«Բնակչության շրջանում մահացությունը երիտասարդացել է, կենդանիները հիվանդ են ծնվում». գեղանուշցիները պոչամբարի ազդեցության մասին

«Բնակչության շրջանում մահացությունը երիտասարդացել է, կենդանիները հիվանդ են ծնվում». գեղանուշցիները պոչամբարի ազդեցության մասին

Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Գեղանուշ բնակավայրի վարչական տարածքում` բնակելի տներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, գտնվում է Գեղանուշի պոչամբարը, որը բացասաբար է ազդում գեղանուշցիների առողջության և շրջակա միջավայրի վրա: Գեղանուշի բնակիչ Գուրգեն Հայրապետյանն ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ գյուղում մահացությունը երիտասարդացել է, իսկ կենդանիներն արդեն իսկ հիվանդ են ծնվում: «Եթե մի քանի օր արև անի, հետո թեթև անձրև գա, ամբողջ գյուղը պոչամբարից եկած ցեխի մեջ է կորում: Չոր եղանակին էլ պոչամբարի փոշին է բերում գյուղ: Ծառերն էլ չորանում են»,- նշեց նա: «Ծառերի վրա տերև չկա: Կացնով խփում ես, ջուր է, բայց տերև չկա: Եթե ծառին վնասում է, մարդու առողջությանն էլ է վնաս... Ինչ վարում ես, ոչ մի բան չի աճում: Էս թաղամասի մարդիկ այստեղ են բերում անասուններին, պիտի 15 կմ հեռու տանեն, որ այլ տեղ արածեցնեն»,- ասաց Գեղանուշի բնակիչ Արթուր Էլչյանը:

Գեղանուշցիները նաև գյուղմթերքի իրացման խնդիր ունեն: Գեղանուշի բնակիչ, Կապանի ավագանու նախկին անդամ Իվան Կոստանդյանն ասաց. «Ժողովուրդը գիտի, որ պոչամբարը վնաս է տալիս թե՛ մշակաբույսին, թե կենդանուն, դրա համար էլ չեն գնում»: Նշենք, որ 1962 թ-ից ընդհատումներով շահագործված և 2007թ. վերաշահագործված Գեղանուշի պոչամբարն իր տակ է առել գեղանուշցիների վարելահողերն ու արոտավայրերը: 

Գեղանուշի բնակիչների պատշգամբից անմիջապես երևում է Գեղանուշի պոչամբարը

Գեղանուշի պոչամբարն ազդում է Գեղանուշ գյուղի և իր տակ գտնվող Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի հողատարածքների վրա: Պոչամբարը շահագործում է «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն, որը շահագործում է նաև Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատն ու Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: 2007թ.  հրատարակված «ԳԵՈ-Կապան» աշխատության համաձայն՝ Կապան համայնքի հողերում պղնձի միջին պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.1 անգամ, մկնդեղինը` 4 անգամ, նիկելինը` 2.5 անգամ, կապարինը` 2.4 անգամ և մոլիբդենինը` 1.94 անգամ: Հողում պղնձի պարունակությունը կազմել է 12.3 մգ/կգ, մկնդեղինը` 8 մգ/կգ, նիկելինը` 10 մգ/կգ, կապարինը` 72 մգ/կգ և մոլիբդնինը` 1.94 մգ/կգ:

Մեր կողմից նշենք, որ բացի Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատից, տարածքի վրա ազդում են նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտահոսքերը:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ անհրաժեշտ է պաշտոնական մակարդակով պոչամբարի հարակից տարածքների մշտադիտարկում իրականացնել: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանն էլ հավելեց, որ նոր նմուշառումները հնարավորություն կտան բնակիչներին հետագայում ավելի առարկայական և արդյունավետ պաշտպանել իրենց իրավունքները:

Գեղանուշի պոչամբարի մասին

2006թ. դրությամբ Գեղանուշի պոչամբարում կուտակված պոչերի փաստացի ծավալը կազմում էր 4.6 միլիոն խմ: Սակայն պոչամբարի վերաշահագործարկումից հետո ընդլայնման նախագծով պատնեշի բարձրացման արդյունքում դրա ընդհանուր ծավալը կազմելու էր 11.37 միլիոն խմ: 2018թ-ին «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն «Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ ներկայացրեց բնապահպանական փորձաքննության: Ըստ հայտի՝ Գեղանուշի պոչամբարի փաստացի վիճակը չի համապատասխանում աշխատանքային նախագծին և անվտանգության պահանջներին: Մասնավորապես, «Գեոռիսկ» ընկերության կողմից Հյուսիսային պատվարի փաստացի վիճակի կայունության հաշվարկի արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային պատվարի կայունությունն ապահովված չէ հաշվարկային առավելագույն երկրաշարժի դեպքում՝ 8.5 բալ: «8.5 բալը գերազանցող սեյսմիկ ազդեցության դեպքում պատվարի ստորին բիեֆում հնարավոր է պատվարի փլուզում և պուլպայի արտահոսք, որը կարող է ծածկել պատվարից ներքև տարածքները, ներառյալ արտադրական և այլ շինություններ, հաղորդակցության և այլ ենթակառուցվածքներ:

Պատվարի հետ միասին կքանդվի Գեղանուշ բնակավայրի ճանապարհի՝ պատվարի վրայով անցնող հատվածը: Արտահոսած պոչերը կծածկեն միջպետական Մ17 ճանապարհի մի հատվածը: Այդուհետ պոչերի զանգվածը կարող է Ողջի գետի հունը լցվելով արգելափակել այն՝ ստեղծելով Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի ջրածածկման վտանգ, ինչն ուժեղ երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակում առանձնապես վտանգավոր է, քանի որ խոչընդոտներ կառաջանան օպերատիվ արձագանքման և տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքների համար», - նշված էր հայտում: Սակայն հայտը այդպես էլ փորձաքննություն չի անցել: Պոչամբարի անվտանգության ապահովման հարցերի մասին պաշտոնական տեղեկատվություն հանրությանը չի հաղորդվել:

Գյուղ այցելության պահին պոչամբարի պատվարի վրա աշխատանքներ էին տարվում: Թեև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ից բնակիչներին հայտնել են, որ իրականացվում է պոչամբարի հարևանությամբ անցնող ճանապարհի վերանորոգում, սակայն բնակիչների համաձայն՝ աշխատանքներ տարվում են նաև պատվարի վրա: «Կարծես ամրացնում են պոչամբարի դիմացի հատվածը: Իսկ դա նշանակում է, որ հետևից նորից լցնելու են, մակարդակը բարձրանալու է: Բայց մինչև ո՞ւր պետք է բարձրացնեն: Պարզ է, որ ինչ-որ տարածք վարձակալել են: Ո՛չ կարծիք են հարցրել, ո՛չ ժողով են արել: Առանց հասարակական կարծիքը հարցնելու չգիտեմ՝ ում հետ են պայմանագիր կապել: Բայց եթե իրենց տարածքի չափագրումներ կատարեն, շատ խախտումներ կլինեն: Մի քանի անգամ ճանապարհ ենք փակել, չենք թողել աշխատեն, բայց ո՞վ է մեզ հաշվի առել»,- նշեց Գեղանուշի Գուրգեն Հայրապետյանը: Իսկ Արթուր Էլչյանի խոսքով՝ ներկայում կատարվող աշխատանքների վերաբերյալ իրենց ոչ ոք չի տեղեկացրել, գյուղում հանրային լսումներ չեն անցկացրել: Մինչդեռ դա օրենսդրական պահանջի խախտում է: Նազելի Վարդանյանը նշեց, որ պոչամբարի պատվարի բարձացման համար պետք է իրականացվեր փորձաքննություն: «Այն չի արվել, որովհետև լսումների մասին տեղյակ չեն ո՛չ բնակիչները, ո՛չ մենք: Եթե անգամ թույլտվություն ստացել են, դա կլինի ապօրինի գործունեություն, որովհետև վերակառուցում, պոչամբարների ավելացում թույլ է տրվում միայն նոր փորձաքննության պայմաններում»,- շեշտեց նա:

Գեղանուշ գյուղը



Նոյեմբեր 15, 2021 at 14:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր