Արագածոտնի մարզում զարկ է տրվում արևային էներգետիկայի զարգացմանը

Արագածոտնի մարզում զարկ է տրվում արևային էներգետիկայի զարգացմանը

«Էներջի Էս Ջի Էյ» ընկերությունը շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի տարածքում 4.81 ՄՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը: Փաստաթղթի վերջին՝ թվով 4-րդ հանրային լսումները նշանակված են նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ին, Թալինի համայնքապետարանի շենքում և նույն օրը՝ ժամը 11։30-ին, Կաթնաղբյուրի համայնքապետարանի շենքում:

Կայանի կառուցման համար կներդրվի 3.3 միլիոն դոլար, շահագործման ժամկետը 25 տարի է: Ըստ հայտի՝ կայանը կզբաղեցնի 4.25 հեկտար տարածք: Նշվում է, որ «ընտրված հողը չունի ոչ գյուղատնտեսական, ոչ էլ այլ որևէ լուրջ արժեք»։

Նախատեսվում է տեղադրել շուրջ 10750 հատ արևային պանել: Պանելների ընդհանուր ծավալը կլինի 860 խմ: Պանելներից գոյացող վտանգավոր թափոնների վերաբերյալ, որն աշխարհում համարվում է արևային էներգետիկայի ամենախոցելի կողմը, հստակ կառավարման պլան չի առաջարկվում, այլ նշվում են հնարավոր տարբերակները.

«Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի զարգացած երկրներում, դեռևս գոյություն չունի արևային կայանների սարքավորումների, մասնավորապես ֆոտոէլեմենտներ պարունակող պանելների և այլ ուղեկցող մասերի՝ որպես թափոնատեսակի, լուծումները։

Քանի որ արևային կայանի պանելները պատրաստվում են տարբեր ֆոտոէլեմենտներ պարունակող (ապակի, պլաստիկ) նյութերից, որոնք իրենց մեջ պարունակում են կապար, քրոմ, կադիում, սիլիցիում և այլն, ուստի դրանց ուտիլիզացիան և վերամշակումը հանդիսանում են հրատապ լուծում պահանջող խնդիր։ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտություն կա մշակելու արևային կայանի գործարկման ժամկետը լրացած և գործածությունից դուրս եկած «արևային» թափոնների՝ պանելների, ֆոտոէլեմենտներ պարունակող արևային սնուցիչների վերամշակման ծրագիր, նաև համապատասխան օրենքի ընդունում՝ հաշվի առնելով առաջավոր զարգացած երկրների փորձը։

Մինչև համապատասխան ռազմավարության մշակումը ընկերությունը նախատեսում է կիրառել հետևյալ տարբերակները․

- հնարավորության դեպքում վերանորոգել և կրկնակի օգտագործել վթարված մասերը,

- ֆոտոէլեմենտներ պարունակող պանելները չթաղել կամ չհավաքել աղբավայրերում, բաց վիճակում,

- վաճառել թափոնների հավաքմամբ զբաղվող այլ կազմակերպությունների՝ ներառյալ արտասահմանյան զարգացած երկրների, որոնք ունեն նման ժամկետանց արևային թափոնների վերամշակման տեխնոլոգիաներ,

- ֆոտոէլեմենտներ պարունակող թափոնները հանձնել էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումներ հավաքող կետերին կամ կազմակերպություններին, նաև արտասահմանյան՝ կազմակերպված թափոնների հավաքագրման նպատակով,

- թափոնները հանձնել այն երկրների կազմակերպություններին, որոնք զբաղված են արևային պանելների արտադրությամբ և որոնցից ձեռք են բերվել ֆոտոէլեկտրոնային արևային պանելները»։

«Էներջի ԷՍ ՋԻ ԷՅ»-ն իր հայտում նշում է, որ «արևային էլեկտրակայանի շահագործման ընթացքում շրջակա միջավայրին որևէ վնաս չի հասցվելու և տնտեսական վնաս չի հաշվարկվում… գործունեության տարածքն արդեն ենթարկվել է անտրոպոգեն ազդեցությունների, քանի որ կայանից մոտ 200 մ հեռավորության վրա գործում են այլ արևային կայաններ»:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն տվեց Արագածոտնի մարզի Թալին համայնքում մեկ այլ՝ «Դիզափայտ» ՍՊԸ-ի 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը: Այստեղ ևս պարզաբանված չէր թափոնների կառավարման հարցը, և «Դիզափայտ» ՍՊԸ-ն առաջարկում էր թափոնների կառավարման նույն տարբերակները, որոնք թվում է «Էներջի ԷՍ ՋԻ ԷՅ»-ն իր հայտում:

Նոյեմբեր 23, 2021 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր