Վահանակների մասին կմտածենք 20 տարի անց. Երևանյան լճի վրա լողացող արևային կայան կկառուցվի

Վահանակների մասին կմտածենք 20 տարի անց. Երևանյան լճի վրա լողացող արևային կայան կկառուցվի

Առաջիկա 1-1,5 տարվա ընթացքում Երևանյան լճի վրա 156 կՎտ դրվածքային հզորությամբ լողացող ֆոտովոլտային կայան կկառուցվի: 2021թ. հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցան կայանի կառուցման նախագծի բնապահպանական ու սոցիալական ազդեցության վերաբերյալ հանրային լսումները:



Լսումների ժամանակ հիմնական խնդիրները վերաբերում էին նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ կայանի շահագործումը լճի էկոհամակարգի վրա և ինչպես պետք է կառավարել արևային թափոնները, մասնավորապես վահանակները` շահագործման ավարտից հետո:  

Արևային կայանը կկառուցվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) և ֆրանսիական «TRANSENERGIE» կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացում» ծրագրի շրջանակում: Լողացող արևային կայանը զբաղեցնելու է 1600 քառ. մ, լճի 0,3 %-ից պակաս տարածք, ունենալու է 396 մոդուլ, յուրաքանչյուրը 395 Վտ հզորությամբ: Կայանը տեղակայված կլինի հատուկ կղզյակի վրա, որը լճի հատակին կամրանա 14 խարիսխների միջոցով: Ըստ նախագծի՝ այս կայանում տարեկան կարտադրվի 227 ՄՎտ էլեկտրաէներգիա:

Արևային կղզյակի դիրքն ըստ նախնական նախագծի

Կայանի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն իրականացրած «Ջինջ» ՍՊԸ-ի բնապահպան Արևիկ Հովսեփյանը նշեց, որ որոշակի ազդեցություն կլինի ջրլող թռչունների վրա: «Ջրլող թռչունները կղզյակներն ընդունում են որպես ջուր, խփվում, սատկում են: Եթե վահանակների փայլը կրճատենք, կկրճատվեն նաև թռչունների վնասման դեպքերը»,- ասաց նա:



Լճի տարածքում 147 տեսակի թռչուններ կան, որից 60-ը ջրլող են: «Ունենք ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ, որոնցից 6-ը նաև միջազգային Կարմիր գրքում են գրանցված»,- ասաց Արևիկ Հովսեփյանը: Որպես բացասական ազդեցություն նա նշեց, որ կայանման և խարսխման հետևանքով արևի ճառագայթները չեն հասնում ջրի հատակին, ինչը կարող է բուսական աշխարհի փոփոխությունների պատճառ դառնալ: Մյուս կողմից կարող է դիտվել լճի ջերմաստիճանային ռեժիմի և  ջրի որակի փոփոխություն, ինչպես նաև ջրի աղտոտում թռչնաղբով՝ վահանակների լվացման ժամանակ:



Արևային կայանների շահագործման գլխավոր ռիսկերից է վահանակների պահման, վերամշակման և օգտահանման խնդիրը: Շահագործման ժամկետը լրանալուց հետո վահանակները դառնում են թափոն, որն իր մեջ պարունակում է կադմիումի, կապարի ու պղնձի միացություններ: «ԷկոԼուրի» հարցին, թե ինչ է պատրաստվում անել ներդրող ընկերությունն այդ թափոնների հետ տարիներ անց, Արևիկ Հովսեփյանն արձագանքեց. «Մենք այսօր դեռ չունենք պատասխան, թե ինչ ենք անելու դրանց հետ 20 տարի հետո: Կարծում եմ, որ մենք արդեն իսկ պետք է մտածենք թափոնների կառավարման մասին, որովհետև բավական մեծ քանակությամբ կայաններ կան և կլինեն»:

Տոքսիկ միացությունների պարունակության մասով «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսեն Հայիրյանը նշեց, որ վահանակները տոքսիկ նյութեր չեն պարունակում. «Վահանակները բաղկացած են սիլիցիումից, որը բյուրեղային միացություն է, այդտեղ ապակի է և ալյումինե շրջանակ: Օգտահանման խնդիրը, որպես այդպիսին, այդքան խոցելի չէ: Կարելի է զուտ տեղակայել ինչ-որ մի տեղ: Այն ոչ մի սպառնալիք չի ներկայացնի շրջակա միջավայրի համար: Հարցը վերաբերում է վերամշակմանը, և դա հնարավոր է»,- ասաց նա:



R2E2-ի տնօրեն Կարեն Ասատրյանն էլ նշեց, որ ՀՀ կառավարությունը ներկայում արևային կայանների ներդրումային ծրագրերի նախագծերի համաձայնագրում պարտավորություն է ներառել ծրագրի ավարտին իրականացնել սարքավորումների օգտահանում: «Այս պահին աշխարհում վահանակները վերամշակվում են և օգտագործվում նորից, ուղղակի թանկ տեխնոլոգիայով: Ես վստահ եմ, որ 20 տարի հետո մենք կունենանք տեխնոլոգիա, որը թույլ կտա մեզ օգտագործված վահանակը վերամշակել և կրկին օգտագործել»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի հարցին, թե ինչ են անելու վնասված պանելների հետ, եթե դրանք կոտրվեն նախքան շահագործման ժամկետի ավարտը, Արևիկ Հովսեփյանն արձագանքեց, որ օրենսդրությամբ այդ հարցերը կարգավորված չեն. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) ՀՀ օրենքում արևային կայանների վերաբերյալ խոսք չկա, մինչդեռ անհրաժեշտ է օրենքի մեջ ներառել արևային կայանների հետ կապված խնդիրները: Այս կայանները նույնպես պետք է անցնեն ՇՄԱԳ փորձաքննություն: Բացի այդ, թափոնների վերաբերյալ օրենսդրական կարգավորում չունենք: Նույնիսկ չգիտենք, թե վահանակը համարվում է վտանգավոր թափոն, թե` ոչ: Արևային վահանակները դասակարգված չեն, որ հասկանանք դրա ջարդվելու դեպքում ուր տանել»,- ասաց նա:

Հոկտեմբեր 15, 2021 at 09:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր