

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առաջարկում է վերանայել չսահմանված վայրում աղբ թափելու համար սահմանված տուգանքի չափը: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքագլուխը նշել է, որ ոչ սահմանված վայրում աղբ թափողների հանդեպ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառել: «Հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկություն ներկայացնել՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով նախատեսված տուգանքի չափը վերանայելու համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից ԷկոԼուրին հայտնեցին, որ քաղաքապետն առաջարկում է արդեն իսկ սահմանված տուգանքն առնվազն մի քանի անգամ բազմապատկել:
Աղբը չսահմանված վայրում թափելու տուգանքը ներկայում
Ներկայում Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով չսահմանված վայրում աղբ թափելու համար սահմանված տուգանքի չափը տատանվում է 20-300 հազար դրամի սահմաններում:
Օրենսգրքի 43.1 հոդվածի 3-րդ մասում նշված է. «...3. Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս`
1) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով սպառման աղբ թափելը`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.
2) մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
3) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով.
4) խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում` տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
5) մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
6) մինչև 5 անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
7) 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողի)`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
8) մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.
9) մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը`
առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
10) կենսաբանական թափոններ (կենդանական ծագման պարենային և ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաև անասնապահական, թռչնաբուծական և ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետևանքով առաջացած թափոններ) թափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով»:
Նույն հոդվածի 4-րդ մասում նշված է, որ 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումները ջրային համակարգերում, այդ թվում` ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքների չափերի կրկնապատիկի չափով: Տուգանք է սահմանված նաև տրանսպորտային միջոցից աղբ նետելու համար, որը կազմում է նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկը՝ 25 հազար դրամ:
Լուսանկարը՝ Eco Activists of Yerevan
Մայիս 17, 2022 at 13:54