

ԷկոԼուր
«Եթե Արարատյան դաշտում շարունակվի ներկա սցենարով ջրօգտագործումը, չպահպանելով 1984թ. հորատանցքերով սահմանված միջին տարեկան ջրառի 34.7մ 3 /վրկ շահագործման ռեժիմը, ապա մոտակա 1-2 տարիների ընթացքում՝
- կշարունակվի ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցումը և ջրաքանակի նվազումը 5-ից 10 %-ով՝ ավազանի կենտրոնական մասից դեպի արևմուտք և հյուսիս-արևմուտք ուղղություններով
- կշարունակվի ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացումը;
- կշարունակվի հիդրոստատիկ դրական ճնշման անկման արդյունքում Սևջուր-Ակնալիճ աղբյուրների խմբի ջրատվության նվազումը՝ ընդհուպ մինչև ջրատվության դադարեցում՝ ինչը շատ մեծ վտանգ է սպառնալու ատոմակայանի համար»,- ահազանգեց «Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերությունների կոնսորցիումի հիդրոերկրաբան Աշոտ Սարգսյանը մարտի 18-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության վերջնական արդյունքների ներկայացման ժամանակ։
Հիշեցնենք, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի անխնա շահագործման արդյունքում 30-ից ավելի համայնքներ զրկվել են ջրից։
«Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում փորձագետների խումբը մշակել է առաջարկություններ Արարատյան դաշտը անապատացումից փրկելու համար, որոնք ներկայացրեց հիդրոերկրաբան Աշոտ Սարգսյանը․
- «Գործող բոլոր ձկնային տնտեսություններում 1-2 տարիների ընթացքում ներդնել ջրախնայող փակ և կիսափակ համակարգեր:
- Առաջարկվող գույքագրման ավարտից հետո կոնսերվացնել կամ լուծարել անհրաժեշտ քանակի հորատանցքեր` հաշվի առնելով հորատանցքերի փոխազդեցության շառավիղը և տեխնիկական վիճակը, իսկ մնացած հորատանցքերը բերել փականային ռեժիմի:
- Արարատյան արտեզյան ավազանում (ԱԱԱ)` բոլոր ձկնաբուծական տնտեսություններում, տարածաշրջանների ջրառի կարգավորման հետ զուգահեռ պարտադիր իրականացնել մոնիտորինգ ավտոմատ հեռակառավարման համակարգի՝որպես պիլոտային ծրագրի ներդրմամբ:
- ԱԱԱ-ում գործող ստորերկրյա ջրերի հենակետային մոնիտորինգային ցանցն ընդլայնել առնվազն 15 դիտակետով` ներգրավելով բոլոր հինգ հիդրոերկրաբանական կառուցվածքները:
- ԱԱԱ ստորերկրյա ջրերի ինքնաշատրվանող գոտում ջրառը կարգավորելու հետ զուգահեռ լուծարել գոյություն ունեցող վթարային, տիրազուրկ և հակասանիտարական վիճակում գտնվող թվով 348 հորատանցքերը:
- 1984թ. դրությամբ ԱԱԱ ինքնաշատրվանող գոտին վերականգնելու նպատակով այդ գոտու սահմաններում կտրականապես արգելել նոր հորատանցքերի՝ ներառյալ ջրօգտագործման թույլտվություններով տրամադրված և չհորատված հորատանցքերի հորատումը:
- Նոր գույքագրման արդյունքների և առաջարկությունների հիման վրա վերաձևակերպել ձկնաբուծության և այլ նպատակներով տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները:
- Ուժեղացնել ջրօգտագործման թույլտվություններով տրամադրված և առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործվող ստորերկրյա ջրերի օգտագործման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը:
- Ոլորտների զարգացման հայեցակարգային ծրագրերը մշակելիս՝ հիմք ընդունել ՀՀ ստորերկրյա ջրային ռեսուրսների հաստատված օգտագործելի պաշարները և օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման առաջնահերթությունները:
- Ապահովել ՀՀ ջրային ռեսուրսների՝ այդ թվում՝ ստորերկրյա ջրերի (քաղցրահամ, հանքային, թերմալ ) միասնական կառավարումը և պահպանությունը:
- Բարելավել ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության ոլորտում ընդգրկված պետական մարմինների միջև տվյալների կանոնավոր փոխանակումը Ջրային պետական կադաստրի միջոցով:
- Ընդունել ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրօգտագործման նպատակով հորատանցքի հորատման թույլտվությունների տրամադրման կարգ:
- Կատարել լրացումներ և փոփոխություններ ՀՀ ջրային և ընդերքի օրենսդրություններում բացերը լրացնելու և հակասությունները վերացնելու նպատակով:
- Վերանայել «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված վերականգնվող / բնական / ստորերկրյա ջրային ռեսուրսների, ազգային պաշարի, օգտագործելի ռեսուրսների և ռազմավարական պաշարի մեծությունները»:
Աշոտ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են ընդամենը մոտ 5 միլիարդ խմ /վրկ ջուր, իսկ ջրի ազգային ծրագրում 7 միլիարդ խմ /վրկ ջուր է գրված: Փորձագետների համար անհասկանալի է, թե որտեղից են վերցրել այս թիվը:
Մարտ 25, 2014 at 16:54
