Հայաստանի գետերի խնդիրները (Լուսանկարներ)

Հայաստանի գետերի խնդիրները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Մարտի 14-ը Գետերի միջազգային օրն է: Ավելի վաղ այս օրը կոչվում էր պատվարների դեմ պայքարի միջազգային օր: Այն միտված է պայքարելու գետերի վրա կառուցված մեծ ամբարտակների դեմ, որոնք ընդգրկում են մեծ տարածքներ, անտառներ, զրկում մարդկանց իրենց բնակավայրերից:

Հայաստանում ևս ամբարտակի կառուցման համար գյուղ է տեղափոխվել: Որոտան գետի վրա Սպանդարյանի ջրամբարի կառուցման ժամանակ ջրի տակ է անցել «Ավերակ» գյուղատեղին: Գյուղը տեղափոխվել է մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք և այժմ կոչվում է Գորայք:

Սպանդարյանի ջրամբար

Հայաստանի գետերը

Հայաստանի Հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին: Հայաստանի տարածքով հոսող ամենամեծ գետը Արաքս անդրսահմանային գետն է, որի երկարությունը 1072 կմ է:  Հայաստանն ունի 10 կմ-ից ավելի երկարություն ունեցող 215 գետ: Այս գետերի մեծ մասը մշտական հոսք չունի և ամռանը չորանում է:

Արաքս գետ

Հայաստանի գետերի խնդիրները

Հայաստանի գետերի հիմնական խնդիրներն են`

  • Ջրային ռեսուրսի նվազում
  • Ջրային ռեսուրսի հյուծում` ծանրաբեռնվածություն հիդրոէլեկտրակայաններով
  • Գետերի աղտոտվածություն
  • Գետային ձկնաշխարհի կորուստ

Ջրային ռեսուրսի նվազում

Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության համաձայն՝ կանխատեսվում է, որ Հայաստանի տարածքի ուսումնասիրված գումարային գետային հոսքը կնվազի մոտ 11.9%-ով մինչեւ 2030թ., 24%-ով մինչեւ 2070թ. եւ 37.8%-ով մինչեւ 2100թ.:

Մենք արդեն իսկ նկատում ենք գետերի ջրհոսքերի նվազում: Մասնավորապես, Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկի` Սևջուր (Մեծամոր) գետի ջուրն արդեն իսկ նվազել է: Սևջուր գետի ակունքների բնական աղբյուրների որոշ խմբեր անհետացել են,ինչը չափազանց կրճատել է Սևջուր գետի սնումը ակունքում:

Սևջուր գետ

Ջրի ծավալների կրճատման պատճառով Հայկական ատոմային էլեկտրակայանի ջրապահանջը բավարարելու նպատակով 2013 թվականին հորատվել է 3 հորատանցք: Եվս 10 նոր հորատանցք նախատեսված էր հորատել 2017 թվականին: Ջրային ռեսուրսի նվազման խնդիրը կապված է ոչ միայն կլիմայի փոփոխության հետ, այլ նաև պայմանավորված է ջրային ռեսուսների վատ կառավարմամբ և վատ վերահսկողությամբ: Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների նվազումը պայմանավորված է նաև տարերայնորեն զարգացող ձկնաբուծական տնտեսություններով, որոնց կողմից ջրի գերշահագործման արդյունքում Արարատյան դաշտը հայտնվեց աղետալի վիճակում` չորացան բազմաթիվ ստորգետնյա աղբյուրներ, բարձրացավ ջրի հանքայնացումը, սրվեց սոցիալական վիճակը:

Չնայած ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին` Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների գերշահագործման խնդիրը մնում է չլուծված: 2017 թ-ի ամփոփիչ տվյալներով ստորերկրյա ջրառը կազմել է 1,5 միլիարդ խմ/տարեկան «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան 1.1 միլիարդ խմ-ի փոխարեն:

Սևանա լիճ թափվող 28 գետերի ցանկում ընդգրկված Դարանակ և Վարդենիս գետերն ընդհանրապես չեն հասնում Սևանա լիճը: Պատճառը սակավաջրությունն է, ոռոգումը, ջրային ռեսուրսի հյուծումը ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում:

Դարանակ գետ

Վարդենիս գետ

 

Ջրային ռեսուրսի հյուծում` ծանրաբեռնվածություն հիդրոէլեկտրակայաններով

Հայաստանում կառուցված է 183 փոքր ՀԷԿ, որոնցի շուրջ 145-ը բնական ջրհոսքերի վրա: ՓՀԷԿ-երը կառուցված են Հայաստանի 47 գետերի վրա: ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում խախտվել է այդ գետերի էկոլոգիական հավասարակշռությունը բնապահպանական թողքի շատ փոքր լինելու, հաճախ նաև բացակայության պատճառով, վատթարացել է գետային կենսաբազմազանության վիճակը, փոխվել է տեղի լանդշաֆտը: Կան ՓՀԷԿ-եր, որոնք կառուցված են ջրագոյացնող` մայր աղբյուրների վրա,ինչը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Շատ դեպքերում ՓՀԷԿ-երը կասկադային են և գետերի մեծ մասը վերցնում են խողովակի մեջ` գետերի հուները թողնելով գրեթե չոր: Հայաստանում ՓՀԷԿ-եով ամենից շատ ծանրաբեռնված գետերն են`

  • Դալի գետը` 20կմ/ 62.55 %

  • Եղեգիս գետը`  47կմ/ 51.46%

  • Եղեգիս գետի Կարակայա վտակը`15կմ/67.76%

  • Կարակայայի Այսաս վտակը` 12կմ/49.96%

  • Ազատ գետի Գողթ վտակը` 16կմ/36.87%

  • Մարց գետը` 29կմ/36.65%

  • Արագիլիջուր (Արագլիգետ) գետ` 16կմ/36.44%:
  • Գոշ գետը` 8կմ/37.37%
  • Մարց գետի Սարաջուր վտակը`11կմ/36.36%

Գետերի աղտոտվածությունը

2017 թվականի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն`2017թ-ին հանրապետության ուսումնասիրված 43 գետից 15-ն ունեն ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն: Այդ գետերն են`

Փամբակ գետ (ամենաբարձր աղտոտվածությունը` Ամոնիումիոն)

Դեբեդ գետ (ամենաբարձր աղտոտվածությունը մոլիբդեն)

Ախթալա (ամենաբարձր աղտոտվածությունը` ցինկ, պղինձ, կադմիում, մանգան, սուլֆատիոն, ԿՆ)

Շնող (ամենաբարձր աղտոտվածությունը` մոլիբդեն, ԿՆ)

Կարկաչուն (ամենաբարձր աղտոտվածությունը` նիտրիտիոն)

Քասախ (ամենաբարձր աղտոտվածությունը `ամոնիումիոն)

Գեղարոտ (ամենաբարձր աղտոտվածությունը` մանգան, կոբալտ)

Հրազդան (ամենաբարձր աղտոտվածությունը` վանադիում, Երևանից ներքև` լուծված թթվածին, ԹԿՊ, ամոնիումիոն, ֆոսֆատիոն, մանգան, վանադիում, ԸԱԱ, ընդհանուր ֆոսֆոր)

Գետառ (ամենաբարձր աղտոտվածությունը` ամոնիումիոն, նիտրիտիոն, ֆոսֆատիոն, վանադիում)

Մարմարիկ (ամենաբարձր աղտոտվածությունը` ամոնիումիոն)

Մասրիկ (ամենաբարձր աղտոտվածությունը` վանադիում)

Կարճևան (ամենաբարձր աղտոտվածությունը` ԹՔՊ, մոլիբդեն, մանգան, ծարիր, սուլֆատիոն, ԿՆ)

Ողջի (ամենաբարձր աղտոտվածությունը` Ամոնիումիոն, Կապանից ներքև մոլիբդեն, մանգան, կոբալտ, կալիում, ծարիր)

Արծվանիկ (Նորաշենիկ) (ամենաբարձր աղտոտվածությունը` մոլիբդեն, մանգան, կալիում, ծարիր)

Գորիսգետ (ամենաբարձր աղտոտվածությունը՝ Ամոնիումիոն, ֆոսֆատիոն):

Այս գետերից Դեբեդը, Ախթալան, Շնողը, Նորաշենիկը, Ողջին, Կարճևանը, Արծվանիկը, Մասրիկը գետերը  հանքարդյունաբերության ազդեցության կրողներն են:

Գետերի վրա մեծ ազդեցություն են գործում բնակավայրերը, քանի որ գետեր են լցվում կենցաղային աղբը, կոյուղաջրերը, արտադրական կեղտաջրերը, ինչի արդյունքում մեծ բնակավայրերից հետո գետերի ջրի որակը վատանում է: Մասնավորապես Երևանի միջով հոսող Հրազդան գետ պարբերաբար լցվում են անհայտ բաղադրության և գարշահոտ կեղտաջրեր, գրանցվում է ձկների զանգվածային անկում: Որպես կանոն մեղավորներին հայտնաբերել չի հաջողվում: Հրազդանի ափին կառուցված են տասնյակ ժամանցի օբյեկտներ, որոնց կոյուղաջրերն անմիջապես բաց է թողնվում Հրազդան գետ:

«Ջինջ» ՍՊԸ-ի տվյալներով Հայաստանի բնակավայրերի կոյուղացման  և մաքրման կայանների տեղադրման համար կպահանջվի շուրջ 2.6 միլիարդ եվրո:

Գետային ձկնաշխարհի կորուստ

Ախուրյանի ջրամբարի ձկների զանգվածային անկում

Մասնագետների գնահատմամբ` առանձին ձկնատեսակների պաշարներն աստիճանաբար նվազում են: Մասնավորապես խոսքը գետերի վերին հոսանքներում բնակվող կարմրախայտի, կողակի, արևելյան տառեխիկի և Կուրի բեղաձկան մասին է: Հիմնական գործոններն են`ձկնագողությունն է էլեկտրահարության և ձկնորսության արգելված այլ միջոցներով և փոքր ՀԷԿ-երը: Ձկների բնականոն կենսագործունեության համար էական վտանգ է ներկայացնում նաև ջրամբարաշինությունը, երբ արհեստական ջրամբարներում բնակվող ձկները զանգվածային կերպով կարող են ոչնչանալ կամ ջրի պաշարների կտրուկ նվազման /ինչպես ամիսներ առաջ դա տեղի ունեցավ Ախուրյանի ջրամբարում/, կամ այստեղ տարածման ավելի մեծ հավանականություն ունեցող մակաբույծներով վարակվելո դեպքում:

Մարտ 14, 2018 at 19:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր