Պետական իրավասու մարմինները խուսափում են հանքարդյունաբերական խնդիրների համար պատասխանատվությունից

Պետական իրավասու մարմինները խուսափում են հանքարդյունաբերական խնդիրների համար պատասխանատվությունից

ԷկոԼուր

Հանքարդյունաբերական ձեռնարկությունների օբյեկտների վթարային վիճակի, ինչպես նաև պատճառված վնասների և այդ օբյեկտների վթարային վիճակից առաջացած հետևանքների համար իրավասու պետական մարմինները պատասխանատվություն չեն կրում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ) հարցումներ են ուղղվում, որոնցում նկարագրվում են իրական բացասական հետևանքներ՝ կապված պոչամբարներում, պոչատարերում վթարների հետ, կապված հանքավայրերում մշտական պայթեցումների արդյունքում տների վթարային վիճակի հետ: Սակայն ՀՀ ԱԻՆ-ի պատասխաններից հետևում է, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունների օբյեկտների հետ նախարարությունը չի ցանկանում գործ ունենալ:

2018 թ-ի սեպտեմբերին ՀՀ ԱԻՆ-ի գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը Թեղուտի պոչամբարի փորձաքննության արդյունքների մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ ԱԻՆ-ի կողմից տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվում է շահագործող անձի դիմումի և դրա արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա: «Միաժամանակ ուզում ենք հայտնել, որ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի պահանջների՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը ինքն է պարտավոր արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ամբողջ ընթացքում կատարել պարբերաբար զննումներ՝ արտադրական պատահարները և տեխնածին վթարները կանխարգելելու նպատակով…»,- նշված է Վահագն Օհանյանի նամակում:

Մինչդեռ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական անվտանգության ապահովման համակարգի օղակները՝ լիազոր մարմինը, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, հավատարմագրված անձինք և արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) շահագործող անձինք, պատասխանատու են պարտավորությունների պատշաճ կատարման համար: Իսկ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ԱՎՕ-ները ենթակա են փորձաքննության առնվազն տարին մեկ անգամ: Իր հերթին Տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը սահմանում է, որ շահագործվող ԱՎՕ-ի նկատմամբ փորձաքննություն պետք է իրականացվի արտադրական վտանգավոր օբյեկտների՝ ռեեստրում գրանցվելուց հետո, գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքներն սկսելը, իսկ նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին: Մինչդեռ մեր իրականությունում ԱՎՕ-ները փորձաքննվում են հիմնականում փաստաթղթային եղանակով:

Հիմա էլ ԱԻՆ-ն այլ իրավական ակտեր է մեջբերում հանքարդյունաբերական օբյեկտների հետ գործ չունենալու համար:

Լրագրող Թեհմինե Ենոքյանի հարցում է ուղարկել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որում նշված է.

«1.Քանի՞ պոչամբարում եք ուսումնասիրություն իրականացրել վերջին 10 տարում և ի՞նչ եք արձանագրել, խնդրում եմ տրամադրել փաստաթղթեր։

2․Թեղուտի պոչամբարում ինչպիսի՞ տեխնիկական խնդիր եք արձանագրել։

3․Աճանան գյուղի բնակիչների տները ճաքեր ունեն, մեղադրում են Կապանի ԼՀԿ-ին, արդյո՞ք ուսումնասիրել եք, թե ինչից են առաջացել ճաքերը։

4․Արծվանիկի պոչատարում եղած վթարից հետո իրականացրե՞լ եք ուսումնասիրություն։
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ 7-րդ կետով՝ անկախ նախատեսված ժամկետից, եթե օբյեկտում տեղի է ունեցել արտադրական պատահար կամ տեխնածին վթար։ Խնդրում եմ տրամադրել պոչամբարներում եղած վթարից հետո որ պոչամբարներում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն իրականացվել»։

Ի պատասխան Թեհմինե Ենոքյանի հարցմանը ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը 01.11.2019թ. թիվ 15.2/7757-19 նամակով հայտնել է.

«Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի առ 08.12.2009թ. թիվ 282-Ն հրամանով հաստատված «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումների», որում պատվարների, հիդրոտեխնիկական կառույցների և այլ ինժեներական կառուցվածքների և ենթակառուցվածքների (կամուրջներ, թունելներ և այլն) հետազննության վերաբերյալ չկան ցուցումներ։

Համաձայն քաղաքաշինության բնագավառում գործունեության իրականացման ընդունված կարգի՝ նախագծումը և շինարարության իրականացումը բաժանվում է հետևյալ 5 լիցենզավորվող ոլորտների՝

• բնակելի, հասարակական և արտադրական
• տրանսպորտային
• հիդրոտեխնիկական
• էներգետիկ
• կապի բնագավառներում

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության լիցենզիա, իսկ պոչամբարները համարվում են հիդրոտեխնիկական կառույցներ»։

Նախարարությանն ուղղված հարցերը մնացել են բաց: Եթե հանքարդյունաբերական օբյեկտների տեխնիկական անվտանգության գործառույթները նախարարությունը կամ չի կատարում, կամ կատարում է ծայրաստիճան անբավարար, ապա ամենաքիչը նախարարության պատասխանում պետք է նշված լինի, թե պետական որ մարմինն է կրում պատասխանատվություն կամ կիսում պատասխանատվությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

Գոյություն ունեցող խնդիրների վրա աչք է փակում նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: ԷկոԼուրի 2019թ-ի մարտի ահազանգին, որ «Նահատակ» պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են Դեբեդ գետ, տեսչությունից պատասխանել են, որ թույլատրված է արտադրական հոսքաջրերը մեխանիկական մաքրում կատարելուց հետո ուղղել Դեբեդ գետ: Մինչդեռ այսօր էլ անզեն աչքով գետում կարելի է տեսնել նույն կոնցենտրատը, ինչ «Նահատակ» պոչամբարում է:

 

Նոյեմբեր 12, 2019 at 17:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր