

ԷկոԼուր
Այս պահին Գառնիի գյուղապետարանում լարված մթնոլորտում ընթանում է Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի քննարկումը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների, Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանի եւ գառնեցիների մասնակցությամբ: ԷկոԼուրի աղբյուրի համաձայն` գառնեցիները դեմ են արտահայտվում նախագծի իրականացմանը, իսկ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները փորձում են համոզել: Նախագծին դեմ է նաեւ Գառնիի գյուղապետը, քանի որ Գառնիի ձորը նախագծի իրականացման դեպքում կչորանա: Քննարկմանը զուգահեռ գյուղապետարանի շենքի մոտ հավաքված բնակիչների մի մասն էլ նախագծին դեմ կոչերով պաստառներով բողոքի ակցիա է անցկացնում:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:
Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում է գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից: Ծրագրի իրականացման դեպքում մեծանում է Ազատ գետի չորանալու ռիսկը, Գառնիի ձորի անապատացման ռիսկը, տեղի հարուստ կենսաբազմազանության վերացման ռիսկը, Ազատի ջրամբարի չլցվելու ռիսկը:
Փետրվար 18, 2015 at 12:53
