EITI գործընթացում քաղաքացիական հասարակության առաջնահերթությունները բնապահպանական հարցերն են

EITI գործընթացում քաղաքացիական հասարակության առաջնահերթությունները բնապահպանական հարցերն են

ԷկոԼուր

Քաղաքացիական հասարակությունը իր դիրքորոշումը ներկայացրեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) վերաբերյալ` Հայաստանի  EITI թեկնածու անդամ երկիր դառնալուն նվիրված միջոցառման ժամանակ: Միջոցառումը տեղի է ունեցել մարտի 24-ին: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, Հայաստանում Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Համաշխարհային բանկի արտաքին կապերի ավագ պատասխանատու Վիգեն Սարգսյանը:

«Սա Հայաստանի համար նոր գործընթացի սկիզբ է, որի նպատակն է տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկը՝ հանքարդյունաբերությունը, դարձնել առավել թափանցիկ, պետական մարմինների և արդյունահանող կազմակերպությունների աշխատանքը՝ առավել հաշվետու, իսկ Հայաստանի քաղաքացուն՝ առավել կոմպետենտ և տեղեկացված», -ասել է ՀՀ վարչապետը:

«Հասնելով EITI-ին անդամակցելու մեր նպատակին՝ այժմ պետք է անցնենք ծրագիրն իրականացնելու պատասխանատու փուլին», - նշել է Դավիթ Հարությունյանը:

EITI շրջանակներում ստեղծվել է բազմաշահառու խումբ, որում ընդգրկված են 6 ներկայացուցիչ կառավարությունից, 4-ը` հանքարդյունաբերության ոլորտից և քաղաքացիական հասարակության 5 ներկայացուցիչ:

EITI բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը իր ելույթում ասաց.  «Մենք հիմա գտնվում ենք նախընտրական ժամանակաշրջանում:  Ուսումնասիրելով 9 կուսակցությունների և դաշինքների նախընտրական ծրագրերը, տեսել ենք, որ հանքարդյունաբերությունը եղել է խնդիրներից մեկը, որը բոլոր ծրագրերում առկա է: Դա նշանակում է, որ այդ ոլորտի խնդիրներն արդեն կուտակված են և ազդում են մեր երկրի ընտրազանգվածի վրա, այսինքն` բոլորիս վրա: Կարո՞ղ ենք արդյոք մենք լուծել այդ խնդիրները EITI-ի շրջանակներում: Քաղաքացիական հասարակությունն առաջին հերթին մտահոգված է, որ Հայաստանը չմտնի այն երկրների շարքի մեջ, որտեղ առկա է «հումքային կցորդ» կամ «հումքային անեծք» հասկացությունը: Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, և տնտեսությունը, և հանքարդյունաբերությունը կզարգանան կայուն ձևով: Մենք ակնկալում ենք, որ բաց տեղեկատվություն կստանանք  բոլոր այն ֆինանսական հոսքերի մասին, որոնք առկա են ոչ միայն մեր երկրում, այլև օֆշորային գոտիներում, որտեղ թաքնված են և իրական սեփականատերերի անունները, և իրական շահույթները: Մենք ուզում ենք հասկանալ` ինչքանով են նրանք ազդում երկրի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության վրա: Մենք ակնկալում ենք, որ բնապահպանական խնդիրները կարմիր գծով կանցնեն մեր ճանապարհային քարտեզում: Մենք ուզում ենք իմանալ` իրոք այդ հասկացողությունը` աղտոտողը պետք է վճարի, գործում է մեր երկրում, ինչպես են վերաբերվում պետական մարմինները, երբ հանքարդյունաբերական ընկերությունները թույլ են տալիս խախտումներ:Մենք ակնկալում ենք, որ EITI –ը կբարձրացնի հանքարդյունաբերող ընկերությունների պատասխանատվությունը ոչ միայն պետական մարմինների առաջ, այլ նաև մեր ժողովրդի առաջ, քանի որ համաձայն ՀՀ Անկախության հռչակագրի` հենց ժողովուրդն է բնական ռեսուրսների և ընդերքի իսկական սեփականատերը»: 

Պատասխանելով բազմաշահառու խմբի աշխատելաոճի վերաբերյալ հարցերին` EITI բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանն ասաց. «Խմբի որոշումները պետք է կայացվեն կոնսենսուսով, այլ մեխանիզմ չկա: Իսկ եթե կոնսենսուս չկա, ապա մեկ ամիս պետք է անցկացվեն քննարկումներ` անկախ միջնորդի մասնակցությամբ: Եթե ընդհանուր հայտարարի չենք գալիս, անցկացվում է քվեարկություն, որի արդյունքում բազմաշահառու խմբում ներգրավված բոլոր երեք խմբակցությունների՝ յուրաքանչյուրի առնվազն երկու-երրորդը պետք է կողմ լինի, որպեսզի որոշումը կայացվի»:  
Արթուր Գրիգորյանը նաև անդրադարձավ EITI առաջնահերթությունների հարցին: «EITI ստանդարտը նախատեսում է ինչպես փոքր շրջանակի հաշվետվողականություն, այնպես էլ հնարավորություն է ընձեռում, որպեսզի յուրաքանչյուր երկիր որոշի իր առաջնահերթությունները: Հայաստանի պարագայում քաղաքացիական հասարակությունը եկել է ընդհանուր հայտարարի, որ սոցիալական և բնապահպանական պատասխանատվության հարցերն առաջնահերթություններ են: Աշխատանքային ծրագրով ամրագրել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք պետք է վերջնական արդյունքում հանգեցնեն անհամեմատ ավելի բարձր պատասխանատվություն ունեցող ընդերքօգտագործման միջավայրի ձևավորմանը, սոցիալական և բնապահպանական պատասխանատվության բարձրացմանը»:

Մարտ 27, 2017 at 18:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր