Վաշինգտոնում քննարկում են Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ գառնեցիների բողոքը

Վաշինգտոնում քննարկում են Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ գառնեցիների բողոքը

ԷկոԼուր

Գառնիի բնակիչները 520-ից ավելի ստորագրությամբ  բողոք-նամակ են ուղարկել Համաշխարհային բանկի Վաշինգտոնի գրասենյակ` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման վարկային ծրագրի վերաբերյալ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Գառնիի բնակչուհի Սառա Պետրոսյանը: Նա նշեց, որ բողոքի նամակում գրել են Քաղցրաշենի ծրագրի վերաբերյալ խարդավանքներով անցկացվող հանրային լսումների, կոռուպցիոն ռիսկերի, ծրագրի բնապահպանական, սոցիալական ազդեցությունները չգնահատելու  մասին: Վաշինգտոնից արձագանքել են գառնեցիներին՝ տեղեկացնելով, որ իրենց բողոքը քննարկում են:

 «Գառնին տուրիստական գոտի է, և այստեղի բնակչության սոցիալական զարգացումը կապված է տուրիզմի հետ: Երբ Ազատի կիրճը, որը Գառնու  հեթանոսական տաճարի և  Խոսրովի արգելոցի հետ մեկ ամբողջություն է դիտարկվում, ցամաքեցնում են՝  բնապահպանական խնդիրներ են ստեղծում, անապատեցնում են այդ տարածքը,  այն էկոլոգիապես և էսթետիկ առումով անարժեք է դառնում: Բացի դա, Գառնին տնտեսական առումով հանրապետության համար առաջնային տուրիստական գոտի է, և  պետությունն` ինքը, իր տուրիզմի  ռազմավարությունը կառուցում է Գառնի-Գեղարդ երթուղու վրա: Բայց որևէ  ձևով հաշվարկված չէ, թե այս կարգի բացասական ազդեցություն ունենալուց հետո այն ինչպես է անդրադառնալու տուրիզմի՝ որպես ռազմավարություն զարգացնելու վրա»,- ասաց Սառա Պետրոսյանը:



Մայիս 19, 2016 at 18:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր