Սևան խոշորացված համայնքում թափոնների տեսակավորում կիրականացվի

Սևան խոշորացված համայնքում թափոնների տեսակավորում կիրականացվի
Հայաստանում նախատեսվում է թափոնների կառավարման քաղաքականություն ներդնել, որի համար պիլոտային համայնք է ընտրվել Սևան խոշորացված համայնքը: 2022թ. հոկտեմբերի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» քառամյա ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Ծրագիրը կիրագործվի ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Սևան խոշորացված համայնքում ներդնել տեղում թափոնները տարանջատելու և տեսակավորելու համակարգ՝ համայնքին թափոնամաններ ու աղբատար մեքենաներ տրամադրելու միջոցով: Նախատեսվում է հավաքել նաև վտանգավոր թափոններ, այդ թվում՝ մարտկոցներ: Ծրագրի մյուս բաղադրիչով կներդրվի Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ, ըստ որի՝ թափոն առաջացնող ապրանքներ արտադրող կամ ներկրող ընկերությունների համար կսահմանվի վճար՝ ըստ իրենց կողմից արտադրված կամ ներկրված արտադրանքի ծավալի: Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշեց, որ այդ աշխատանքները համակարգելու են նույն արտադրողներից կազմավորված ընդլայնված պատասխանատվության կազմակերպությունները: Նա ընդգծեց, որ այս բաղադրիչի ներդնումը բխում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համպարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (CEPA), որով Հայաստանը պարտավորվել է 2024թ. դրությամբ մշակել «Աղտոտողը վճարում է» և «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության» սկզբունքներին համապատասխան ծախսերի ամբողջական փոխհատուցման մեխանիզմ:

ԷկոԼուրի հարցին, թե Սևանում տեսակավորված թափոնները հետագայում ինչ ճակատագիր կունենան, Հարություն Ալպետյանը պատասխանեց. «Այս ծրագիրը սկզբնաղբյուրում թափոնների տարանջատմանն է ուղղված: Այս ծրագրի շրջանակում Սևանի դեպքում մենք աշխատելու ենք ամբողջ արժեշղթայի դերակատարների հետ, նաև՝ վերամշակողների հետ: Հավանաբար այդ հավաքված թափոնները պահեստավորվելու են Սևան համայնքում, կուտակվելու են մինչև կոնկրետ ծավալներ, հետո գնան Երևան վերամշակման: Սևանում վերամշակման գործարանի կառուցում այս ծրագրով չենք նախատեսում»: Ինչ վերաբերում է վտանգավոր թափոնների հավաքագրմանը կամ հնարավոր վերամշակմանը՝ ծրագրի ղեկավարն արձագանքեց. «Այդ մարտկոցներն ու այլ վտանգավոր թափոններ այսօր գնում են աղբավայր: Մեր երկրում չունենք վերամշակման կարողություններ, գուցե և չունենանք երբևէ: Եվրոպայում մի քանի գործարան կա, որ վերամշակում կամ վնասազերծում է մարտկոցներ: Մի շարք երկրներ չունեն և իրենց պետք էլ չի: Հայաստանում տնտեսապես երբեք արդարացված չի լինի ունենալ մարտկոցների վերամշակման գործարան, բայց դա չի նշանակում, որ չպետք է այս խնդրին անդրադառնալ: Պետք է գտնենք ճանապարհներ նախևառաջ հավաքելու և ապահով պահեստավորելու: Պարսկաստանում վտանգավոր թափոնների վերամշակման մեծ կարողություններ կան: Պետության գործն է ինչ-որ հարաբերություններ հաստատել այլ պետութունների հետ այս հարցում»: 

ԷկոԼուրի այն հարցին, թե արտադրողների նկատմամբ վերահսկողությունն ինչպես է իրականացվելու, Հարություն Ալպետյանը պատասխանեց. «Վերահսկման դերը պետությունն իր վրա է վերցնում: Արտադրողի ընդլայնված պատասխանատվության կազմակերպությունները պատասխանատու և հաշվետու են պետությանը, տարեկան կտրվածքով հաշվետվություն են ներկայացնելու, թե որքան թափոն է հավաքվել և ուղարկվել վերամշակման»: 

Նոյեմբեր 01, 2022 at 15:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր