

200 ՄՎտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում «Մասդար» ընկերությունը, Արագածոտնի մարզի Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն, իրականացրել է 320 000 000 դրամի չափով համայնքի զարգացման համար վճարում։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը:
Հաղորդագրության համաձայն՝ նվիրաբերությունը «Մասդար» ընկերության կողմից ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է։ Նվիրաբերված գումարն ամբողջությամբ ուղղվելու է կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն:
Ծրագիրն իրականացնում է Արաբական Միացյալ Էմիրությունների «Մասդար» ընկերության Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից ստեղծված համատեղ ընկերությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2021թ. հոկտեմբերի 28-ի 1777-Ն որոշմամբ «Այգ-1» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում ներդրեց 822,084,793 ՀՀ դրամ արժեքով ՀՀ սեփականություն հանդիսացող 377.4 հեկտար հողամաս:
«Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանը կառուցվելու է Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում: Թեպետ ՀՀ կառավարության որոշման մեջ չի նշվում, թե որ համայնքների տարածքում է 377.4 հեկտար հողատարածքը, ակնհայտ է, որ խոսքը Թալինի և Դաշտադեմի մասին է: Ստացվում է, որ 822,084,793 դրամ կադաստրային արժեքով հողամասերի դիմաց համայնքները ստանում են ոչ համարժեք փոխհատուցում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը դեռ 2019թ-ի դեկտեմբերի 26-ի 1922-Լ որոշմամբ դիտարկում էր ծրագրի իրականացման համար վերցնել 520 հա հողատարածք նվիրաբերության տարբերակով։
«Այգ 1» ծրագրի արժողությունը 174 մլն ԱՄՆ դոլար է: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ծրագրում ունի 15% մասնաբաժին։ Արևային կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թ-ին:
Նոյեմբեր 26, 2021 at 13:38