

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կից ձևավորվում է աշխատանքային խումբ, որի նպատակն է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, ուսումնասիրել համապատասխան փաստաթղթերը, տրամադրել մասնագիտական եզրակացություն խնդիրների վերաբերյալ: Խումբը կգլխավորի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Հուլիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արթուր Գրիգորյանը հայտնեց. «Կառավարությունն ուզում է իմանալ, թե հանքարդյունաբերության ոլորտում ինչ իրողություն ունենք: Այս հարցադրումն առաջացել է, որովհետև մինչ օրս բնապահպանական փորձաքննության համակարգն աշխատել է շատ լուրջ թերություններով: Հիմնվել այդ պաշտոնական տվյալների` փորձաքննական եզրակացությունների վրա, սխալ կլինի»:
Աշխատանքային խմբի ուսումնասիրության առաջին խնդիրն Ամուլսարի ոսկե քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրն է, որտեղ տեսչական ստուգումներն արդեն մեկնարկել են: Արթուր Գրիգորյանն ընդգծեց, որ Աշխատանքային խումբը չի կրկնելու տեսչության ստուգումներն, այլ իրականացնելու է փաստահավաք գործունեություն: «Մենք ներկայացնելու ենք կառավարությանը հիմնավորված և փաստարկված հետևություններ, դրա համար բազմաթիվ շահագրգիռ կողմեր են ներգրավված, ովքեր աջակցելու են այդ փաստարկները հավաքելու գործընթացում: Մասնավորապես կուսումնասիրվի ծրագրի ազդեցությունը Ջերմուկ առողջարանի և ջրային ռեսուրսների վրա:
Արթուր Գրիգորյանը հղում արեց Ջերմուկ այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Մենք պետք է ստանանք երկու հարցի պատասխան. կա՞ արդյոք ազդեցություն Ջերմուկ քաղաքի վրա և կա՞ արդյոք ազդեցություն ջրային ռեսուրսների վրա, սրանք են հիմնական հարցերը», - ասաց Գրիգորյանը:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն առաջարկեց ներգրավել տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ներկայացուցիչներին Շնող, Թեղուտ և Ախթալա, Ալավերդի հանքարդյունաբերական բնակավայրերում կայանալիք հասարակական մոնիտորինգի աշխատանքներում:
««Առնիկա» միջազգային կազմակերպությունը, որը քիմիական անվտանգության ոլորտում եվրոպական հայտնի փորձագիտական կազմակերպություն է, որն իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ներգրավումը Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում որոշումների կայացման գործընթացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում սույն թվականի հուլիսի 18-23-ը Հայաստան է ժամանելու մասնագետների խումբ, որը կզբաղվի շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրությամբ` կատարելով նմուշառումներ Շնող, Թեղուտ, Ախթալա և Ալավերդի բնակավայրերում:
Այս խմբում պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի ներկայացուցիչների ներգրավումը համարում ենք նպատակահարմար: Տվյալները, որոնք կստացվեն լրացուցիչ ֆինանսական և մարդկային ռեսուրսների կիրառման հաշվին, կարող են օգտագործվել որպես լրացուցիչ ուսումնասիրություն տեսչական ստուգումների գործընթացի ժամանակ», - ասաց Ինգա Զարաֆյանը:
Արթուր Գրիգորյանի հայտարարության համաձայն` տեսչական ստուգումների հաջորդ օբյեկտը Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրն է:
Հուլիս 12, 2018 at 18:17