Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը սպառնում է առողջությանը. բնակիչները խնդիրը ներկայացրեցին քաղաքապետի առաջին տեղակալին

Նուբարաշենի աղբավայրի գարշահոտությունը սպառնում է առողջությանը. բնակիչները խնդիրը ներկայացրեցին քաղաքապետի առաջին տեղակալին

ԷկոԼուր

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները երկու օր բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով լուծել Նուբարաշենի աղբավայրի գարշահոտության և ծխի խնդիրը: Բնակիչները նախ փակել էին աղբավայրի հարևանությամբ անցնող ավտոմայրուղին, իսկ օգոստոսի 24-ին եկել Երևանի քաղաքապետարան: Նուբարաշենի բնակիչ Գրիգոր Բարոյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ աղբավայրի վիճակն արդեն սպառնում է իրենց կյանքին և առողջությանը:

«Գարշահոտություն, ծուխ...աղբավայրում աղբը այրում են, ծխի հոտը տներն է լցվում, տան բակում սուրճ խմելն էլ անգամ անհնար է: Մարդ կա, որ քիթն ու բերանը փակ է քնում, որ այդ ծուխն ու հոտը չշնչի, վատանում է, մի քանի անգամ հիվանդանոց էլ է ընկել: Մի խնդիր էլ կա, աղբն արդեն հասել է ճանապարհին: Սանիտեքի մեքենաներն ալարում են իջնել, աղբը թափել ձորը, լցնում են, ուր պատահի», - ասաց Գրիգոր Բարոյանը:

Երևանի քաղաքապետարանում բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա համաձայնեց, որ Նուբարաշենի աղբավայրը էկոլոգիական տեսանկյունից վտանգ է ներկայացնում բնակիչների համար քաղաքաշինական, առողջության, հողերի աղտոտման տեսանկյունից:

Կամո Արեյանն ասաց, որ անձամբ կայցելի աղբավայրի տարածք՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար, կհանդիպի աղբի սպասարկման օպերատորների հետ և կտա համապատասխան հանձնարարականները:

«Կաշխատեմ գտնել ճանապարհներ, որպեսզի կարողանանք մեղմել վիճակը, ի սպառ վերացնելը սուտ կլինի», - նշեց Կամո Արեյանը:

Բնակիչներին նա խոստացավ, որ 2 տարի անց Երևանը կունենա նոր աղբավայր, և այդ ժամանակ գործող աղբավայրի խնդիրը կստանա իր վերջնական լուծումը: Իսկ մինչ այդ աղբը տեղափոխվելու է Նուբարաշենի գործող աղբավայր:

«Օր առաջ մենք ստացանք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատասխանը, որ հաստատվել է մրցույթային փաթեթը և մենք կարող ենք հայտարարել նոր աղբավայրի կառուցման մրցույթը: Շատ շուտով մենք այն կհայտարարենք... Լինելու է ժամանակակից աղբավայր, պարսպապատված, լուսավորության համակարգով, ընդունիչ կետով, ամբողջ ստորգետնյա հատվածը կունենա դրենաժային համակարգ, որպեսզի ջրերը չաղտոտվեն, հատակը մեկուսացված կլինի, չէ որ այսօր աղբավայրի ջրերը հոսում են դեպի Էրեբունի և լցվում ջրանցք: Լուծվելու է նաև այս խնդիրը: Գործող աղբավայրն ամբողջապես կոնսերվացվելու է, փակվելու է այն մեթոդով, որ այդ հողերը հետո կարող են դառնալ պիտանի», - նուբարաշենցիներին խոստացավ Կամո Արեյանը:

Նշենք, որ Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման վարկային ծրագրի շրջանակներում Նուբարաշենի գործող աղբավայրի կողքին նախատեսվում է կառուցել նոր սանիտարական աղբավայր: Ծրագրի ընդհանուր արժեքը 26 միլիոն եվրո է: 16 միլիոն եվրո վարկի տեսքով տրամադրում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկը (յուրաքանչյուրը 8 միլիոն եվրո), ևս 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով՝ Եվրամիության NIF հիմնադրամը, Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը՝ 2 միլիոն եվրո դրամաշնորհով: Ծրագրով աղբի տեսակավորում և վերամշակում նախատեսված չէ:



Օգոստոս 24, 2018 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր