«Ինչ Գետաշեն, անունը դնենք Չորաշեն». Ներքին Գետաշենում ոռոգման ջուր չկա

«Ինչ Գետաշեն, անունը դնենք Չորաշեն». Ներքին Գետաշենում ոռոգման ջուր չկա

ԷկոԼուր

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ջրի բացակայության պատճառով մշակաբույսերը վառվել են, ծառերը չորացել: Համայնք կատարած այցի ժամանակ բնակիչները ԷկոԼուրին բողոքեցին, որ հուլիսն էլ է անցնում, իսկ իրենց այգիներն այդպես էլ ջուր չեն տեսել:

Ներքին Գետաշենի բնակիչներ.

- Մի փոքր տեղ խմելու ջրով ենք ջրել, տեսեք, այնտեղ կարտոֆիլ է մնացե՞լ, լրիվ չորացել է…
- Ես ունեմ 700 մետր հողատարածք, կեսը կարտոֆիլ է, կեսը՝ լոբի, կեսը՝ կաղամբ, ու չեմ կարողացել ջրել մինչև հիմա, առաջին ջուրը չեմ կարողացել տալ…
- Ամբողջ գիշեր մնացել եմ արթուն, 3 հատ ծառ եմ ջրել, էս տարի իմ ծառերը ջուր չէին տեսել:

Ոռոգման ջրի աղբյուրն այստեղ Արգիճի գետն է: Ջրամատակարարումն իրականացվում է «Մարտունի» ՋՕԸ-ի միջոցով՝ պոմպերով, ինչպես նաև գյուղացիների կառուցած ջրագծերով՝ ինքնահոս եղանակով: Արգիճի գետի սակավաջրության պատճառով գյուղացիները չեն կարողանում ինքնահոս ջուր հասցնել իրենց այգիներ: Ըստ տեղացիների, ջրառի կետը գտնվում է Արգիճի գետի վրա կառուցված ՓՀԷԿ-ի կայանից վերև, որտեղ դեռ գետը վերցված է ՓՀԷԿ-ի խողովակի մեջ, և գետում մնացած ջուրը քիչ է:


Ներքին Գետաշենի բնակիչներ.

-ՓՀԷԿ-ի ջուրը գալիս, թափվում է Իշխանատակ, իսկ մեր խողովակը 1 կմ վերև է…
- Ժամանակին Արգիճի գետն այնքան ջուր է եղել, որ ժողովուրդը նեղություն չեն կրել, ոնց էս ՀԷԿ-ը կառուցեցին, ժողովուրդը իրար են ուտում...
- Պապական ջուրն են ուզում ժողովուրդը, գետի ջուրը, որ խողովակով գա, լցվի գյուղի մեջ...
- էս թաղամասում ջուր չկա, վերևի թաղամասերում չկա, ամսի 1-ին եկել եմ ջրբաժանի մոտ` ջուր առնելու, մինչև օրս ջուր չի հասել, կարտոֆիլը հողի վրա չորացել է, ի՞նչ է մտածում կառավարությունը, միայն ընտրությունների մասին, իրենց մասին...
-Երաշտ է, սաղ վառվել է, էլ ինչ Գետաշեն, անունը դնենք Չորաշեն:

Ներքին Գետաշենի համայնքապետի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասաց, որ ջրի խնդիրը վերջին տարիներին ավելի է սրվել: «Եվ գյուղապետարանի, և պետության կողմից խորքային հորեր են մի քանի տեղով խփվել, մի քանի պոմպակայաններ են կառուցվել, բայց չի հերիքում: Վերջին տարիներին էլ կապված Արգիճիի վրա կառուցված ՀԷԿ-ի հետ, նորից խնդիրներ առաջացան, փոխհամաձայնության են եկել, հիմա էս պահին կարծես կարգավորվում է, բայց էլի խնդիրներ կա ջրի հետ կապված», - ասաց Հակոբ Վարդանյանը: Նա նշեց, որ խնդիր կա նաև ջրի կորուստների հետ կապված:

«Մարտունի» ՋՕԸ-ի կողմից սպասարկվող ջրատարները մաշվել են, գյուղացիների հողատարածքներ միայն ջրի փոքր մասն է հասնում:


Մանրամասները՝ տեսանյութում:



Հուլիս 21, 2017 at 15:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր