Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի ծրագրի վերաբերյալ ԷկոԼուրի բաց նամակը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին

Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի ծրագրի վերաբերյալ ԷկոԼուրի բաց նամակը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին

ԷկոԼուր

ԷկոԼուրը բաց նամակ է հղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, կրկնօրինակը՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին Ալավերդու պղնձաձուլարանի և Թեղուտի ծրագրի վերաբերյալ: Նամակում նշված է.

«Հարգելի պարոն Տիգրան Ավինյան,

Փաստ է, որ սույն թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ռուսական ՎՏԲ բանկը Հայաստանի Հանրապետությունում գործող «Վալլեքս» խմբի 2՝ «Թեղուտ» ՓԲԸ և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ կազմակերպություններում սկսել է «գույք-պարտքի դիմաց» գործընթացը։ Սույն թվականի հոկտեմբերի 15-ին, ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի տնօրեն Լուսինե Մեջլումյանի տեսաուղերձի, տեղի է ունեցել Ձեր և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը, որի ընթացքում Ալավերդու պղնձաձուլարանի շուրջ ստեղծված իրավիճակի լուծմանն ուղղված կոնկրետ որոշում չի կայացվել: Նախատեսվում է ևս մեկ հանդիպում՝ խնդրի ավելի առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով։ Ըստ տրամաբանության, պարոն Վալերի Մեջլումյանի կողմից բարձրացվող հարցերը պետք է առնչվեն բացառապես Ալավերդու պղնձաձուլարանի ֆինանսատնտեսական կարգաբերումներին՝ չանդրադառնալով ընկերության գործունեության հետևանքով տարածաշրջանում կուտակված բնապահպանական և ազդակիր համայնքների ազգաբնակչության սոցիալական և առողջապահական խնդիրներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրեթե նույն խնդիրներն են ծագել նաև «Թեղուտ» ՓԲԸ-ում, առաջարկում ենք նախատեսվող հանդիպումը կազմակերպել ավելի լայն ձևաչափով՝ ներառելով նաև «Թեղուտ» ՓԲԸ-ի շուրջ ստեղծված հարցերի քննարկումները։

Նախատեսվող քննարկումներն ավելի համակողմանի և օբյեկտիվ ու առարկայական անցկացնելու համար առաջարկում ենք հաշվի առնել հետևյալ փաստերը.
ՀՀ Լոռու մարզում «Վալլեքս» ընկերության գործունեության ամբողջ ընթացքում ազդակիր տարածքներում կուտակվել են բազմաթիվ էկոլոգիական, այդ թվում, ըստ փորձագետների գնահատման, նաև անշրջելի էկոլոգիական խնդիրներ և ռիսկեր։ Այդ մասին են վկայում ինչպես ազդակիր համայնքների բնակիչներից ստացվող բազմաթիվ ահազանգերը, բնապահպանական տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների և փորձագետների դիտարկումները: Մասնավորապես՝
- Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության ընթացքում մթնոլորտային օդ վնասակար նյութերի, մասնավորապես, ծծմբային անհիդրիդի արտանետումների կրճատման համար գործարանը նախատեսել էր մինչև 2017թ․ հոկտեմբեր ամիսն իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ։ Միջոցառումների ժամանակացույցը և արտանետումների ժամանակավոր ծավալները 20.03.2013թ. հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից։ Այդ փաստաթղթով միայն ծծմբային անհիդրիդի համար ամրագրվել էր 27979,1 տոննա/տարի՝ շրջակա միջավայրի համար աղետալի ազդեցություն թողնող ծավալ պայմանով, որ նախանշած միջոցառումների իրականացման արդյունքում աղտոտող նյութերի քանակները կհասնեն թույլատրելի նորմատիվների սահմաններին։ Սակայն, ինչպես ցույց տվեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018թ, սեպտեմբերի վերջին կատարած ստուգումները․ 2013-2018թթ, ընթացքում մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների և հողի աղտոտման կանխարգելմանն ուղղված որևէ միջոցառում գործարանի կողմից չի իրականացվել բացառությամբ ծխատար խողովակի ծխնելույզը 20 մետրով բարձրացնելուց: Այդ ամենի հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի գումարային չափը, ըստ տեսչական մարմնի հաշվարկի, կազմել է 380,0 միլիոն դրամ գումար։ Շահարկելով ստեղծված սոցիալ-տնտեսական լարված իրավիճակը՝ ընկերությունը հոկտեմբերի 11-ին դիմել է ՀՀ կառավարություն, որպեսզի ստանա կիրառված տուգանքների չկիրառման, ինչպես նաև 2005թ. սահմանված նորմերից 6 անգամ անգամ ավելի արտանետման թույլտվություն։ Այսինքն, պահանջում է տարեկան 27979,1 տոննա ծծմբային անհիդրիդի արտանետման թույլտվություն, ինչը համարժեք է 42565,84 տոննա ծծմբական թթվի։ Այսինքն, իր գործունեության ընթացքում գործարանի աշխատանքները կազմակերպվել են՝ առաջնորդվելով բացառապես տնտեսական շահով, անտեսելով շրջակա միջավայրի պահպանության, քաղաքի և հարակից տարածքների բնակչության առողջապահական խնդիրները։

- 2018թ. հունվար ամսին «Թեղուտ» ՓԲ ընկերության տնօրենը, հետագայում նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքներ և բնական պաշարների նախարարը պաշտոնապես հայտարարեցին, որի ձեռնարկության գործունեությունը դադարեցվում է, քանի որ Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ և միջազգային չափորաշիչներին։ Ի թիվս այլ բնապահպանական խնդիրների՝ մթնոլորտային օդի, հողերի, մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման չկանխարգելման, հողի բերրի շերտի պահպանության կանոնների չկատարման, արձանագրվեց նաև Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշների անկման փաստը։ Ընդհանուր առմամբ առկա են հետևյալ խախտումները.

