

ԷկոԼուր
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նամակով դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին` խնդրելով տրամադրել տեղեկություններ Թեղուտի հանքավայրի վերաբերյալ պետության հետ կնքված պայմանագրով ընկերության ստանձնած պարտավորությունների մասին:
Նամակում ասված է.
«Մեծարգո պարոն Գրիգորյան,
Գիտնականներն ու հասարակությունը մշտապես ահազանգում են Հայաստանի մի շարք մարզերում տիրող աղետալի իրավիճակի առիթով, որտեղ լեռնահանքային հանքավայրերը շահագործվում են բաց եղանակով և որտեղ պոչամբարները թունավորում են շրջակա միջավայրը և գյուղմթերքները: Հանրապետության բնակչության առողջությունը տարեց տարի վատթարանում է, որի մասին վկայում է տարբեր միջազգային գործակալությունների ներկայացրած տխուր վիճակագրությունը: Թափոններում, մասնավորապես, լեռնահանքային արդյունաբերության թափոններում պարունակվող վնասակար քիմիական նյութերն, ընկնելով հողի, օդի կամ ջրի մեջ, արդյունքում սննդային շղթայի միջոցով թափանցում են մարդու օրգանիզմ:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի, Թեղուտ և Շնող համայնքների հիմնախնդիրը վաղուց գտնվում է բնապահպանների ուշադրության կենտրոնում, քանի որ տվյալ տարածաշրջանում հանքարդյունահանող արդյունաբերության գործունեության հետևանքով օդը չափազանց աղտոտված է: Բացի այդ, տվյալ ոլորտի զարգացումը լուրջ վնաս է հասցնում բուսական և կենդանական աշխարհին և տեղական բնակչության առողջությանը:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հումքի արդյունահանման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում» ծրագիրը:
Կարծում ենք, ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ կառավարության ջանքերը պետք է ուղղված լինեն ընդհանուր նպատակին հասնելուն՝ շրջակա միջավայրի անվտանգության բարձրացմանը և ազգաբնակչության առողջության բարելավմանը, հատկապես՝ թեժ կետերում:
Արդեն մի քանի ամիս է, ինչ «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը՝ աշխատանքից ազատելով 1032 աշխատակցի: Ընկերության կայքը չի գործում, և ընկերության կողմից տեղադրված բոլոր փաստաթղթերը հասանելի չեն: Իրավիճակը Շնող և Թեղուտ համայնքներում խիստ լարված է, քանի որ ընկերության հիմնական խոստումը՝ սովորական գյուղատնտեսական աշխատանքի փոխարեն աշխատել ընկերությունում, խախտվել է, տարածքներն աղտոտված են, փոխհատուցումներն էլ վճարված չեն: Մյուս կողմից, Թեղուտի հանքավայրում մնում են չօգտագործված պաշարներ, որոնց արդյունահանումն ընկերությունը պետք է իրականացնի՝ համաձայն կառավարության հետ ունեցած պայմանագրի:
Հաշվի առնելով վերը նշված ռիսկային գործոնները և ներկայացնելով հասարակական դիրքորոշումը` խնդրում ենք Ձեզ տրամադրել տեղեկություններ Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ պետության հետ կնքված պայմանագրով ընկերության ստանձնած պարտավորությունների մասին, որքա՞ն օգտակար հանածոներ պետք է արդյունահանի ընկերությունը, արդյունահանման ժամանակացույցը, ընկերության իրավական պատասխանատվությունը պարտավորությունների չկատարման դեպքում, ի՞նչ գործառույթներ ունի կառավարությունը, որպեսզի ստիպի ընկերությանը կատարել իր պարտականությունները, և պայմանագրի պատճենը:
Հրավիրում ենք Ձեր կողմից ղեկավարվող նախարարության մասնագետներին համագործակցել և մասնակցել ընդերքի արդյունավետ օգտագործման և հանքարդյունաբերության թափանցիկության վերաբերյալ հասարակական հետազոտություններին և քննարկումներին»:
Մեկ այլ նամակով էլ ՀԿ-ն հայցում է ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությունը Լոռու մարզի, մասնավորապես, Ալավերդի քաղաքում, Թեղուտ և Շնող համայնքներում շրջակա միջավայրի իրավիճակի ցուցանիշների վերաբերյալ առկա տեղեկատվության, մասնավորապես, մշտադիտարկման տվյալների տրամադրման հարցում:
Հունիս 12, 2018 at 16:46