

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի կողմից շահագործման է հանձնվել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային արևային էլեկտրակայան: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամը կառավարող «Ամբեր Կապիտալ» ՓԲԸ-ն:
Ըստ հաղորդագրության՝ կայանի շինարարական աշխատանքներն իրականացրել է «Էկովիլ» ընկերությունը, ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է «Ամերիաբանկ»-ը։
Էլեկտրակայանի տարեկան ակնկալվող ընդհանուր արտադրությունը մոտ 7.8 ԳՎտժ է, որը համարժեք է 2,000 տնային տնտեսության տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը։ Էլեկտրակայանի աշխատանքի արդյունքում ածխաթթու գազի արտանետումների խնայողությունը կազմելու է տարեկան մոտ 3,200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն կամ 1,000 մեքենա ճանապարհներից դուրս բերելուն: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղական համայնքի համար ստեղծվել է մոտ 100 աշխատատեղ՝ նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանը:
Նշենք, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից։
Նոյեմբեր 25, 2021 at 13:14