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական դրական եզրակացության բացակայություն հանքի շահագործման երկրորդ փուլի համար:
2. Հանքավայրի շահագործման 1-ին փուլի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական դրական եզրակացության պայմանների չկատարում,(ուղարկել ենք հարցում կատարողականի մասին, սակայն ՀՀ բնապահպանության նախարարությունը առ 18.10.2018թ, չի պատասխանել մեր հարցմանը):
3. Թեղուտի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարի՝ նախատեսված ժամկետից շուտ լցվածություն /պոչամբարի սխալ տեխնիկատնտեսական հաշվարկի, կամ հանքավայրի գերշահագործման արդյունք/:
4. Հանքավայրի շահագործման ժամանակահատվածում Շնող գետի ջրերի որակի 2-րդ /խմելեւ ջուր/ կատեգորիայից 5-րդ /բարձր աղտոտվածություն/ կատեգորիայի անցում /հաստատված է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիտորինգի պետական ոչ առևտրային կազմակերպության հրապարակած տվյալներով/:
5. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդերքօգտագործման թափոնների կառավարման պլանի բացակայություն, որտեղ պետք է նկարագրված լինեին ընդերքօգտագործման թափոնների հավաքման, փոխադրման, վնասազերծման, կուտակման, պահման, հեռացման, տեղադրման, թաղման այն բոլոր գործողությունները, որոնք պարտադիր են կատարել ընդերքի ռացիոնալ օգտագործման և այդ գործընթացում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական հետևանքների կանխարգելման համար:
6. Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով ՀՀ օրենսդրությամբ սահմանված մշտադիտարկումների չիրականացում և այդ մասին լիազոր մարմնին հաշվետվողականության չապահովում /բացակայում են ելակետային այն տվյալները, ինչով հնարավոր է գնահատել հանքավայրի թողած ազդեցությունը բնակչության առողջության վրա/։
7. Թեղուտի պոչամբարի տարածքից ջրային չափանիշներին չհամապատասխանող հաճախակի արտահոսքեր, ինչի արդյունքում հողագործների մշակովի ցանքսատարածությունների և այգիների զգալի մասն աղտոտվել են վտանգավոր նյութերով ու միացություններով և հետագա օգտագործման համար դարձել ոչ պիտանի:
8. Հանքավայրի ուսումնասիրության և շահագործման փուլերում հատված 223.2 հա անտառային տարածքների՝ պայմանագրով նախատեսված կրկնակի մակերեսով անտառտնկման աշխատանքների չիրականացում: Ընկերության կողմից ներկայացված 562 հա տարածքի անտառապատման վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
9. Պայթունավտանգ սոցիալական իրավիճակի ձևավորում տարածաշրջանում / գյուղացիներից աննշան գումարով բացառիկ գերակա հանրային շահի հիմնավորմամբ հողատարածքների, արոտավայրերի, այգիների օտարում, փոխարենն աշխատանքով ընկերությունում ապահովման խոստում, այնուհետև հանքի փակման արդյունքում նրանց աշխատանքից զանգվածային ազատում/:

Ելնելով վերը շարադրվածից, առաջնորդվելով ընդերքի օգտագործման, շահագործման և պահպանության իրավական կարգավորման հիմնադրույթներից, բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման և ընդերքը որպես պետության բացառիկ սեփականություն ճանաչման՝ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված առաջնահերթությունների տրման սկզբունքներով, Հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարում սոցիալական բաղադրիչի դերի բարձրացման միտումներով, մտահոգված լինելով «Նաիրիտ» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների և հասարակական կազմակերպությունների կողմից դժգոհության ու բողոքի շարունակական ակցիաների կազմակերպան ալիքի նախադեպի կրկնության հեռանկարով՝

Ա ռ ա ջ ա ր կ ո ւ մ ե ն ք՝

  • ՀՀ կառավարության ակտիվ մասնակցությունը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի՝ վարկերի դիմաց ռուսական VTB բանկի և «Վալլեքս» խմբի ընկերությունների ընթացող գործընթացներին՝ օգտագործելով ՀՀ Սահմանադրությամբ պետությանն ամրագրված ազդման բոլոր լծակները:
  • Գործընթացները կազմակերպել՝ պետություն-վարկատու /ռուսական VTB բանկ/ - «Վալլեքս» խմբի ընկերությունների ձևաչափով:
  • Ընդունման-հանձնման գործընթացում «Վալլեքս» խմբի ընկերություններից պահանջել համապատասխան էկոլոգիական և սոցիալական աուդիտ:
  • Մերժել Ալավերդու պղնձաձուլարանի կողմից 2005թ. սահմանված նորմերից 6 անգամ ավելի արտանետման թույլտվություն ստանալու վերաբերյալ «Վալլեքս» խմբի ընկերության դիմումը։
  • Պահանջել «Թեղուտ» ՓԲԸ-ի չկատարված բնապահպանական և սոցիալական պարտավոորությունների ֆինանսական գնահատում, և ապահովել այդ միջոցների ապահովման երաշխիքներ:
  • Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի հնարավոր վաճառքի դեպքում պահանջել Ռուսական VTB բանկից ոլորտի առողջացմանն ուղղված համապատասխան միջոցառումների ծրագիր դրանց իրականացման կոնկրետ, ողջամիտ ժամկետների սահմանմամբ:
  • Խնդրի շուրջ ընթացող բանակցություններին օժանդակելու և մասնագիտական կարծիքներ ստանալու համար նախատեսել բազմակողմ, ոլորտային աշխատանքային խմբերի ձևավորում»։

Հոկտեմբեր 20, 2018 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր