ԱԻՆ-ը չի իրականացրել Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձարկումներ

ԱԻՆ-ը չի իրականացրել Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձարկումներ

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի անվտանգության հարցը մնում է բաց: Ներկայումս «Թեղուտ» ՓԲԸ-ն վարկի դիմաց իր գույքը փոխանցում է ՎՏԲ բանկին, և անորոշ է, թե ով է ստանձնելու Թեղուտի պոչամբարի անվտանգության ապահովումը հատկապես այն դեպքում, որ «Թեղուտ» ընկերությունը խոստովանել է, որ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: ԷկոԼուրին հայտնի դարձավ, որ պոչամբարը չի անցել տեխնիկական անվտանգության փորձարկումներ: ԷկոԼուրը դիմել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին` խնդրելով տրամադրել Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության վկայագրի կրկնօրինակը և Թեղուտի պոչամբարի փորձարկման ակտերը ուսումնասիրելու համար: Ի պատասխան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը ԷկոԼուրին նամակով հայտնեց. «Փորձարկման ակտերի վերաբերյալ հայտնում ենք, որ այդպիսիք չկան` տեխնիկական անվտանգության ոլորտում նման պահանջի բացակայության պատճառով»:

Ինչ վերաբերում է Թեղուտի պոչամբարին 2017թ-ին ԱԻՆ-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված դրական եզրակացությանը, ապա նախարարության նամակում նշված է. ««Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պոչամբարային տնտեսություն արտադրական վտանգավոր օբյեկտը տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվել 2017 թ-ի ապրիլ ամսին, և տվյալ ժամանակահատվածում պոչամբարի պատվարի հետ խնդիրներ չեն հայտնաբերվել, որից հետո ընկերությունն այն անվտանգ շահագործել է ավելի քան 8 ամիս, հետևաբար, այդ ժամանակահատվածում ինչ խնդիրներ են առաջացել, Կենտրոնը տեղեկություն չունի, քանի որ մեր կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվում է շահագործող անձի դիմումի և դրա արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա:

Միաժամանակ ուզում ենք հայտնել, որ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի պահանջների, արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը ինքն է պարտավոր արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում կատարել պարբերաբար զննումներ` արտադրական պատահարները և տեխնածին վթարները կանխարգելելու նպատակով, որն էլ իրականացվել է ընկերության կողմից: Ներկա պահին ընկերության կողմից իրականացվում են պոչամբարային տնտեսության կոնսերվացնելու նպատակով նախագծման աշխատանքներ, որում կարտացոլվեն պոչամբարի պատվարի կայունության պահպանման և արտահոսքերի բացառման միջոցառումներ»:

Սեպտեմբեր 27, 2018 at 16:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր