Թուխմանուկի ոսկու բաց հանքի ենթակառուցվածքները՝շրջակա միջավայրի քիմիական աղտոտվածության աղբյուր

Թուխմանուկի ոսկու բաց հանքի ենթակառուցվածքները՝շրջակա միջավայրի քիմիական աղտոտվածության աղբյուր

ՀՀ Արագածոտնի­­­ մարզի Մելիքգյուղ համայնքի վարչական տարածքում են գտնվում «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի երեք չռեկուլտիվացված պոչամբարները, որոնք շրջակա միջավայրի պարբերական աղտոտման պատճառն են:

Ըստ Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանի՝ պոչամբարների կառուցման տեղադիրքն ի սկզբանե սխալ է ընտրվել: Դրանց անմիջական հարևանությամբ անցնում է համայնքի խմելու ջրագիծը:

Պոչամբարները ոչ միայն ճիշտ վայրում չեն կառուցվել, այլև՝ տեխնիկապես են սխալ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով՝ պոչամբարները չունեն որևէ պաշտպանիչ կառույց: «Փորել են փոս, որ գտնվում է գյուղի վերևում, և դրա միջից ամեն պահի կարող է արտահոսք լինել»,- նշեց նա:

Առկա երեք պոչամբարներից միայն մեկն ունի պատվար, որն էլ իր հերթին տարիներ առաջ ճաքել էր, արտահոսքերը խառնվել էին համայնքի ոռոգման համակարգին ու աղտոտել կարտոֆիլի դաշտերը:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նշեց, որ տեղի բնակիչները բազմիցս ահազանգել են աղտոտման, կենդանիների շրջանում նոր հիվանդությունների ի հայտ գալու խնդիրների մասին: Ըստ նրա՝ բացասական ազդեցությունից չեն խուսափել նաև մարդիկ: «Մարդկանց ձեռքի մեջ նարնջագույն լաքաներ են առաջացել: Մասնագետ բերեցինք, ով ասաց, որ թթուների և ծանր մետաղների ազդեցությունն է: Մարդիկ իրենց կաշվի վրա դա զգացին...», - ասաց նա:

Պոչամբարներից զատ աղտոտման մյուս աղբյուրները «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից շահագործված Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամաս­ն ու արտադրական լցակույտերն են: Ըստ Ինգա Զարաֆյանի՝ Թուխմանուկի ոսկու հանքավայրից դեպի շրջակա միջավայր են տարածվում ոսկու հանույթին ուղեկցող, ծանր և էկոտոքսիկ տարրեր` մկնդեղ, սուրմա, կապար, կադմիում, պղինձ, մանգան, վանադիում, քրոմ, կոբալտ, նիկել, ցինկ, անագ և բիսմուտ, որոնք կուտակվում են Մելիքգյուղ, Ռյա Թազա և Միրաք գյուղերի ու այլ հարակից հողատարածքներում, Հալավար ու Քասաղ գետերի հատակային նստվածքներում: Ինգա Զարաֆյանը մեջբերեց «Թուխմանուկի հանքավայրի գոտու հողերի և գետերի հատակային նստվածքների էկոքիմիական վերլուծություն» աշխատությունը, որը հեղինակել է «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Մինասյանը:

«Այս տարածքն ուղղակի թունավորված է: Ծանր մետաղները չեն ցրվում, եթե մտնում են գետ, նստում են գետի հատակին: Ջրի միջոցով աղտոտումը կարող է անցնել հարակից հողերին, հողից՝ աճեցվող մշակաբույսերին, և ի վերջո սննդային շղթայով կներթափանցի մարդու օրգանիզմ: Փոշի էլ կարող է առաջանալ, երբ պոչամբարը չորանում է: Այդ փոշին տարածվում է քամիների վարդի հետ, և մարդիկ շնչում են այդ փոշին»,- նշեց նա:

Մելիքգյուղի համայնքապետ Դերենիկ Շահբազյանը, սակայն, համաձայն չէ, որ ներկայում շրջակա միջավայրի աղտոտում է տեղի ունենում: «Քանի տարի է՝ չի աշխատում ու չի աղտոտում: Եթե պայմանագրի բոլոր կետերը պահպանեն, աղտոտվածությունը շատ քիչ է լինում»,- նշեց նա:

Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը «Մեգո Գոլդը» պետք է շահագործեր 2012-2040թթ․ընթացքում, սակայն 2015թ. հետո որևէ աշխատանք հանքում չի կատարվել։ Այս մասին է վկայում նաև Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կայքում հրապարակված տեղեկատվությունը, ըստ որի՝ ընկերությունը 2016-2019թթ. արդյունահանում, իրացում ու արտահանում չի իրականացրել։ Իսկ 2019թ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵ) դադարեցրեց ընկերության ընդերքօգտագործման իրավունքն ու լեռնահատկացման ակտը, լուծարեց ընդերքօգտագործման պայմանագիրը։ «Մեգո Գոլդ»-ն իր հերթին բողոքարկել է ՏԿԵ նախարարի այս հրամանը։

Ընկերությունը 2016թ. դադարեցրել էր համայնքապատկան 226 հա մակերեսով տարածքի տարեկան՝ 14 միլիոն 150 հազար դրամ վարձակալության վճարի կատարումը: Վարձավճարի գանձման հայցով համայնքապետարանը դիմել էր դատարան: Արդյունքում՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ընկերությունը 2016թ. սնանկ է ճանաչվել: Իսկ 2019թ. ՀՀ սնանկության դատարանը «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի նկատմամբ լուծարման վարույթ էր սկսել:

Արդեն 2021թ. ընկերությունը սկսել է մարել համայնքի նկատմամբ ունեցած պարտքերը: «ԷկոԼուրի» հետ զրույցում Դերենիկ Շահբազյանը նշեց, որ «Մեգո Գոլդ»-ի սնանկության կառավարիչն արդեն իսկ 52 միլիոն դրամ է փոխանցել համայնքի բյուջե: «Մինչև այս տարվա մայիս ամիս պարտքերը կատարել են: Մնացել է մի 5-6 միլիոն դրամ: Հիմա համայնքների խոշորացում է գնում: Գումարը գնացել է ֆոնդային բյուջե: Խոշորացումից հետո կպահանջենք մեր գումարը և կուղղենք մանկապարտեզի, ճանապարհների կառուցման և գազի անցկացման ծրագրերին»,- ասաց նա:

Հարցին, թե կողմ կլինեն իրենց հանքի վերաբացմանը, Դերենիկ Շահբազյանն արձագանքեց. «Մեր գյուղում այլ աշխատատեղ չկա: Ունենք 1200 բնակիչ: Հիմա կամ Երևան են գնում, բանվորություն անում, կամ մեկնում Ռուսաստան: Իհարկե, զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, բայց բնակչության թիվն ավելի շատ է, քան հողատարածքը: Չի բավականացնում: Երկու հեկտար հողով հնարավո՞ր է ընտանիք պահել: Դաշտավարությունն էլ անջրդի է՝ բնության հույսով: Ցորեն ու գարի ենք ցանում, կամ կլինի, կամ՝ չէ»,- դժգոհեց նա:

Նոյեմբեր 24, 2021 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր