն փոքր ՀԷԿ-ի շահագործման հետ, մոմավաճառը պատասխանեց. «Չեմ կարող ասել ՀԷԿ-ն է պատճառը, թե ինչը: ՀԷԿ-ից առաջ էլ էր խոնավ, բայց ոչ այդքան»:
Մարմաշեն ՓՀԷԿ-ը շահագործում է «Էլբիստ» ՍՊԸ-ն:
Սեպտեմբեր 13, 2013 at 12:59
