«Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի ընդունած բանաձևն ուղարկվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

«Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի ընդունած բանաձևն ուղարկվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

ԷկոԼուր

«Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի մասնակիցներն ընդունեցին բանաձև ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Շնող համայնքներում հանքարդյունաբերության հետևանքով շրջակա միջավայրի աղտոտվածության և առողջությանը սպառնացող վտանգների վերաբերյալ: Համաժողովն անցկացվեց «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում, որն իրականացրել են չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության հասարակական կազմակերպության, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունները:

Բանաձևն ուղարկվեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Բանաձևում նշված է. «Մենք՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի մասնակիցներս, փաստում ենք ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Շնող և Ախթալա համայնքների և դրանց հարակից տարածքների, ինչպես նաև Շնող, Ախթալա և Դեբեդ գետերի հանքարդյունաբերական աղտոտիչներով աղտոտվածության մասին, ինչը տեղի բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար պարունակում է մեծ ռիսկեր։

Լոռու մարզում աղտոտվածության վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է չեխական «Արնիկա» քիմիական անվտանգության հասարակական կազմակերպության և Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի մասնագետների կողմից` Չեխիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում» ծրագրի շրջանակում։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ալավերդի քաղաքում սպառվող՝ տնական հավկիթի նմուշներում առկա են մարդու առողջության համար խիստ վտանգավոր, մետաղագործական արդյունաբերության արտանետումների արդյունք հանդիսացող քաղցկեղածին քիմիական նյութերի` դիօքսինների բարձր խտություններ:

Ըստ մասնագետների՝ դիօքսիններն, ամենայն հավանականությամբ, առկա են նաև տնային այլ կենդանական ծագմամբ սննդատեսակներում, և դրանց առօրյա օգտագործումը պետք է բացառվի բնակչության, հատկապես` հղի կանանց և երեխաների սննդակարգում։ Ալավերդու մանկական խաղահրապարակների ավազի փորձանմուշներում հայտնաբերվել է բարձր աղտոտվածություն պղնձով (մինչեւ 5200 մգ /կգ), մկնդեղով (140 մգ /կգ), ցինկով (1200 մգ/կգ) և կադմիումով (3.7 մգ/կգ):

Ալավերդու պղնձաձուլարանի մոտակայքում գտնվող այգիների հողերում տագնապալի է պղնձով (մինչև 1900 մգ /կգ), մկնդեղով (մինչև 80 մգ /կգ) և ցինկով (մինչև 1800 մգ / կգ) աղտոտվածությունը` համեմատած հեռավոր վայրերի հետ:

Ալավերդու ճանապարհներին փռված խարամում, որը նաև կայուն օրգանական աղտոտիչների` դիօքսինների պոտենցիալ աղբյուր է, հայտնաբերվել են ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ` պղինձ`>9000 մգ/կգ, մոլիբդեն` >1600 մգ/կգ, ցինկ` >900 մգ/կգ:

Աղտոտվածության համար պատասխանատուն «Վալլեքս» ընկերությունների խումբն է՝ ի դեմս «Էյ Սի Փի» (ACP) ընկերության (ներկայումս՝ ռուսական ՎՏԲ բանկ):

Շնող գետի՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարից ներքև գտնվող հատվածի հատակի նստվածքից վերցված նմուշներում մասնագետները հայտնաբերել են, որ պղնձի և մոլիբդենի պարունակությունը համապատասխանաբար 6 և 17 անգամ ավելի բարձր է, քան պոչամբարից վերև գտնվող գետի հատվածում: Աղտոտման աղբյուրը Թեղուտում հանքարդյունաբերական գործունեությունն է, ինչպես նաև Թեղուտի պոչամբարից արտահոսքերը:

Աղտոտվածության համար պատասխանատուն «Վալլեքս» ընկերությունների խումբն է՝ ի դեմս «Թեղուտ» ՓԲԸ-ի (ներկայումս՝ ռուսական ՎՏԲ բանկ):

Ախթալա գետի հունի նստվածքների նմուշներն ուսումնասիրված նմուշներից ամենաղտոտվածներն են, որտեղ պղնձի խտությունը կազմում է 9500 մգ / կգ, ցինկինը` 4000 մգ / կգ, մոլիբդենինը` 90 մգ/կգ, մկնդեղինը` 55 մգ/կգ:

Աղտոտվածության համար պատասխանատուն «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն է:

Հաշվի առնելով հետազոտության արդյունքները, ստեղծված սուր սոցիալ-էկոլոգիական իրավիճակը` առաջարկում ենք ՀՀ կառավարությանը և համապատասխան գերատեսչություններին՝

1. Սահմանել խիստ վերահսկողություն հանքամետալուրգիական գործընթացների նկատմամբ` ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններից պահանջելով.

- Արտադրության մեջ ներդնել շրջակա միջավայր արտանետվող փոշու և վտանգավոր նյութերի ու միացությունների արդյունավետ և հերմետիկ հավաքման կամ չեզոքացման, ինչպես նաև արտահոսքերը կանխարգելող համակարգեր:

- Իրականացնել բոլոր աղտոտված տարածքների շրջակա միջավայրի ելային վիճակի ամբողջական գնահատում (մակերևույթային և ստորերկրյա ջրեր, հող, թափոնակուտակիչներ և լցակույտեր, կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ և այլն), ինչպես նաև կիրառվող տեխնոլոգիաների՝ բնապահպանական առումով անվտանգության գնահատական։

- Մշակել և ներկայացնել աղտոտված տարածքների վերականգնման պլան՝ ներառելով միջոցառումների ստույգ ժամանակացույցերը, դրա համար պահանջվող ֆինանսավորման ծավալներն ու աղբյուրները, պատասխանատուներին։

- Պլանի քննարկմանը օրենքով սահմանված կարգով մասնակից դարձնել շահագրգիռ հասարակայնությանը և տեղի բնակչությանը:

- Ապահովել թափանցիկություն Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի և Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ընթացքում սոցիալ-էկոլոգիական պատասխանատվության դրույթները «Վալլեքս» խմբի ընկերությունների, ՎՏԲ բանկի, Կառավարության և այլ խնդրով շահագրիռ հանարավոր հավակնորդների միջև ընթացող բանակցությունների ձևաչափում:

- Պատասխանատվության ենթարկել հանքի նախկին և ներկա շահագործողներին և պատասխանատու գերատեսչություններին, տալ քաղաքական գնահատական նրանց գործողություններին:

- Իրականացնել գործարանների կառավարման աուդիտ:

- Հիմնվելով տվյալ հետազոտություններով ստացված արդյունքների վրա` պատկան մարմինների միջոցով անցկացնել տարածաշրջանի կենդանական ծագմամբ սննդատեսակների համալիր մշտադիտարկում և գնահատում, կազմել կանխարգելիչ միջոցառումների պլան և իրականացնել պլանով նախատեսված գործողությունները:

- Աղտոտված տարածքների բնակչության շրջանում անցկացնել բնապահպանական աղտոտվածության հետևանքով առաջացող հիվանդությունների` ուռուցքաբանական, բնածին արատներ, թոքային և սրտանոթային, իմունային և վերարտադրողական համակարգ, վերլուծություն, գնահատում ըստ դիօքսինների, կազմել կանխարգելիչ միջոցառումների պլան և կյանքի կոչել պլանով նախատեսված գործողությունները:

- Լոռու մարզի տվյալ տարածքի զարգացման համար առաջնային համարել տնտեսության այլընտրանքային հայեցակարգի ընդունումը և դրա կիրարկումը»:

Համաժողովի մասնակիցների անունից բանաձևն ուղարկել են «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ները:

18.12.2018թ.



18:55 Դեկտեմբեր 18, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news